ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է ՍՏԵՂԾԵԼ Վերջերս անձնական գրապահոցներում փնտրտուքից հետո Պարույր Հայրիկյանը հասկացել է, որ «այնպիսի նյութեր ունեմ, որ դրանք պահել ԱԻՄ-ի տրամադրության տակ՝ անբարեխիղճ վերաբերմունք է ժողովրդի ճակատագրի հանդեպ»։ Պարոն Հայրիկյանը նկատի ունի տեսանյութերի, լուսանկարների ու փաստաթղթերի այն պաշարը, որտեղ գլխավոր գործող անձը, բնականաբար, ինքն է եւ անկախության համար մղած իր պայքարը Մոսկվայում, Աֆրիկայում եւ այլուր։ Երեկ նա որոշել էր այդ պաշարից որոշ «փշրանքներ» մատուցել լրագրողներին, միաժամանակ առաջարկեց «տիրանալ» ամբողջին։ Հանդիպման մյուս առիթը մի հոբելյան էր, որն «իշխանությունների հետ կապ չունի եւ նրանց պետք չէ»։ «30 տարի առաջ այս օրերին մեր ժողովուրդը որդեգրեց ինքնորոշման ճանապարհը, մեր՝ ԱՄԿ-ի ընտրությունն էր դա, եւ սեպտեմբերի 21-ը պետք է նշվի ոչ թե անկախության, այլ հայ ժողովրդի ինքնորոշման օր,- այսքանը տեղեկացնելուց հետո Պարույր Հայրիկյանը պարզաբանեց, թե ինչ կապ ունի սեպտեմբերի 21-ը օգոստոսի 25-ի հետ,- 1973 թվականի օգոստոսին ԱՄԿ խորհրդի 4 անդամներս՝ ես, Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը, Գեղարդում որոշում ընդունեցինք (ինչն իմ առաջարկն էր), որ անկախության հասնելու ամենահեռանկարային ճանապարհը հանրաքվեի համար պայքարելն է»։ Այնուհետեւ ներկայացնելով ԱՄԿ-ի (ավելի ստույգ՝ իր) անցած ճանապարհը, պարոն Հայրիկյանը խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր «մեր երկրի զարգացմանը հետեւում են լուսամուտից», չշփոթել անկախության տոնը (որն է մայիսի 28-ը) ինքնորոշման տոնի հետ (սեպտեմբերի 21)։ Նույն անձանց խորհուրդ տրվեց նաեւ «այլեւս չասել, թե՝ արցախյան շարժումը հանգեցրեց նրան, որ հայ ժողովուրդն ընտրեց ինքնորոշումը որպես անկախության ճանապարհ», քանի որ «դա ստորացուցիչ է մեր ժողովրդի համար եւ այդ գաղափարին մենք տիրացել ենք շատ ավելի շուտ»։ Այս ամենից զատ, Հայրիկյանը հանգստացրեց լրագրողներին, որոնք, հավանաբար, մտավախություն ունեին, թե Հայրիկյանն այս ամառ այլեւս ասուլիս չի տա եւ խոստացավ, որ հաջորդ շաբաթ հանրությանը կլուսավորի, թե «ինչու մեր պատմությունը զարգացավ մեր սպասածից տարբեր ձեւով», թե «ինչպես Հայաստանում սկսեց գործել լրտեսական-գործակալական ցանց», բայց՝ առանց անձերի եւ անունների։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ