Լրահոս
Օրվա լրահոսը

Չսերտվող

Հուլիս 26,2003 00:00

Չսերտվող դասեր Ինչպե՞ս հնարավոր դարձավ սեպտեմբերի 11-ի աննախադեպ ողբերգությունը։ Ինչո՞ւ ԱՄՆ-ի մեկը մյուսից հզոր, փողատար եւ գերնոր սարքավորումներով հագեցած միաժամանակ մի քանի գերատեսչություններ չկարողացան կանխել այդ զարհուրելի ոճրագործությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն արդեն երկու տարի է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակայնությունը հետեւողականորեն պահանջում էր։ Այս ընթացքում, իհարկե, կատարվել են ահաբեկչությանն առնչվող հանգամանքների մանրազնին հետազոտություններ։ Երկու օր առաջ ԱՄՆ Կոնգրեսում հրապարակվեցին «սեպտեմբերի 11»-ի պատճառների հետազոտությունն իրականացրած հատուկ հանձնախմբի երկամյա աշխատանքի արդյունքները։ Հիմնական եզրահանգումը մխիթարական չէ. համապատասխան ծառայությունների փոխհամաձայնեցված եւ համակարգված աշխատանքի դեպքում հնարավոր կլիներ կանխել ահաբեկչությունը։ 900 էջից բաղկացած զեկույցում առկա են մի շարք տվյալներ, որոնք վկայում են, որ դեռեւս 1988 թվականից ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները տեղյակ են եղել Ալ-Ղաիդայի ահաբեկչական խմբավորման ու, մասնավորապես, Բեն Լադենի կողմից ծրագրվող խոշորածավալ գործողության մասին։ «Սեպտեմբերի 11»-ի մասին հատուկ ծառայությունները տվյալներ են ունեցել նաեւ ողբերգությունից մեկ օր առաջ, սակայն ոչինչ չեն կարողացել ձեռնարկել։ Կոնգրեսում շատ խիստ քննադատություն է հնչել երկրի հատուկ ծառայությունների հասցեին։ Ըստ որոշ կոնգրեսականների, ավելի քան 3000 մարդ, փաստորեն, զոհ է գնացել նեղ միջգերատեսչական շահաբախումների, մինչդեռ ազգային անվտանգությանը սպառնացող գլոբալ վտանգների դեպքում այդ կառույցները պետք է համադրեին եւ միասնաբար վերլուծեին հայթայթված ողջ տեղեկատվությունը։ Ինչեւէ։ Հարցն այն է, որ ԱՄՆ-ում հասարակայնությունը, ցուցաբերելով քաղաքացիական նախանձելի գիտակցություն, պահանջել եւ ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իրենց բարձրության վրա են գտնվել նաեւ պետական-կառավարման համակարգի բոլոր այն օղակները, որոնք ի պաշտոնե մասնակից են դարձել վերոհիշյալ հետազոտության անցկացմանը։ Ուսումնասիրվել են բոլոր հանգամանքները, մատնանշվել են պատասխանատու օղակները, եւ, բնականաբար, արվել են համապատասխան հետեւություններ։ Այս համատեքստում ուղղակի անհնար է զուգահեռ չանցկացնելն ու «Հոկտեմբերի 27»-ի թեմային չանդրադառնալը։ Երկրի ողջ պետական համակարգն ու առհասարակ Հայաստանի հասարակայնությանը խորապես ցնցած այդ նողկալի ահաբեկչությունից հետո, քրեական վարույթներից զատ, որեւէ հիմնարար հետազոտություն չի կատարվել։ Հայտնի է միայն ՆԳՆ-ում անցկացված ծառայողական քննության մասին, ինչը, սակայն, ընդամենը մի քանի ցածրաստիճան ոստիկաններ պատժելու նպատակ է ունեցել։ Ինչ վերաբերում է ազգային անվտանգությունն ապահովող մարմնին, ապա այստեղ չի կատարվել անգամ այդ ձեւական քննությունը։ Իսկ եթե անգամ կատարվել է, ապա հասարակությունն այդ մասին տեղյակ չէ։ Մինչդեռ քրեական գործից հայտնի է, որ ԱԱՆ-ում եղել են տվյալներ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ «27»-ի միակ «իշխանական» հետեւությունը կայանում է պետական հիմնարկներում մետաղորսիչ սարքեր տեղադրելու մեջ։ Ցավոք։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել