Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ»

Հուլիս 26,2003 00:00

«ԴԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ» ԱԺ անխոնջ պատգամավոր Արշակ Սադոյանը՝ հարսանիքների եւ քաղաքական հետագա քայլերի մասին Քաղաքական գործիչները եւ պետական պաշտոնյաներն իրենց աշխատանքային բանուգործից բացի նաեւ ընտանեկան եւ կենցաղային հոգսեր ունեն, որոնք յուրաքանչյուրը լուծում է իր հնարավորությունների սահմաններում։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր մոտ մեկ տարի առաջ ձեռուոտ ընկել պատգամավոր Արշակ Սադոյանը, երբ նախապատրաստվում էր որդու հարսանիքին։ Այն ժամանակ պրն Սադոյանը խնդրել էր հյուրերին, որ նվերի ու ծաղիկի փոխարեն գումար տան։ Մոտ մեկ ամիս առաջ ամուսնացավ նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։ Եվ դա նույնպես որոշակի հիվանդագին հետաքրքրություն առաջացրեց, որովհետեւ միշտ էլ հետաքրքիր է փող հաշվել ուրիշի գրպանում կամ նայել, թե ինչ ուտելիք է դրված հարեւանիդ պնակում։ Համենայն դեպս, այն պետական պաշտոնյաները, ովքեր հրավիրված էին հարսանիքին, միաձայն պնդում են, որ նախագահը խստիվ արգելել է նվերներ տանել իր որդու հարսանիքին եւ ասել է, թե ծաղիկից բացի ուրիշ բանով եկողներին պարզապես չի ընդունի։ Հետաքրքրվեցինք նախորդ «նշանավոր հարսանքավոր» Արշակ Սադոյանի կարծիքով։ Բարեբախտաբար, որեւէ վատ բան կամ թթու խոսք չուզեց ասել նախագահի որդու հարսանիքի մասին։ Հրավիրվա՞ծ էր Արշակ Սադոյանը Ռոբերտ Քոչարյանի որդու հարսանիքին. «Ճիշտն ասած, ես հրավիրված չեմ եղել։ Եվ քանի որ այս հարսանիքային պատմություններն ինձ էլ են առնչվում, հիշում եք երեւի, թե իմ տղայի հարսանիքի հետ կապված ինչե՜ր պատմեցին, ինչե՜ր գրեցին։ Երբ որ ուղղակի ծիծաղելի է, թե ո՞նց կարելի էր դա եւս սարքել շահարկման առարկա։ Կարծում եմ՝ հարսանիքը՝ հարսանիք։ Ասեմ նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի տղաների մասին եւ ընտանիքի մասին որեւէ բացասական ինֆորմացիա չեմ լսել։ Ես ինքս կցանկանայի երջանկություն նոր ընտանիքին»։ Հարսանիքից բացի, պրն Սադոյանի հետ քննարկեցինք նաեւ «Ա1+»-ին կապուղուց զրկելու եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ «հիասթափված ենք, բայց հույս ունենք» գնահատականի հետ։ «Ա1+»-ի մասով պրն Սադոյանն արձանագրեց. «շարունակվում է նույն քաղաքականությունը, որն իր հայտարարությամբ վարեց Ռոբերտ Քոչարյանը՝ ձեր մեջ տղամարդ չկա»-ի տրամաբանությամբ։ Իհարկե, մենք բոլորս կատակի էինք վերածում, իրականում, այդ հայտարարության բուն իմաստը հետեւյալն է՝ ես (Ռ. Քոչարյանին նկատի ունի.- Մ. Ե.) ամեն ինչ անելու եմ, որեւէ խնդիր չունեմ, որեւէ զիջման չեմ գնալու, միակ ձեւն ինձնից ազատվելու, ուժային պայքարն է, եթե ձեր մեջ տղամարդ կա, դիմեք ուժային պայքարի, այլ կերպ ես չեմ զիջի։ Եվ, բնական է, այս քաղաքականության շրջանակներում «Ա1+»-ի նորից փակման խնդիրը նույն՝ «տղամարդ չկա» քաղաքականության շարունակությունն է»։ Այնուամենայնիվ, պրն Սադոյանը հուսալքված չէ, նա կարծում է, որ դեռ հնարավորություններ կան, դեռ պետք է պայքարել։ Արդյո՞ք, պրն Սադոյանը նկատի ունի սահմանադրական ճանապարհով պայքարը. «Սահմանադրականն այնքան էլ գեղեցիկ բառ չի հասարակության մտայնության մեջ, կարող եմ ասել՝ մենք ունենք բավական հզոր դաշնակիցներ՝ հանձինս համաշխարհային հանրության, Հայաստանում ունենք ճնշող մեծամասնություն, որը պատրաստ է ոչ թե հրացանային պայքարի, այլ՝ կազմակերպական լուրջ աշխատանքի դեպքում պատրաստ կլինի նաեւ զանգվածային ոչ արյունոտ պայքարի»։ ԵԱՀԿ դիտորդների՝ «հիասթափված ենք, բայց հույս ունենք» գնահատականի մասով Սադոյանը նկատեց, որ նրանք, հավանաբար, նկատի ունեն ՍԴ-ի առաջարկած վստահության հանրաքվեի անցկացումը, որի արդյունքում նոր ընտրություններ կլինեն. «եւ եթե հիմիկվանից նախապատրաստվենք այդ ընտրություններին, նոր ընտրությունները կարող են արդար լինել եւ այդ դեպքում կարելի է շտկել իրավիճակը։ Սակայն, կարծում եմ, ԵԱՀԿ դիտորդները սխալվում են, մեր իշխանությունները կփորձեն խոստումներ տալով ամեն ինչ անել, որ այդ վստահության հանրաքվեն չլինի եւ, փաստորեն, փափուկ բարձ դնելով միջազգային կառույցների գլխի տակ, կփորձեն հինգ տարի վայելել իրենց իշխանությունը՝ մաս-մաս վաճառելով Հայաստան երկիրը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել