Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ Է ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ՀՌԱՀ-Ը ՀՌԱՀ-ն այդպես էլ չի կարողանում հստակ ու որոշակի փաստարկել եւ հիմնավորել, թե ինչո՞ւ էին «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի մրցութային առաջարկներն ավելի վատը, քան նրանց մրցակիցներինը: Փոխարենը համեմատություն է կատարում «Նոյյան տապանի» գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը: – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված է, որ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ ՀՌԱՀ-ը պետք է հաշվի առնի սեփական եւ հայրենական հաղորդումների գերակայությունը: Այդ առումով զիջո՞ւմ էիք Ձեր մրցակցին՝ CNN-ը վերահեռարձակող «ԷՎ» ընկերությանը: – Սեփական եւ հայրենական հաղորդումների գերակայությունն ակնհայտ է մեր փաթեթում: «ԷՎ»-ը խոստանում է 24 ժամ ուղղակի վերահեռարձակել CNN-ը՝ անգլերեն, քանի որ, ինչպես հեռուստաընկերության ներկայացուցիչն ասաց մրցութային փաթեթը ներկայացնելիս՝ «անգլերենն ավելի տարածված է Հայաստանում, քան մյուս օտար լեզուները»: Իսկ մենք առաջարկում էինք 8 ժամ սեփական հաղորդումներ, այսինքն՝ 33% սեփական արտադրանք, նաեւ 16 ժամ վերահեռարձակում, որից 8 ժամի ընթացքում կապահովվեր հաղորդումների համաժամանակյա թարգմանություն, որոնք, ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ արդեն համարվում են հայրենական հաղորդումներ: Այսինքն՝ մենք ապահովելու էինք 16 ժամ սեփական եւ հայրենական հաղորդումներ՝ միայն սկզբնական շրջանում՝ եթերի 70%-ը, «ԷՎ»-ի 0%-ի դիմաց: – Սակայն հանձնաժողովի անդամները պնդում են, թե «ՆՏ»-ի մրցութային փաթեթում ներառված չէին համաժամանակյա թարգմանություն իրականացնելը թույլատրող պայմանագրեր վերահեռարձակվելիք հեռուստաընկերությունների հետ: – Փաթեթում կա՛ պայմանագիր «Դոյչե Վելլե» հեռուստաընկերության հետ, որտեղ ուղղակի նշված է այդ կետը: Անգլիական մի հեռուստաընկերության հետ եւս կար այդպիսի մի պայմանագիր: Բացի այդ՝ համաժամանակյա թարգմանությունն այդպիսի լուրջ իրավական խնդիր չէ, ինչպես ցանկանում են ներկայացնել, այլ ընդամենը տնտեսվարող սուբյեկտների փոխպայմանավորվածության հարց: Եվ սովորաբար վերահեռարձակման համար գումարները վճարում է հենց այն ընկերությունը, որի հաղորդումները պետք է վերահեռարձակվեն, այսինքն՝ նրանք շահագրգռված են, որ իրենց հաղորդումները մատչելի լինեն տվյալ երկրի համար: – Անդրադառնանք օրենքով սահմանված մյուս չափորոշիչին՝ «դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները»: Ամեն անգամ հանձնաժողովը հենց այս չափորոշիչն է պատրվակ դարձնում, թե իբր տեխնիկան եւ ֆինանսները բավարար չեն հայտարարված ծրագրերն իրականացնելու համար: – Դա եւս չի համապատասխանում իրականությանը: Մեր առաջարկի ֆինանսա-տնտեսական բաժինն առավել քան հիմնավորված է. կցել ենք տարիների մեր հաշվեկշիռները, այսինքն՝ այն գումարները, որ մուտք են արվել «ՆՏ», դրանցից մուծվել են համապատասխան հարկեր եւ այլն: Այսինքն՝ հանձնաժողովին ցույց ենք տվել, որ գումարները, որոնք ակնկալում ենք ներդնել հեռուստաընկերության զարգացման մեջ՝ մեր այսօրվա իրական շրջանառությունն են եւ կարիք չունենք լրացուցիչ ներդրումների: Միայն վերահեռարձակում կազմակերպելու համար առանձնապես պետք չեն ներդրումներ: Եվ ինձ համար բնավ զարմանալի չէր, որ առաջարկը ներկայացնելիս՝ մեր մրցակիցն ընդհանրապես չներկայացրեց ֆինանսական մաս: Նրանց հարկավոր է ընդամենը մի հաղորդակ, ընդունիչ ալեհավաք եւ մի քանի սարքավորումներ, որոնց թվային արժեքն ընդհանուր առմամբ կարող է եւ չանցնել 10-20 հազար դոլարից: Այն սարքավորումները, որոնք նշված էին մեր մրցակցի ցանկում՝ մենք արդեն ունենք, քանի որ երբ եթեր ունեինք՝ մենք եւս իրականացնում էինք վերահեռարձակում: Անցած տարվա ընթացքում անցել ենք բացառապես թվային մոնտաժային սարքերի: Եղած տեսախցիկներին ավելացել են նաեւ թվային տեսախցիկներ: Բացի օրենքի պայմաններից՝ շուկան ինքն է թելադրում, որ բարձրացվի հեռարձակման որակը: Մեր փաթեթի մեջ նշել էինք մեր ունեցած բոլոր սարքավորումները՝ տեխնիկական փաստաթղթերի պատճեններով եւ այլն: Տեխնիկական սարքավորումների մասով եւս մեր առավելությունն ակնհայտ է: – Օրենքով նախատեսված վերջին չափորոշիչն աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն է: Վերահեռարձակողի պարագայում այս մասին խոսելն իսկ կարծես ավելորդ է: – Դե, կարող է մի 5-7 հոգանոց աշխատակազմ լինի՝ գովազդային գործակալներ կամ եթերին հետեւելու համար 1-2 տեխնիկներ: «ՆՏ»-ն ներկայացրել էր իր ամբողջ աշխատակազմը՝ անուն առ անուն, աշխատանքային կենսագրությամբ եւ հեռուստատեսային փորձով, մասնագիտական վերապատրաստման մասին փաստաթղթերով: Այստեղ էլ չեմ տեսնում որեւէ կետ, որտեղ կարող էինք զիջել «ԷՎ»-ին: – Փորձելո՞ւ եք դատարանում վիճարկել ՀՌԱՀ որոշման հիմնավորվածությունը, թե՞ այլ ելքեր եք տեսնում: – Ըստ երեւույթին՝ նորից գրությամբ կդիմենք հանձնաժողովին, որպեսզի մեզ բացատրեն մերժման հիմքերը, թե ո՞ր չափորոշիչներով է մեր մրցակիցն ավելի ուժեղ համարվել կամ նրա առաջարկը՝ ավելի համոզիչ: Ըստ այդ պատասխանի էլ կորոշենք, թե հետագայում ինչ ենք անելու: Զրուցեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ