ԳՈՒՄԱՐԸ ՀԱՎԱՔՎԵՑ,ՈՉԻՆՉ ՉՓՈԽՎԵՑ Թիվ 85 դպրոցում դասղեկները տնօրենի պահանջով ակտիվորեն զբաղվում են դրամահավաքությամբ, որի արդյունքում սակայն ավելանում է միայն ժավելի խտանյութը: Քանաքեռի՝ Սամվել Շահմուրադյանի անունը կրող թիվ 85 դպրոցի կոլեկտիվը եւ մի շարք ծնողներ (ի դեպ, խմբագրությունն ունի բոլորի ստորագրությունները) օրերս նամակ էին հղել «Առավոտին», որում մասնավորապես ասվում էր. «Մեր նոր տնօրենի՝ Միքայել Ակինյանի՝ դպրոց մտնելուն պես, դպրոցը նմանվեց եռացող կաթսայի, խախտվեց դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը: Սեպտեմբերին տնօրենը կիսեց փոխտնօրենի հաստիքը ֆիզիկայի ուսուցչուհու հետ, հալածանք սկսեց նախկին փոխտնօրենի դեմ ու նաեւ այն ուսուցիչների, ովքեր նույնիսկ բարեւում էին նախկին փոխտնօրենին: Սկսվեցին դրամահավաքները: Եվ տնօրենը սպառնում էր դասղեկներին, թե ով այդ հարցում իրեն չարդարացնի, կզրկի աշխատանքից: Հետո հրամայեց կրկնապատկել յուրաքանչյուր ամսվա ֆոնդը՝ որեւէ պատճառաբանություն հաշվի չառնելով: Անցյալ տարեվերջին նորոգման նպատակով հավաքվեց 17-հազարական դրամ՝ յուրաքանչյուր դասարանից, կահավորեց, 3 սենյականոց դարձրեց իր կաբինետը: Այս տարեվերջին էլ դասղեկներից պահանջեց 30-40 հազարական դրամ՝ էլի վերանորոգման համար: Գումարը հավաքվեց, սակայն դպրոցում ոչինչ չավելացավ, բացի ժավելի խտանյութից»: Թվով 32 ուսուցիչ եւ գրեթե նույնքան ծնողներ դիմել են նաեւ ԱԺ, ՀՀ նախագահի վերահսկողության վարչություն, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, քաղաքապետարանի կրթության վարչություն, ԿԳ նախարարություն: Ի վերջո, նրանք ստացել են միեւնույն պատասխանն այն մասին, որ քանի դեռ արձակուրդ է, հնարավոր չէ ողջ կոլեկտիվի մասնակցությամբ ժողով կազմակերպել ու քննության առնել վերոնշյալ հարցերը: Վերոնշյալ բոլոր փաստերը չհաստատեց նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության՝ հենց այս դպրոցի տեսուչ Ժորես Կռոյանը: «Հուլիսի 3-ին մենք ստացել ենք կոլեկտիվի դիմումը, իսկ 5-ին վարչության պետի տեղակալի՝ Կուբանյանի հետ կատարվել են որոշակի ստուգումներ»,-նշում է տեսուչը:- «Սակայն ողջ կոլեկտիվի ներկայությունը եւ կարծիքները պարտադիր են, որպեսզի խնդրին օբյեկտիվ հանգուցալուծում տրվի: Օգոստոսին կկազմվեն համապատասխան հանձնաժողովներ ու կանցկացվեն ստուգումներ»: Դպրոցի ֆինանսական ելումուտի, դրամահավաքության փաստի մասին եւս պրն Կռոյանն ահազանգեր ուներ եւ հայտնեց իր անհանգստությունը: Նշենք նաեւ, որ դպրոցների ֆինանսական ստուգումներն իրականացնում է ֆինանսների նախարարությունը, սակայն, ըստ պրն Կռոյանին հասած լուրերի, տնօրենը վերջին պահին «կարգավորել է» իր փաստաթղթերը: Ամեն ինչ ցույց կտան օգոստոսին սպասվելիք օբյեկտիվ ստուգումները: Եվ եթե այս տնօրենի թիկունքում ինչ-որ ուժեր էլ կան (որ նրան թույլ են տալիս այդքան անկաշկանդ գործել), տեսուչի համոզմամբ, ի հայտ կգան որեւէ խախտում բացահայտելու դեպքում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ