ՈՎ ԿՀԱՂԹԻ՝ ԳԱԻ՞-Ն ԹԵ՞ ՈՍԿԻՆ Մեր ունեցած տեղեկություններով, «Հիդրոմասնագետշին» ձեռնարկության սեփականաշնորհման համար «մարտի են ելել» հանրապետական պետավտոտեսչության պետ Իշխան Իշխանյանը եւ «Երեւան» ոսկու շուկայի տնօրենը՝ Թեւոսիկ փաղաքշական անունով։ Ձեռնարկության հզորության եւ, հետեւաբար, շահութաբերության մասին պատկերացում կազմելու համար տեղեկացնենք, որ «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ն մասնակցություն է ունեցել գործող Արփա-Սեւան թունելի շինարարությանը, այժմ իրականացնում է Որոտան-Արփայի շինարարությունը։ Ամեն ինչ սկսվեց ՀՀ կառավարության 19.09.02 թիվ 1487 Ա որոշումից, ըստ որի, ձեռնարկությունն ուղիղ վաճառքի ձեւով որոշվել է սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին։ 2002թ. նոյեմբերի 15-ին կայացած կոլեկտիվի ընդհանուր ժողովն իր համաձայնությունն է հայտնել առ սույն որոշումը եւ նախաձեռնող խումբն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն՝ վճարման հանձնարարագրերը ստանալու համար։ Առայսօր, սակայն, հանձնարարագրերը հասցեատերերին չեն հասել։ Պատճառը՝ վերահսկիչ փաթեթի (51%-ի) շուրջ համաձայնության չգալն է։ Խնդիրն այն է, որ գլխավոր «գաիշնիկը» եւ ոսկու շուկայի տերը շագանակները կրակից հանում են, համապատասխանաբար, գործարանի տնօրեն Հենրիկ Սիմոնյանի եւ «Որոտան-1» տեղամասի պետ Ռաֆայել Հախնազարյանի ձեռքերով։ Վերջինս, ի դեպ, մայիսի 17-ից ազատված է զբաղեցրած պաշտոնից՝ «ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով չորս ամիս շարունակ աշխատանքի չներկայանալու պատճառով»։ Կոլեկտիվն, այժմ երկու բանակ դարձած, պայքարում են իրար դեմ՝ պատճառաբանելով, որ միայն իրենց «ընտրյալը» (միայն Իշխանը կամ միայն Թեւոսիկը) կարող է սեփականաշնորհումից հետո ձեռնարկությունն աշխատեցնել, իսկ «հակառակորդի» նկրտումները բացառապես քանդողական են։ Վերջնական նպատակին հասնելու համար, կոլեկտիվի տարբեր բանակները, տարբեր ճակատներով պայքար են սկսել։ Իշխանյանական տնօրենի կողմնակիցները բողոքներ են հղում ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայություն՝ պատճառաբանելով, թե ժողովը խախտումներով է ընթացել։ Փոխտնօրեն Տիգրան Զարգարյանը (նույնպես պետավտոտեսչության կողմնակից) մեզ հետ զրույցում լուսավորեց խախտումների էությունը՝ «ժողովին մասնակցել են մարդիկ, որոնք, ըստ մասնավորեցման եւ սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքի, իրավունք չունեին կոլեկտիվի անդամ լինելու՝ կապված աշխատանքային ստաժի հետ»։ Ապա, պարոն Տ. Զարգարյանը մանրամասնեց, որ Ռաֆիկ Հախնազարյանը (թեւոսիկական) «ժողովին ներկայացել է 166 լիազորագրով, բանվորների անունից։ Դեռ ժողովը չեղած, մասնաբաժինները չապահոված՝ ինչ-որ մեկն իր մասնաբաժինը զիջել է նրան՝ տնօրինելու-տիրապետելու իրավունքով։ Դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կոպիտ խախտում է»։ Սույն բողոքների հիման վրա ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել ու պարզել, որ «մասնավորեցման գործընթացում տեղ են գտել տարբեր բնույթի թերություններ», որոնք կադրերի բաժնի բացթողումներն են ու պատճառ են դարձել մասնավորեցման գործընթացում թերությունների ձեւավորմանը։ Սակայն, ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են այն եզրակացության, որ մասնավորեցման գործընթացում տեղ գտած թերությունները «էապես չեն կարող ազդել անհրաժեշտ քվորումի պայմաններում եւ օրենքի սահմաններում կայացած աշխատավորական կոլեկտիվի ժողովի արդյունքների վրա»։ Հետեւաբար, «գործընթացը կայացել է ՀՀ գործող օրենքի եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն»։ Ընդհանուր ժողովի նախաձեռնող խմբի 5 անդամներից 4-ը, որոնք, ի դեպ, աշխատանքից ազատված են թոշակի անցնելու պատճառով, դիմել են դատարան՝ պետական գույքի կառավարման վարչության (ՊԳԿՎ) անգործությունը հաստատելու համար։ Դատական բոլոր ատյաններում հայցը բավարարվել է եւ ՊԳԿՎ-ին պարտավորեցվել է տրամադրել վճարման հանձնարարագրերը։ Հունիսի 18-ին ՊԳԿՎ-ի ընդհանուր բաժնում մուտք է արվել ԴԱՀԿ կատարողականը, բայց, ինչպես նշեցինք, վճարման հանձնարարագրերը հասցեատերերին չեն հասել։ Խնդրի առնչությամբ ՊԳԿՎ պետ Դավիթ Վարդանյանի պաշտոնական տեսակետը կներկայացնենք մեր թերթի առաջիկա համարներում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ