ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄԱԼՅԱՆԻՆ Կապուղիների հատկացման հերթական մրցույթի արդյունքների շուրջ Հայաստանի քաղաքական գործիչների քննադատություններին ի պատասխան՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հրապարակավ առաջարկեց իր գործունեությունը քննադատող քաղաքական գործիչներին, որ «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապան»-ին եթեր տրամադրելու համար ԱԺ-ն ընդունի հատուկ օրենք։ «Պարոն Ամալյանն իր այդ ուրույն առաջարկությամբ, որ «Ա1+»-ին կապուղի տրամադրելն առանձին օրենքով կատարվի, յուրօրինակ մի բացահայտում արեց: Գուցե Ամալյանը մինչեւ հիմա կարծել է, թե գործող օրենքը հատուկ արգելք է սահմանել «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու համար»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Այդ դեպքում նա խորհուրդ է տալիս Ամալյանին՝ հարկավոր էր ավելի շուտ դիմել ԱԺ-ին՝ այդ արգելքը վերացնելու համար։ Ըստ Արմեն Ռուստամյանի, եթե Ամալյանը կարծում է, որ քաղաքական գործիչները տեղյակ չեն ներկայացված ծրագրերին, ապա թող պարզաբանի, թե ինչո՞ւ են իրարից խիստ տարբերվում միեւնույն ծրագրին նույն հանձնաժողովի անդամների նշանակած միավորները։ Գործող օրենքը, ըստ Ռուստամյանի, սուբյեկտիվ դրսեւորումների մեծ տեղ է թողնում, եւ շտկելու կարիք կա, ինչի մասին վկայում են նաեւ հանձնաժողովի անդամների՝ վարկանիշային քվեարկության ժամանակ տված խիստ տարբերվող միավորները։ «Հուսով եմ՝ Ամալյանը նրանց նույնպես չի կամենում մեղադրել առանց ներկայացված փաթեթներին նախապես մանրամասն ծանոթ լինելու քվեարկության մեջ»,- ասաց Ռուստամյանը ու եւս մեկ անգամ կրկնեց. «Այնուամենայնիվ, ունենալով գործող օրենքի ընձեռած որոշակի լայն ազատությունը, կարելի եւ անհրաժեշտ էր քվեարկության ժամանակ հաշվի առնել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների պաշտոնատար անձանց, դիտորդական խմբերի եւ փորձագետների՝ այդ հարցով արած բազմաթիվ հայտարարություններն ու հորդորները, ըստ այդմ՝ մտածել նաեւ այդ կազմակերպություններում մեր երկրի հեղինակության ամրապնդման մասին եւ չվտանգել Եվրոպային Հայաստանի ինտեգրվելու սկիզբ առած գործընթացը, որն ավելի կարեւոր է Հայաստանի ապագայի համար»։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի լրատվական բաժին