«Հիվանդացեք ազգի ցավով» Ալեքսանդր Գիվոեւը պատրաստ է լինել հրամանատար եւ վրիժառու, քանի որ առյուծի սիրտ ունի «6 տարի Մայր Հայաստան չէի կարող գալ եւ հայրենիքի կարոտից էներգիաս էր սպառվել: Բժիշկները չէին հասկանում, բայց ես գիտեի, որ հայրենիքի կարոտից է: Անմիջապես եկա Հայաստան: Փարաքար չհասած՝ Հայոց հողը ծնկաչոք համբուրեցի, Նոր-Հաճընի կամրջի վրայից ձեռքերս պարզեցի երկինք եւ վերստացա այն էներգիան ու կամքը, որ դու տեսնում ես այսօր, իմ ժողովուրդ»,- Մոսկվա-Փարաքար-Նոր-Հաճըն անցած իր ճանապարհի ու առհասարակ իր հայրենասիրական զեղումների մասին այս էլ երկրորդ անգամ «Ավանգարդ» թերթում ամբողջությամբ «Հատուկ թողարկում» խորագրով հանդես է գալիս «Ամենայն հայոց կնքահայր» ԱԺ պատգամավորության արդեն նախկին թեկնածու Ալեքսանդր Գիվոեւը: Ընթերցելով այն, չկարողացանք զսպել՝ այն հատվածաբար ներկայացնելու մեր ցանկությունը: Գիվոեւն իր ծավալուն նախընտրական հոդվածում հայ ժողովրդին խորհուրդ է տվել «հիվանդանալ ազգի ցավով», եւ անկեղծանալով բացահայտել է, թե նման հիվանդությամբ տառապելով ինքն ինչ մեծ երազանքներ է ունենում. «Ես երազում եմ երկրաշարժ պատվիրել8230 հայ ժողովրդի հոգիներում»: «Հավատացնում եմ, որ չկա մի ուրիշ ժողովրդի ծառա, ով ավելի շատ սիրի իր ժողովրդին, կամ ում սերը գերազանցի իմ սիրուն, կամ այս խենթությամբ սիրի իր ժողովրդին, ինչպես ես: Իմ տածած սիրո հետ ոչ մի գանձ ու հարստություն չի համեմատվի,- գրել է Գիվոեւը՝ ավելացնելով, թե ժողովուրդն էլ նույն ոգով իրեն է սիրում:- Այդ սերը ես տեսնում եմ շուկաներում, վերնիսաժում, սրճարաններում, նկարիչների շրջանում, եւ ամենուրեք»: Նա նաեւ «ժողովրդի միջից վախը հանելու համար» /չի նշում, թե ինչ վախ- Լ. Ս./ դիմել է «համարձակ քայլի». «Եթերից համարձակ խոսեցի ազգի ցավերից եւ մարդկանց միջից վախը հանելու համար մայիսի 22-ին, 23-ի գիշերը Թումանյան փողոցից Մ. Մաշտոցի փողոց քայլեցի, մինչեւ փակ շուկա ու հետ եկա մինչեւ Թումանյան փողոց: Մայիսի 25-ին /ԱԺ ընտրությունների օրը.- Լ. Ս./ միայնակ մտա վերնիսաժ , եւ բոլորը ինձ քաղաքում կամ Սեւանում տեսնում են միայնակ»: Գիվոեւը նաեւ խոստովանում է, թե ինքը լինելով նման համարձակ, միաժամանակ որքան փխրուն սիրտ ունի. «Լինելով հասարակ մի մահկանացու, զգացմունքային հայրենասեր, որի էմոցիաները եւ արցունքները խեղդում են կոկորդս, երեխայի պես հուզվում եմ անարդարությունից, հաճախ երեխայի պես լաց եմ լինում8230»: Սակայն սա էլ դեռ Գիվոեւ հասարակ մահկանացուի լիարժեք կերպարի նկարագրումը չէ. «Բայց ես ունեմ առյուծի սիրտ եւ եթե որեւէ մեկը համարձակվի անցնել Հայաստանի սահմանները, ես ինքս զենք կբարձրացնեմ, կլինեմ սանիկներիս հրամանատարն ու դատավորը: Ես կլինեմ վրիժառուն»: Հովիվներին ու տերտերներին զենք բռնել ու կռվել սովորեցնելու պատրաստ Գիվոեւը, սակայն, անհանգիստ է «ներքին թշնամիների անտարբերությունից». «Լկտի լպիրշներն ամբիցիաներով ու պարանոյայով հիվանդները, պաշտոնյաները, որոնց մեջ կան թաղապետեր, մարզպետներ, այսօր պետության հզորացման համար ավելի վտանգավոր են, քան արտաքին թշնամին… Իսկ մենք այսօր օճառները ձեռքներիս փորձում ենք մտնել այլ ազգերի սուտի «խառոշիների» հետույքները: Ես հո լա~վ գիտեմ այլազգիներին, սուտի «խառոշիներին», որ շատ ու շատ հայերի ոչ մի բանը չարժեն»: Գիվոեւը գրել է նաեւ, թե իրեն որքան «ցինիկ եւ կիսախելագար, կիսախելոք» մարդիկ են դիմում. պատմում է, թե ինչպես է իրեն դիմել ոմն Արթուր ու խնդրել իր փողերով ուղարկել Ամերիկա՝ նարդու մրցումների: Իսկ մի աղջիկ էլ խնդրել է իրեն իր նշանածի հետ ուղարկել «սանատորիայում հանգստանալու եւ նշանածի պոտենցիան վերականգնելու», որ «հայ ազգին առողջ զավակներ պարգեւեն»: Իսկ երկու «խելոք» աղջիկներ էլ Գիվոեւից գումար են խնդրել, որպեսզի բուժվեն սեռական վարակիչ հիվանդությունից: Պատրաստեց Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆԸ