Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Հուլիս 25,2003 00:00

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ Դա է, ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի, իրավապահների անբավարար աշխատանքի պատճառներից մեկը: «Ես ինքս եմ հանցագործությունների այս շարանը կապել ընտրությունների հետ, բայց ոչ այդքան գռեհիկ եւ ուղղակի ձեւով։ Ես խոսել եմ եւ հիմա էլ կասեմ ստեղծված պահի մասին, ինչ-որ չափով անպատժելիության, ինչ-որ չափով լկտիության աճ, ամենաթողության հույս որոշ շրջանակների մոտ։ Սա, բնական է, նպաստում է նման հանցագործություններին, բայց՝ ուղղակի բաժանում «վետերոկ»ների, բենզակայանների կամ չգիտեմ էլի ինչի՝ դժվար է տեսնել, որովհետեւ այդ վերաբաժանումը տեղի է ունենում միշտ։ Հիմա գուցե քաղաքակիրթ մեթոդներին փոխարինելու են եկել ավելի գռեհիկ, ավելի կոպիտ մեթոդները։ Ի դեպ, կա տարածված տեսակետ, որ իրավապահների մեղքն է։ Իրավապահների մեղքն անպայման կա զգալի չափով, բայց պետք է հասկանալ, մեր վերջին տարիների ընդունած օրենքները դատախազության, ոստիկանության ֆունկցիաների տարանջատման մասով, իսկապե՞ս արդյունավետ են, իսկապե՞ս մենք իներցիայով մի մարմնից չենք պահանջում այն, որին ինքը այլեւս կոչված չէ։ Գուցե մենք չենք նկատում՝ որտե՞ղ է իսկական պատասխանատուն։ Մի կողմ թողնելով քաղաքական, բարոյական միջավայրի հետ կապված հարցերը, զուտ ֆունկցիոնալ իմաստով հենց այդ տեսակի դեպքերն են ցույց տալիս՝ ընդունված օրենքները արդյունավետ են, թե ոչ»,- խոսելով վերջին շրջանում աճած հանցագործությունների մասին, ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը։ Վերջինիս հիշեցնենք, որ իր նմանատիպ կարծիքը բացատրվում է նրանով, որ ՀՅԴ-ն դեռ էն գլխից աչք ունի ուժային կառույցների վրա եւ հիմա փորձում է պահն օգտագործել։ Պրն Հովհաննիսյանը մեզ հետ համաձայն չէր. «Իրենով անելու որեւէ ոլորտ մենք մտադրություն չունենք, թեեւ կադրային լրջագույն փոփոխությունների հետ մենք ոչ միայն համաձայն ենք, այլեւ գտնում ենք, որ դրանք անհրաժեշտ են։ Բայց դուք հարցի ավելի ֆունկցիոնալ դիտարկումից ստանում եք խնդիրը, որը ողջունելի է՝ ավելի գլոբալ մոտեցում է։ Վերջապես սա անվտանգության հարց է։ Անվտանգությունը որպես համակարգ, չգիտես ինչու, մեր հասարակության կողմից ընկալվում է որպես իշխանության անվտանգություն, պետության անվտանգություն։ Պետության անվտանգությունը բաղկացուցիչ մասերից մեկն է, բայց յուրաքանչյուր քաղաքացու, հասարակության անվտանգությունը նույնպես բաղկացուցիչ մաս է եւ՝ ոչ պակաս։ Եվ, վերջապես, այդ ամբողջ անվտանգության համակարգի մշակողը չունենք, անվտանգության խորհրդի հարց է սա»։ Պրն Հովհաննիսյանին հիշեցրինք, որ երկիրն ունի անվտանգության խորհուրդ, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն է, քարտուղարը՝ Սերժ Սարգսյանը։ Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ «ինստիտուցիոնալ չունենք, Սահմանադրությունն էլ չանցավ, Սահմանադրության մեջ ոչ մի տեղ նման մարմնի մասին ոչինչ ասված չէ, ընդամենն ասված է, որ նախագահը իրավունք ունի ստեղծել իրեն առընթեր ինչ-որ խորհրդակցական մարմին»։ Այո, հենց դա էլ անվտանգության խորհուրդն է, նկատեցինք մենք, իսկ Վահան Հովհաննիսյանը՝ «չի հավաքվել քանի տարի, չի աշխատել, չաշխատելն էլ կազմի հետ կապ ունի։ Վերջապես՝ եթե աշխատում է, ի՞նչ, նրա որոշումները նախագահի համար ոչ միայն պայման չէ, այլ նաեւ՝ այդպիսի որոշումների համար սաղմվելու միջավայր չկա։ Սա լավ երեւութ չի։ Իսկ մեր իրավապահները գուցե կկարողանային այդ անվտանգության խորհրդի քննարկումներից ինչ-որ դասեր քաղել։ Խոսքն այն մասին չէ, որ նրանք մասնագիտորեն ունակ չեն, ոչ՝ ունակ են, բայց չի կարելի նրանց կտրել քաղաքական միջավայրից»։ Պարոն Հովհաննիսյանը համաձայն է, որ ուժայինները չպետք է քաղաքականությամբ զբաղվեն, բայց նրանց դարձնել միայն ֆունկցիոնալ՝ «մեկը աղբ է ավլում, մյուսը՝ գող է բռնում», այդպես չի, «հանցագործության դեմ պայքարը շատ քաղաքական իմաստ ունի իր մեջ եւ այդ ծառայություններին քաղաքական միջավայրից կտրելը նրանց թուլացնում է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել