Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԻՆԱԽՆԴՐՈԻԹՅԱՆ ԶՈՀ Է

Հուլիս 25,2003 00:00

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԻՆԱԽՆԴՐՈԻԹՅԱՆ ԶՈՀ Է Այդպես է կարծում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանում կսկսվի Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը, որում մեղադրվում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է, որ այս գործում իշխանությունը քինախնդրական մոտեցում է ցուցաբերում: «Ընթացող գործընթացը որեւէ առնչություն չունի Տիգրան Նաղդալյանի սպանության բացահայտման հետ. քաղաքական հաշվեհարդարի փորձ է, որն ունի համապարփակ բնույթ: Սարքում են հեռուստատեսային շոու եւ, ըստ էության, առանց լուրջ մեղադրանքների ձերբակալում են Արմեն Սարգսյանին»: Ըստ Ս. Սուրենյանցի, Ա. Սարգսյանի ձերբակալման հանգամանքը շատ հստակ էր. «Բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ա. Սարգսյանի միակ մեղքը տվյալ պարագայում այն է, որ նա Արամ Սարգսյանի եղբայրն է, եւ, ըստ էության, ազատազրկվեց եղբոր արտահայտած քաղաքական տեսակետների համար: Ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչպես Մուշեղ Սաղաթելյանը, որը տեսակետ հայտնեց, թե «Հոկտեմբերի 27-ը» կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»: Ա. Սարգսյանին ԱԱՆ մեկուսարանում պահելու փաստը Սուրենյանցը համարում է խորհրդանշական. «Նրան տարան այն մեկուսարանը, որտեղ պահում են Նաիրի Հունանյանին՝՝ ցույց տալու համար, որ ձերբակալել են Ա. Սարգսյանին, ինչը երաշխիքի նոր դրսեւորում էր ոճրագործին,- ասաց Սուրենյանցը՝ ավելացնելով,- Ա. Սարգսյանի դատավարությունը նույնպես նշանակել են այն նույն դահլիճում, որտեղ ընթանում է «27»-ի դատավարությունը: Այսինքն՝ եւ հասարակական կարծիքի մեջ, եւ իրենց պրակտիկ քայլերով փորձում են արհեստական զուգահեռներ տանել այս երկու հանցագործությունների միջեւ»: Սուրենյանցից հետաքրքրվեցինք՝ բավարար ապացույցներ կա՞ն դատարանում ապացուցելու Ա. Սարգսյանի անմեղությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Իրավական տեսակետից մենք լիարժեքորեն դատարանին կարող ենք ապացուցել Ա. Սարգսյանի անմեղությունը: Իհարկե, այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե դատարանն առաջնորդվելու է օրենքով»: Իսկ «Հոկտեմբերի 27-ի» գործում հինգերորդ մեղադրող Կորյուն Փիլոյանի ներգրավման փաստի առնչությամբ «Հանրապետության» քաղխորհրդի անդամն ասաց, թե իրենք դրանում հստակ միտում են տեսնում. «Սա պատահական մարդ չէ. սա այն մարդն է, որն արդեն մեկ անգամ ռեժիմի պատվերը դատարանում շատ հստակ ռեալիզացրել է՝ Մ. Սաղաթելյանի դատավարության ժամանակ: Իսկ եթե հաշվի առնենք, որ քաղաքական իմաստով Սաղաթելյանի գործը կապված է «Հոկտեմբերի 27-ի» հետ, ակնհայտ է, որ ռեժիմի ձեւակերպած, այսպես կոչված, պատվերը պետք է իրականացնի Փիլոյանը»: Ըստ Սուրենյանցի՝ պատահական չէ, որ Փիլոյանը առաջարկում է կրճատել վկաների թիվը՝ դատավարության պրոցեսը վերածելով ֆարսի: Սուրենյանցը նաեւ վստահեցրեց, որ իրենք աշնանը թե ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս վերսկսելու էին իրենց քաղաքական պայքարը, քանի որ Հայաստանում չկա արդարադատության համակարգ: Իսկ ի՞նչ արդյունքների են հասնելու վերսկսկելով այն նույն գործընթացները, որոնք ըստ էության որեւէ ազդեցություն չունեցան: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Սուրենյանցն ասաց. «Բայց այդ մեթոդները բավականաչափ արդյունքներ են տվել. ռեժիմի ռեսուրսներն են սպառվել, ի վերջո, հասարակության ու արտաշխարհի համար ակնհայտ է դառնում ռեժիմի դեմքը… Ակնհայտ է, որ այսօր իշխանությունն իր հիմքում ունենալով խուժանին ու քրեական հեղինակությանը, շատ թուլացած է: Մենք երբեք էլ այս գործընթացը չենք պատկերացրել որպես մի քայլանոց կոմբինացիա»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ Այս հարցազրույցը տալուց հետո Սուրեն Սուրենյանցը բջջային հեռախոսի վրա ստացել է հետեւյալ հաղորդագրությունը. «Գիտենք՝ այսօր հարցազրույց ես տվել «Առավոտին» Սարգսյան Արմենի մասին: Խելոք մնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել