Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵՅԿՅԱՎԻԿ»-«ՓՅՈՒՆԻԿ». ՆԱԽԱԲԱՆ

Հուլիս 24,2003 00:00

«ՌԵՅԿՅԱՎԻԿ»-«ՓՅՈՒՆԻԿ». ՆԱԽԱԲԱՆ Այսօր բացելով մեր թերթը, դուք արդեն կիմանաք Հայաստանի եւ Իսլանդիայի չեմպիոնների մրցամարտի արդյունքները: Իսկ երեկ մեզ հայտնի էր հետեւյալը: «Ռեյկյավիկ»-«Փյունիկ» խաղն Իսլանդիայում սկսվեց տեղի ժամանակով ժամը 20-ին։ Բայց քանի որ Հայաստանին եւ Իսլանդիային բաժանում է ժամային հինգ գոտի, ուստի լատիշ գլխավոր մրցավար Անդրեյս Սիպայլոյի՝ հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչի պահին Երեւանում արդեն հուլիսի 24-ի ժամը 01.00-ն էր։ Հայաստանի լավագույն ֆուտբոլային թիմը մրցավայր է մեկնել հետեւյալ կազմով. դարպասապահներ՝ Նիկոլայ Սարգսյան, Էդել Ապուլա Էդիմա Բետե, պաշտպաններ՝ Արթուր Մկրտչյան, Տուդոր Մարիան Չեչու, Խոսե Անդրե Բիլիբիո, Էդուարդո Ալբերտո Դավիլա, կիսապաշտպաններ՝ Ռաֆայել Նազարյան, Վարդան Մինասյան, Լեւոն Փաչաջյան, Աղվան Մկրտչյան, Կառլ Լոմբե, Միգել Անգել Սիստեռնա, Բալեպ Բա Նդումբուկ, Էդուարդ Պարցիկյան, Ժորա Հովհաննիսյան, Հովհաննես Անտոնյան, հարձակվողներ՝ Իսսա Տրառե, Խուան Պաբլո Պերալտա, Էդգար Մանուչարյան։ Ուշիմ ֆուտբոլասերն, անկասկած, նկատեց, որ հայտավորված ֆուտբոլիստների ցանկում, համեմատած երեւանյան հանդիպման հետ, որոշ փոփոխություններ կան։ Բացակայում են Վալերի Ալեքսանյանի, Ռոբերտ Արզումանյանի, Ռաուլ Օսվալդո Ռուիզի, Արկադի Չիլինգարյանի անունները։ Այդուհանդերձ, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցան մեկնելուց առաջ լրատվամիջոցներին հայտարարել է, թե Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլյուր» ստադիոնում մեր թիմի մեկնարկային կազմում էական փոփոխություններ չի նախատեսվում, չնայած, տասնմեկ ֆուտբոլիստների անունները վերջնականապես որոշելու է վերջին պահին, հանդիպումից մի քանի ժամ առաջ։ Ինչ վերաբերում է «Ռեյկյավիկին», Իսլանդիայի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս անգամ ամենայն հավանականությամբ խաղադաշտ կմտնեն հարձակման օղակի առաջատարներ Գունգլաուգսոն եղբայրները։ Հասկանալի է, որ Երեւանում 0։1 հաշվով կրած պարտությունը իսլանդացիներին հարկադրելու էր սեփական հարկի տակ ապավինել հարձակվողական ֆուտբոլին։ Կասկած չկար, որ մեր մարզիչները դա քաջ գիտակցելով պետք է «հակաթույն» գտած լինեին։ Եվ ճիշտ տակտիկա ընտրած լինելու դեպքում «Փյունիկը» պետք է կարողանար օգտվել դրանից, քանի որ, ի տարբերություն առաջին խաղի, որում իսլանդացիները մտահոգված էին թիկունքն ամուր ու անառիկ պահելու խնդիրներով եւ որն, անկեղծ ասենք, պաշտպանությունը ճեղքելն, իրոք, դժվար էր, այս անգամ դեպի դարպասը տանող ճանապարհներն ավելի ազատ ու անցանելի էին լինելու։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել