60-ամյա սպասում՝ հանուն կոչմա՞ն Ազատ Գասպարյանը ուրախ չէ վաստակավորի՝ իր «ժամանակավրեպ» կոչմամբ Երեւանի պետական երիտասարդական թատրոնի գեղղեկավար Ազատ Գասպարյանին վերջերս է շնորհվել վաստակավոր արտիստի կոչում, ինչը նրան այնքան էլ չի ուրախացրել։ Ա. Գասպարյանը համարում է, որ այդ կոչմանը ինքը պետք է արժանանար դեռ 1977-ին՝ Չարենցի կերպարի մարմնավորման համար։ «Դատեք ինքներդ, ես կարող էի դեռ այն ժամանակ թեկնածուական պաշտպանել հենց Չարենցով։ Մինչ այսօր 34 կինոնկարում, հեռուստա եւ ռադիոթատրոններում բազում կերպարներ եմ կերտել։ Մեծամտություն չհամարեք՝ կարծում եմ, այդպիսով ոչ միայն դոկտորական եմ պաշտպանել, այլեւ նույնիսկ ակադեմիկոս եմ»,- համոզված է դերասանը։ Չնայած դերասանը 80-ականների կեսերին արժանացել է նաեւ ԽՍՀ պետական մրցանակի։ Նա գտնում է, որ իր նոր շնորհված՝ վաստակավորի կոչումը «պարտավորեցնում» է. ի՞նչ է, պետք է մի 60 տարի էլ ապրի, որ ժողովրդականի կոչմա՞ն արժանանա։ «Եթե կոչումը քեզ արտոնություն չի տալիս, էլ ո՞ւմ է պետք»,- միաժամանակ դժգոհում է Ա. Գասպարյանը։ Նաեւ նեղվում է, որ վերջին շրջանում շատ է շահարկվում «արվեստագետ» բառը. բեմում առաջին քայլերն անող 13 տարեկան երեխային էլ գովազդելիս երբեմն արվեստագետ, տաղանդավոր բառերով են մեծարում»։ Ինչ վերաբերում է իրենց թատրոնի դերասաններին. «Ես ու իմ ղեկավարած թատրոնի արտիստները փող չունենք, փոխարենը շնորհք ու պատիվ ունենք։ Իսկ տաղանդավորը իրականում նրանք են, ովքեր եւ փող ունեն, եւ շնորհք»։ Ազատ Գասպարյանին անհանգստացնում է նաեւ իրենց թատրոնի շենքի անմխիթար վիճակը։ Այն այդպես էլ չմտավ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով նորոգվող մշակութային օջախների ցանկի մեջ։ Տարիներ առաջ, իրենց թատրոնում Ռազմիկ Աբրահամյանի «Ո՞ւր ենք գնում» ներկայացման պրեմիերան դիտելու էին եկել նախկին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը եւ Լինսի հիմնադրամի ամերիկյան ներկայացուցիչ Հարութ Սասունյանը։ Վերջինս ներկայացման ավարտին դիմել էր նախարարին. «Այս ներկայացումը՝ ա՞յս թատրոնում»։ Իսկ այդ ժամանակ խոսք անգամ չկար մշակութային օջախների նորոգման մասին։ Չնայած ոչ նորմալ շենքային պայմաններին, թատրոնը մեկ օր իսկ պարապուրդ չի տվել։ Ի դեպ, մեր զրույցի վերջում պրն Գասպարյանը խոսեց նաեւ «աշխարհի կարգից»: Նա համոզված է, որ ամենեւին էլ հարկ չկա վախենալու ոչ գլոբալիզացիայից եւ ոչ էլ համարակալումներից. «Եթե գրագետ լինենք ու այնպիսի համբավ ունենանք արտերկրում, ինչպես խորհրդային տարիներին, ոչ մի Եվրոպա ու Ամերիկա մեր դարավոր պատիվն ու անունը չի կարող արատավորել ու հաշվի կնստի մեզ հետ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ