«ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՑ» ՀԵՏՈ Կուսակցությունների քանակով մենք աշխարհի առաջատարներից ենք Նախագահականի էնդշպիլն ընթացավ «Թագավորական զորագնդի» չթուլացող ճնշման ներքո: Հանրահավաքները, ինչպես եւ 96-ին, կրկին դարձան հակասահմանադրական, ուստի շարքային «եզրայինները» քնքշաբար ուղեկցվեցին միլիցիայի բաժանմունքներ: «Թագադրումը» համեստաբար անցավ կառավարական շենքի կիսադատարկ դահլիճի առջեւ: Ժողովրդին «խանդավառության» չափազանցված դրսեւորումներից զերծ պահելու նպատակով մերձակա փողոցները խնամքով դատարկվել էին անգամ պատահական անցորդներից, իսկ նստավայրը շրջափակվել էր փշալարերով: Բռնապետական նկրտումների արձագանքը դուրս է գալիս ՀՀ սահմաններից: «Նեզավիսիմայա գազետան» տպագրում է Պ. Սկվորցովի «Հայաստանը շարժվում է դեպի դիկտատուրա» հոդվածը (տե՛ս «Իրավունք», ս.թ. 29 ապրիլի): Հանրապետությունում ստեղծված իրավիճակից ելք են փնտրում քաղաքագետները: Հետաքրքիր առաջարկ է անում Սուսաննա Պողոսյանն իր «Պահանջվում է զրոյական տարբերակ» հոդվածում: Համարում է, որ միակ ելքը Սահմանադրական դատարանի նախագահի ժամանակավոր ղեկավարությամբ անցումային տարբերակն է: Եվ որերորդ անգամ աչքաթող արվեց «զանգ կախողի» սակրամենտալ գործոնը: Ուստի անցումային պահը մարեց դեռ չսկսված: Սովորաբար կանխագուշակելի Սահմանադրական դատարանն այս անգամ որոշում է խաղարկել «եւ մեզ, եւ ձեզ» ծածկագիրը, առաջացնելով երկու կողմերի՝ զայրույթի փոխված սկզբնական շփոթվածությունը: Ընկել է Հայաստանի վարկանիշը նաեւ Եվրախորհրդում: Դրա առողջացման դեղամիջոցը հեռուստաէկրանից հնչեցրեց Վահան Հովհաննիսյանը. «Գուցե Ադրբեջանում կայանալիք աշնանային ընտրություններն ավելի խայտառակ անցնեն»: Իր բարձրության վրա չգտնվեց նաեւ ընդդիմության դաշինքը: Ընդհանուրի եւ անձնականի հենց առաջին հակադրման պահից սկսվեց 16-ի կոնգլոմերատի խարխլումը: Չօգնեցին այն փրկելու՝ Գառնիկ Մարգարյանի, Էդուարդ Սիմոնյանցի, Աշոտ Մանուչարյանի ջանքերը եւ Արամ Զ. Սարգսյանի ասպետական վարքը: Ուրախացնում է վերջինիս քաղաքական արագ աճը: Դատելով իր եղբոր նկատմամբ հարուցած կասկածելի մեղադրանքից, այդ աճը հրճվանք չի առաջացնում հակառակ ճամբարում: Հենց սկզբից պարզ դարձավ, որ քվոտա ստացած իշխանամետ կուսակցությունների հետ ԱԺ մանդատների որսի են դուրս եկել օլիգարխները՝ օգտագործելով ոչ միայն մեծամասնական կարգը, այլեւ ներթափանցելով իշխանամետների ցուցակները: Ապարդյուն էր խոհեմ Հրանտ Վարդանյանի՝ «գործարարությունը եւ քաղաքական գործունեությունն անհամատեղելի են» կոչը: Մեծ մասի հարստության «ոտքերից» փչող քրեական բույրը ստիպում է վերջիններիս պատսպարվել անձեռնմխելիության ամրոցում՝ մասնագետների փոխարեն լցնելով ԱԺ-ն կիսագրագետ եւ կիսաբարո զոռբաներով: Հեղինակիս համար անսպասելի մի զուգահեռ: Կես դարից ավելի զայրացել եւ վիրավորվել եմ «մեկ ձմերուկից լավագույնն ընտրելու»՝ վզիս փաթաթած ոչխարացման առթիվ: Համարյա երբեք չեմ մասնակցել այդ շոուին՝ համոզված լինելով 99,99%-ի մեջ: Այսօր ինձ ակամա հարց եմ տալիս՝ ո՞րն էր ժողովրդի ներաշխարհն առավել քայքայողը՝ ա՞յն, թե՞ այսօրվանը։ Քանի որ այն ընտրակարգի դեմ պայքարի հնարավորությունն ի սկզբանե բացառվել էր Ստալինի «արարչական» բազուկով, ապա սովետական ժողովուրդը դասել էր ընտրության օրը մայիսմեկյան տարբերակի շարքը. օրն աշխատանքային չէր եւ եթե արեւոտ էր՝ լեցուն էր համերգներով, զբոսանքով, «մի կտոր հաց» կիսելով: Այսօր ընտրում ենք «նիտրատներով թունավորված» մի քանի ձմերուկից, թեեւ արդյունքը կանխորոշված է: Սակայն հանուն այդ կանխորոշված արդյունքի, ընտրական կառույցների մի ստվար բանակ, առանց մազաչափ խղճմտելու, լպիրշաբար խարդախում է հօգուտ վարձահատույց պատվիրատուի, իսկ հյուծված ու բարոյախաթար ժողովուրդը վաճառում է իր ձայնը ողորմության դիմաց: Խորտակվում է ողջ ժողովրդի բարոյական ներաշխարհը, քանզի խաթարվում է նաեւ նա, ով չի տրվում այդ գայթակղությանը: Ո՞րն է առավել ազգակործանը.8230 այդ դիլեմայի լուծումը թողնում եմ ընթերցողի հայեցողությանը: Փորձենք ի մի բերել մեր նվաճումները. իրավա-սոցիալական անպաշտպանվածություն, երիտասարդության բարոյականությունը խաթարող լայն սպառման «մշակույթ», արտագաղթի գայթակղություն, լկտիացած քրեական տարրերի արյունոտ հաշվեհարդարներ, ֆեոդալների եւ իրենց ժառանգների լպիրշ ու ցուցադրական խրախճանք, իշխանավորներին օրենքով արգելվող գործարարության պարագայում նրանց անբացատրելի հարստություն: Վերջին տարիներին ավելացավ եկեղեցու եւ կառավարության ոչ համարժեք հակազդեցությամբ քաջալերված տասնյակ աղանդների հոգեորսը. առնետների այդ բանակը ողորմություններով ու մեղրածոր «բարեպաշտությամբ» ոչ միայն քայքայում է հոգիները, այլեւ խարխլում ազգային ինքնագիտակցության արմատները. մոլորյալն այլեւս հայ չէ՝ առաջին հերթին եհովական է կամ մորմոն,8230 ապուշության հասնող տափակաբանություններ եւ բացահայտ «գլուխթլոզոց»: Ի՞նչ բթացման է հասել մի ժողովուրդ, որ հանուն իր հավատքի գնացել է Ավարայրի սպանդի: «Խորանում» է մեր անկախությունը:8230 Արդեն անկախացել ենք կապի եւ էներգահամակարգերից, ավիացիայից եւ «Սեւան-Հրազդանից», «Նաիրիտից» ու ԱԷԿ-ից, «անկախացել» ենք օրենքներից ու անտերացել իշխանություններից: Թվում էր՝ համատարած ու եռանդուն այդ աճուրդի շնորհիվ կնվազի մեր արտաքին պարտքը, սակայն, ավա՜ղ, այն աճում է՝ մոտենալով միլիարդին: Եվ ոչ մի հույս, որ նույնիսկ հեռու ապագայում մեզ կհաջողվի դուրս պրծնել վարկատու-ծովահրեշի օձագալար շոշափուկների պիրկ գրկից: Գուցե ամենահեռատեսը Լուկաշենկոն է, որն ամեն կերպ խուսափում է վարկային ստրկությունից: Տանջում է մի միտք. մի՞թե դա է արյունով ձեռք բերված մեր անկախության ֆինալը:8230 Թվում է՝ պահն է, որ անգամ ազգի զոռբաները շանթահար կանգ առնեն ու իրենց հարց տան. «Ու՞ր ենք տանում այս տանջահար երկիրն ու նրա տառապյալ ժողովրդին», եւ քանի դեռ ուշ չէ՝ փորձեն խորհել։ Մեր անվիճելի «հարստությունը»: Այո՛, մենք անհերքելի առավելություն ունենք անգամ ամենախոշոր եւ ամենահզոր պետությունների նկատմամբ: Դա մեր կուսակցությունների հարյուրից անցնող անվանացանկն է՝ մեր ազգային անօտարելի հարստությունը:8230 Կատակ բան չէ. կուսակցությունների թվաքանակով երկու միլիոնանոց մեր հանրապետությունը հպարտորեն գերազանցում է ողջ Եվրոպան, էլ չասենք խղճուկ ԱՄՆ-ն: ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ, ակ ադեմիկոս