Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիստները փոքր ինչ ակտիվացել են

Հուլիս 24,2003 00:00

Տուրիստները փոքր ինչ ակտիվացել են Հայաստան եկող զբոսաշրջիների հոսքը փոքր-ինչ մեծացել է, բայց հիմնականում սփյուռքահայերի հաշվին: Տասնյակ տուրիստական ընկերություններից «Առավոտը» հետաքրքրվում էր Հայաստանում զբոսաշրջության զարգացման իրական պատկերով, պարզելու համար, թե արդյոք այս առումով ի՞նչ շարժ է նկատվում վերջին տարիներին եւ, մասնավորապես, այս ամառ։ «Մենուա» տուրիստական ընկերության տնօրեն Ռուբինա Ղազարյանի արձանագրմամբ, զբոսաշրջիկների հոսքի աճ կա, որը պայմանավորված է ընդհանրապես Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ։ Աճը, սակայն, ըստ նրա, մեծ չէ։ Ռ. Ղազարյանի տվյալներով, արտասահմանում «Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մի քիչ աճել է, բայց, դժբախտաբար, դեռեւս այդ աճը արձանագրվում է սփյուռքահայերի հաշվին։ Դա էլ է աճ. բայց նրանք երկրորդ անգամ գալուց հետո արդեն գալիս են որպես «տան տեր», շատ տուրիստական ծառայություններից չեն օգտվում, տներ են վարձում, ուստի նրանց տուրիստ համարելը դժվար է»։ Այս պատճառով էլ «Մենուան» նախընտրելի է համարում արտասահմանցի, ոչ հայազգի «կլիենտուրային»։ Վերջիններիս մեծ ներհոսքի համար, Ռուբինա Ղազարյանի հաշվարկով, պակասում է «մեծ գովազդները, որոնց կարոտ են դրսում։ Դա չի արվում, պետական միջոցներ չկան, իսկ մենք (տուրիստական ընկերությունները-Ա.ՈՒ.), դժբախտաբար, այդքան միջոցներ չունենք այդ հարցում պետության տեղը գրավելու համար։ Օրինակ, CNN-ում գովազդ պատվիրելը 1-2 ֆիրմայի բան չի, ֆինանսները չեն ների»։ Գովազդի խնդիրը խանգարում է նաեւ «Էդալեքս» ֆիրմայի տնօրեն Արթուր Ալեքսանյանին. «Դրա համար լուրջ միջոցներ են պետք, մասնավոր ընկերությունները չեն կարող ապահովել»։ Բոլորն էլ հավատացնում են, որ մի փոքր աճ նկատելի է։ Բայց, օրինակ, դեպի Հայաստան հոսք «ես իմ ֆիրմայի տվյալներով այդ շարժը չեմ նկատում»։ Պարոն Ալեքսանյանի գնահատմամբ, Հայաստանում մատուցվող ծառայությունների որակն ու արժեքը չեն համապատասխանում իրար։ Ոչ թե դրանք եվրոպականից հեռու են, այլ «նախ եւ առաջ Հայաստանը լավ չեն ճանաչում։ Տեսնելով այդ գները, ցանկություն էլ չեն հայտնում գալու»։ «Էդալեքսը» պետությունից դրամաշնորհ կամ էժան վարկ է ակնկալում։ Ընդհանուր առմամբ, բոլոր ընկերությունների ղեկավարներն էլ շեշտեցին, որ Հայաստանը արտասահմանցիների համար հետաքրքրության արժանի երկիր է. «Պատմական վայրեր ունենք, հետաքրքիր բնություն ունենք։ Մի փոքր տարածության մեջ ալպիականից մինչեւ ամենացածր դաշտային պայմանները կան»։ «Արմենիա Թրավել+Մ», «Մարկ Թրավել» ընկերությունների ղեկավարներն էլ են զբոսաշրջության ակտիվացում նկատում, բայց վերջինի կարծիքով, հիմնականում դեպի Իսպանիա, Հունաստան, Գերմանիա եւ այլ ուղղություններով։ Ուղեւորափոխադրումների վերաբերյալ ավիաընկերությունների տրամադրած տվյալներով դժվար է կողմնորոշվել։ Օրինակ, «Սիրիական ավիաուղիների» մենեջերի խոսքերով, ուղեւորների թիվը դեպի Սիրիա, ավելացել է ամռան սկզբին, բայց հիմնականում ուսանողներն են վերադառնում Սիրիա՝ հայրենիք։ «Բրիտանական ավիաուղիների» մամուլի քարտուղարի տվյալներով, քանի որ գներն ամենաբարձրն են (շուրջ $ 200-250), ուստի արտասահմանցիները հիմնականում Հայաստան գալիս օգտվում են հատկապես այս ընկերության թանկ, բայց անվտանգ ծառայություններից։ «Աերոֆլոտ-Դոնի» տվյալներով, ուղեւորահոսքն աճել է շուրջ 20%-ով դեպի Դոնի Ռոստով, արտագաղթի պատճառով։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել