Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵ՞ՐԸ ՊԻՏԻ ԳՆԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԵՏԵՎԻՑ

Հուլիս 24,2003 00:00

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵ՞ՐԸ ՊԻՏԻ ԳՆԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԵՏԵՎԻՑ Սոցծառայության թղթատարների հերթական զոհը 75-ամյա միայնակ Սեդա Օհանյանը 1-ին կարգի հաշմանդամ է, զրկված տեղաշարժվելու հնարավորությունից: Նրա խնամքն իրականացնում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը: Ամիսը մեկ անգամ նրան այցելում է կազմակերպության բժիշկը, իսկ մեկ այլ աշխատակից երկար ջանքեր էր գործադրում Էրեբունու սոցիալական ծառայության պետին համոզելու, որ միայնակ ծեր կինը պետք է իր բաժին Աղքատության ընտանեկան նպաստն (ԱԸՆ) ստանա, ինչպես նաեւ կենսաթոշակի հավելումը, որը պետությունը սահմանել է 75 տարին լրացածների համար: Սեդա Օհանյանը 14 տարեկանից աշխատանքի է անցել «Նաիրիտ» գործարանում՝ քլորոպրենային կաուչուկի, իսկ հետագայում՝ լատեքսի բաժնում: 20-22 տարի աշխատելու արդյունքում թունաքիմիկատներից ախտահարվել է ողջ օրգանիզմը: Թունավորման հետեւանքով զրկվել է երեխա ունենալու հնարավորությունից: Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից որոշ չափով ապաքինվելուց հետո 34 տարեկանում դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: 1959թ. հիվանդանոցից ամուսիններով նորածին երեխա են վերցնում: «Որոշ ժամանակ անց պարզվեց, որ երեխան հոգեկան հիվանդ է, սակայն խիղճս թույլ չտվեց հրաժարվել նրանից եւ խնամեցի 33 տարի՝ մինչեւ նրա մահը՝ 92թ.: 1974թ. մահացավ ամուսինս եւ ես ստիպված եղա նորից աշխատանքի անցնել «Նաիրիտում»,- պատմում է տիկին Սեդան: Դրան հաջորդած ժամանակահատվածում բազմաթիվ վիրահատություններ է տարել, գրեթե խլացել է, տեսողությունը՝ կտրուկ վատացել: 1994-ից բժիշկները նրան 1-ին կարգի հաշմանդամի կարգավիճակ են տվել՝ փաստաթղթում նշելով՝ «պարտադիր խնամքի տակ»: Սակայն առայսօր պետությունը նրան չի վճարել ոչ դեղորայքի, ոչ բուժման ծախսերի եւ ոչ էլ խնամքի համար: 1999թ. հուլիսից տիկին Սեդային ընդհանրապես զրկել են բոլոր տեսակի թոշակներից ու նպաստներից: Տիկին Սեդայի փաստաթղթերը հարեւանները ներկայացրել են Էրեբունու սոցիալական ծառայության բաժին՝ ԱԸՆ172ն ստանալու հույսով: Մերժել են՝ ասելով, որ քաղաքացին գտնվում է եղբոր աղջկա խնամքի տակ, ինչը փաստարկված է նույն հասցեում վերջինիս գրանցմամբ եւ Ս. Օհանյանի կտակով: Օշականի գյուղապետարանը տեղեկանք է ներկայացրել, որ «չնայած Սուսաննա Օհանյանը գրանցված է Երեւանում, բայց փաստացի 20 տարի բնակվում է այդ գյուղում, խնամքի տակ ունենալով 3 անչափահաս միակողմանի որբ երեխաներ եւ զառամյալ սկեսուր»: Սակայն այս տեղեկանքը նույնպես չի բավարարում սոցիալական ծառայության աշխատակցին: Պահանջում են տեղեկանք ներկայացնել՝ եղբոր աղջիկը նպաստ ստանո՞ւմ է, թե՞ ոչ: Սակայն շարժունակությունից զուրկ կինն ինչպե՞ս պետք է ներկայացնի նրանց պահանջած տեղեկանքները, երբ նույն հարցումը իրենք, սոցծառայողները կարող էին անել: Հաշմանդամ կինը երեք ինֆարկտից հետո ստենոկարդիայի ծանր նոպաներ է անընդհատ ունենում, տառապում է պոլիարթրիտով, որի ցավազրկման համար յուրաքանչյուր ներարկումն արժե 5000 դրամ, երբ նա սնվում է օրը մեկ անգամ հասարակական ճաշարանից բերվող սնունդով: Սոցիալական ծառայության աշխատակիցները պարտավոր էին այցելել 1-ին կարգի հաշմանդամ կնոջը, թղթերի ետեւում տեսնել մարդուն: Տիկին Սեդան ժամանակին ինքն այդ առաջարկն արել է սոցծառայության աշխատակիցներին՝ «եկեք ու համոզվեք»: «Մի օր երկու տղաներ եկան, ներկայացան սոցծառայության աշխատակիցներ, բայց տեսնելով ինձ անկողնային վիճակում՝ շրջվեցին ու հեռացան՝ չարձագանքելով կանչերիս»,- բողոքում է թղթատարների գլխապտույտ կարուսելից հոգնած կինը: Էրեբունու համայնքի սոցծառայության նոր պետը, մեր ներկայացրած փաստարկները հաշվի առնելով, խոստացավ չկրկնել նախորդ պաշտոնակցի անտարբեր մոտեցումը ու Սեդա Օհանյանին վճարել իր բաժին նպաստը: ՄԵՏԱՔՍԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել