Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ ռսի օրհնված ոտի՞

Հուլիս 24,2003 00:00

Ընդդեմ ռսի օրհնված ոտի՞ «Հայկական կամք գոյություն չունի, գոյություն ունի ռուսական կամք, որով էլ Հայաստանը կառավարվում է»,- մեկնաբանելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին հաճախակի դարձած միջադեպերը, այսպիսի դիտարկում է արել Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում։ Քաղաքագետն անդրադարձել է նաեւ ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայերի հայտնի նախաձեռնությանը, որով նախատեսվում է տեղի հայ բնակչության շրջանում Ղարաբաղում վերաբնակվելու քարոզչություն ծավալել։ Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը ողջունել էր ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը։ «Որքան էլ Ռուսաստանը ժխտի, նա ցանկանում է կարեւոր ներքաղաքական սուբյեկտ հանդիսանալ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախաշեմին»,- շարունակում է Գուլուզադեն, համոզվածություն հայտնելով, որ Ռուսաստանն այդպիսով պարզորոշ կերպով Բաքվին ակնարկում է. «Հայերը հարձակվում են, լավ մտածեք»։ Ըստ Գուլուզադեի, վերջին իրադարձություններն ընդհանուր առմամբ այլ բան չեն, քան «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ գործադրվող ռազմաքաղաքական ճնշում»։ Ադրբեջանցի հայտնի քաղաքագետն ամենեւին համաձայն չէ այն պնդման հետ, թե հիշյալ գործընթացները պայմանավորված են նաեւ բուն հայկական շահերով։ «Հայերն ամենեւին շահագրգիռ չեն ներկա փուլում Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները սրելու հարցում»,- նշում է Գուլուզադեն, ասվածը հիմնավորելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու՝ Հայաստանի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների պատրաստակամությամբ։ Գուլուզադեն խորհուրդ է տալիս չթերագնահատել տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու եւ ամրացնելու՝ Ռուսաստանի ձգտումը։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, հյուսիսային հարեւանի շահերն այստեղ լրջորեն վտանգված են, եւ միակ տարածքը, որը գտնվում է Ռուսաստանի լիարժեք ենթակայության ներքո, Հայաստանն է։ «Ռուսաստանի համար Հայաստանը ժողովուրդ չէ ու ոչ էլ ինքնաբավ պետություն, այլ գեոպոլիտիկ ազդեցության տարածություն»,- ասում է Գուլուզադեն, ավելացնելով, որ այդ իրողությունը խոստովանում են «հենց իրենք՝ հայերը»։ Հայաստանում իր քաղաքական ազդեցությունը հետագայում եւս պահպանելու մղումով է նաեւ, ըստ Գուլուզադեի, պայմանավորված Ռուսաստանի կողմից այս հանրապետության տնտեսական հզորությունների հետեւողական սեփականումը։ Այս ամենով հանդերձ, «հայերը հստակ գիտակցում են, որ միակ ելքն այդ դժոխային կյանքից դա Արեւմուտքի եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ի հետ լիարժեք համագործակցությունն է»,- շարունակում է Վաֆա Գուլուզադեն, համոզվածություն հայտնելով, որ դրանից հետո միայն նախապայմաններ կձեւավորվեն իրական հայկական պետականության կայացման համար։ «Իսկ առայժմ հայկական պետություն բնության մեջ գոյություն չունի»,- եզրակացնում է քաղաքագետը։ Վերջինս համոզված է, նաեւ, որ Ռուսաստանի հայերին Ղարաբաղում վերաբնակեցնելու ծրագիրը, որի հեղինակն, ի դեպ, հենց ռուսներն են, ձախողման է դատապարտված։ «Ռուսական խորամանկությունը չի անցնի»,- այս առիթով նշում է նա, վկայաբերելով Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի օրինակը։ Ըստ այդմ, վերջինս այսօր ստիպված է տարաբնակեցնել հրեա վերաբնակներին։ Բացի այդ, Գուլուզադեն վստահ է, որ Կրասնոդարի հայերն իրենք չեն գնա այնտեղ, որտեղից ժամանակին եկել են, քանի որ «չեն ցանկանա թնդանոթի միս դառնալ»։ Պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել