Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմկուսը քանդելը Դարբինյանի նպատակն էր»

Հուլիս 24,2003 00:00

«Կոմկուսը քանդելը Դարբինյանի նպատակն էր» «Արժանավոր մարդկանց դուրս շպրտեց կուսակցությունից, հետո ինքն առոք-փառոք հրաժարական տվեց: Նա՛ քանդեց Կոմկուսը»,- ասում է Էրեբունու ՀԿԿ տարածքային կազմակերպության անդամ Ջուլիետա Ստեփանյանը: Վերջինիս խոսքով, դեռեւս 1997թ. սկսած է Վ. Դարբինյանն իր անօրինական քայլերով պառակտել Կոմկուսը. «Այն ժամանակ նա կենտկոմի երկրորդ քարտուղարն էր ու իր ԿԳԲ-ի «նյուխերով» ուղղություն ու օգնություն էր իբրեւ ցուցաբերում ՀԿԿ-ին: Իր անօրինական քայլերի պատճառով խարխլվեց, քանդվեց ՀԿԿ-ն, որտեղ բացարձակ հաշվի չէին առնում մեծամասնության կարծիքը: Դա էր պատճառը, որ Ստեփան Ստեփանյանը, Ռուբեն Կանդայանն ու Գեւորգ Ղարիբջանյանը լուռ հեռացան կուսակցությունից՝ չցանկանալով խայտառակել Կոմկուսը: Նրանք թասիբ ունեին, որ նման վիճակի մեջ չգցեին կուսակցությանը»,- ասաց Ջ. Ստեփանյանը: Նրա հավաստմամբ, Էրեբունու ՀԿԿ տարածքային կազմակերպության անցկացրած գրեթե բոլոր պլենումներում իրենք քննադատել են ՀԿԿ քարտուղարի պահվածքն ու քաղաքական դրսեւորումները. «Երբ Յուրա Մանուկյանը հեռացավ Կոմկուսից, մենք Դարբինյանին խնդրում էինք ընկեր Մանուկյանին կանչել, որ նա մեր ներկայությամբ բացատրություն տա, թե ինչու այդպես վարվեց: Դարբինյանն ասում էր՝ Յուրան դավաճանել է Կոմկուսին, մենք էլ ասում էինք՝ կանչեք մենք դրանում համոզվենք: Ես հիմա եմ հասկանում, թե ինչու նա դա չարեց: Նորացված կոմունիստ չի լինում ու չի կարող լինել. այդ գաղափարին ինչ տարազ էլ հագցնեն՝ խաբկանք է, սուտ է: Այդ ամենը նա (Վ. Դարբինյանը- Լ. Ս.) արեց, ու հետո երբ ես ընտրություններին Ռոբերտ Քոչարյանին սատարող ելույթ ունեցա, նա հայտարարեց, թե՝ Ստեփանյանն ու իր նմանները դեռ պատասխան կտան: Հարց է, թե ով պատասխան կտա»,- Վ. Դարբինյանին սպառնաց Ջ. Ստեփանյանը՝ վստահեցնելով, թե ինքն իրեն «հասանելիք մեկ ձայնը տվել է Քոչարյանին» ու դրա համար բոլորովին էլ չի փոշմանել: «Ես պատրաստ եմ պատասխան տալ, թե ինչու եմ կանգնել Քոչարյանի կողքին, իսկ դո՞ւք: Դուք ո՞ւմ էիք պաշտպանում: Դարբինյանը պաշտպանում էր Գեղամյանին, իսկ Սանատրուկ Սահակյանը՝ «Արդարությանը»: Կոմունիստները մոլորության մեջ էին: Մեկը չկար, որ մեզ ասեր, թե ում ենք տալու մեր ձայնը: Այսինքն՝ մենք ոչ թե կուսակցություն էինք, այլ որեւէ մեկի ենթակա կամակատարը»,- նկատեց տիկին Ստեփանյանը: Նա վստահեցրեց, թե անկախ ամեն ինչից, ինքը մինչեւ իր կյանքի վերջը հավատարիմ է մնալու կոմունիստական գաղափարախոսությանը, նաեւ տեղեկացրեց, որ Վ. Դարբինյանը «շեղվել» է Արտաշես Գեղամյանի կողմը դեռեւս այն ժամանակ, երբ իր թեկնածությունը հանելու մասին որոշում ու հայտարարություն չէր արել կուսակցությանը: Ըստ նրա, դա է պատճառը, որ ՀԿԿ-ն ԱԺ ընտրություններում ստացավ ընդամենը 2 տոկոս ձայն: «Դրա պատճառն այն է, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր Վ. Դարբինյանը, որի մասին անձամբ ես պլենումի ժամանակ հարց եմ բարձրացրել»,- ասում էր Ջ. Ստեփանյանը: Իսկ ինչ վերաբերում է ՀԿԿ բյուրոյի վերջին նիստին, որի ժամանակ Վ. Դարբինյանը հրաժարական է ներկայացրել, ապա, ինչպես նշեց Ջ. Ստեփանյանը, ՀԿԿ-ն վերստուգիչ հանձնաժողովի անդամներին չի հրավիրել՝ գիտակցելով, որ նրանք Վ. Դարբինյանի դեմ են խոսելու: Սակայն ՀԿԿ երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը «Առավոտին» հայտնեց, թե ՀԿԿ կանոնադրությամբ վերստուգիչ հանձնաժողովի անդամները կարող էին մասնակցել նիստին եւ բոլորովին էլ պարտադիր չէր նրանց անձամբ հրավիրել: Ս. Սահակյանի այս դիտարկմանն ի պատասխան, Ջ. Ստեփանյանն ասաց. «Իրենք մեզ չհրավիրելու բարոյական իրավունք չունեն: Մեզ չեն հրավիրել, որովհետեւ ՀԿԿ բյուրոն նպատակահարմար չի գտել: Իսկ եթե մենք առանց հրավերի գնայինք, ապա կհայտնվեինք Ստեփան Ստեփանյանի եւ մյուսների վիճակում, որոնց տարիներ առաջ չէին թողել ներս մտնել շենք: Իսկ ես ինձ թույլ չէի տա գնալ ու նման անհարգալից վերաբերմունքի արժանանալ»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել