«ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՄԵՋ ՉԿԱ» Վստահ է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով «Ա1+»-ին եթերից զրկելը: -Կոալիցիոն կառավարության երեք անդամներից երկուսը՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, փաստորեն, դատապարտեցին «Ա1+»-ին հերթական անգամ կապուղուց զրկելը։ Ինչո՞վ է պայմանավորված իշխանության մաս կազմող այս երկու քաղաքական ուժերի նման պահվածքը, մանավանդ անկասկած է, որ հենց իշխանության հրահանգով է «Ա1+»-ը շարունակաբար զրկվում եթերից։ – Իհարկե, ձեզ հետ համաձայն եմ եւ կրկնում եմ Արմեն Ռուստամյանի եւ Տիգրան Թորոսյանի տեսակետներն այն մասին, որ թույլ է տրվել սխալ, քաղաքական սխալ, թերեւս՝ նաեւ տնտեսական սխալ, բարոյական եւ այլն։ Այլ հարց է, որ մեզանում անընդհատ այն միտումն է տիրում, թե իբր ամեն ինչ հնարավոր է ուղղորդել եւ ուղղորդվում է իշխանության կողմից։ Եթե անգամ այդպես է, իշխանությունը միշտ էլ բազմաշերտ է, իշխանությունը միշտ էլ բազմադեմ է։ Միշտ չէ, որ նախագահը եւ վարչապետը համակարծիք են (մենք դա հազար անգամ տեսել ենք), միշտ չէ, որ կոալիցիայի կուսակցությունները համակարծիք են, միշտ չէ, որ այս կամ այն պաշտոնյաները համակարծիք են։ Եվ ստացվում է, որ «Ա1+»-ի դեպքում տեղի է ունեցել իներցիոն լուծում, ուղղակի մարդկանց մտքում դա է, որ սրանց եթեր չպիտի տանք։ Բայց՝ ինչո՞ւ, ինչո՞ւ։ Սա ճիշտ բան չի, սխալ բան են արել։ Ես չեմ էլ ուզում ուսումնասիրել՝ ի՞նչ էին ներկայացրել, ի՞նչ ակնկալիքներ կան, ի՞նչ հեռանկարներ։ Ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ եթե դու ունես ընտրություն ինչ-որ մի հրաշքի եւ ընդդիմության միջեւ, դու պիտի ընտրես ընդդիմությունը։ Որովհետեւ ընդդիմությունը քո երկրինն է, իսկ հրաշքը՝ միայն հրաշքի տիրոջը։ – Ուրեմն, Դաշնակցությունն ինչո՞ւ ընտրեց «հրաշքը», երբ հանգիստ կարող էր ընտրել ընդդիմությունը։ – Ես ընտրեցի ընդդիմությունը։ – Իրո՞ք…, ուրեմն հիմա որտե՞ղ եք դուք։ – Ես ընտրեցի օպոզիցիան, ես գտնվում եմ այնտեղ, ուր հատվում են բոլորի շահերը։ Ես շատ դառը քաղաքական ճանապարհ եմ անցել ու հասկացել եմ, որ օպոզիցիան ինքնանպատակ չէ, օպոզիցիայի դեմ պայքարը ինքնանպատակ չէ, եւ կա մի հանգույց, որտեղ խաչվում են բոլորի շահերը։ Եթե դու կարողանում ես այդ հանգույցը ոչ թե Գորդյան հանգույցի պես լուծել սրով՝ «Ա1+»-ը եթեր չպետք է ունենա, այլ կարողանում ես աշխատել դրա վրա, մի քիչ մատներդ տանջել, ուղեղդ տանջել, որովհետեւ դու գիտես, որ այնտեղ բոլորիս շահն է, եթե դու կարողանում ես այդ հանգույցում ինչ-որ դրական բան անել, դու, իհարկե, դառնում ես թիրախ բոլոր կողմերից։ Բայց թիրախ լինելը Դաշնակցության համար բնական, սովորական երեւույթ է։ – Հիմա ամառային մեռյալ սեզոն է եւ, հավանաբար, աշունը խիստ քաղաքական է լինելու։ – Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այս աշունն իսկապես փորձնական է լինելու եւ շատ բան պիտի որոշվի։ Օրինակ՝ բյուջեն։ Բյուջեին մեր վերաբերմունքը կամ շոու է, կամ՝ ուղղակի ինչ պիտի տան, պիտի տան։ Հարկավոր է ռեալ մասնակցություն, իրականում հասկանալ, թե փողը որտեղ է դրված։ Այդ բանը մենք մի քանի անգամ փորձել ենք անել եւ՝ բավական հաջող. նախ՝ հասկացանք, որ կա, երկրորդ՝ հասկացանք, որտե՞ղ է, երրորդ՝ հասկացանք՝ ինչո՞ է սխալ տեղ հոսում։ Այսինքն՝ այդպես չի, որ բյուջեի մեջ դրական փոփոխություններ հնարավոր չի անել։ – Դուք կարեւորեցիք սեպտեմբերը, բյուջեն, կարելի է ենթադրել, որ պայքարի եք պատրաստվում։ – Ինչո՞ւ չէ՝ պայքարենք։ Պայքար բառից չգիտես ինչու վախենում են, կարծում են՝ պայքարը միայն ադրբեջանցիների համար է։ Ո՛չ, պայքարը նորմալ, քաղաքական պրոցես է, պայքարը նաեւ ներկուսակցական պրոցես է։ Միշտ էլ պայքարը խնդիրը լուծելու միակ ձեւն է։ Եվ հետո՝ մինչեւ հունվար ժամանակ ունենք ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու։ Ես առայժմ չեմ տեսնում լուրջ վճռականություն դրանք կատարելու, որովհետեւ եթե քաղաքական մակարդակի վրա դրանք կան, «Ա1+»-ի պատմությունը դառնում է անհասկանալի։ Մեր օպոզիցիան բանտում չի, մեր օպոզիցիան խորհրդարանում բավականին ծանրակշիռ է եւ այլն։ Ուրեմն՝ ոնց է ստացվում, որ այս պայմաններում նման բաներ են տեղի ունենում։ – Դուք իմ հարցը կանխեցիք՝ ո՞նց է ստացվում։ – Վարչապետը դեռ երեկ է վերադարձել, մենք պիտի խոսենք, եթե քաղաքական լուծումն այն է, որ ընդդիմությունը պետք է ավելի բաց դաշտ ունենա ինքն իրեն ներկայացնելու ժողովրդին, ապա ո՞վ է արգելողը։ Պետք է ճշտենք։ Ես վստահ եմ, որ նախագահը ընդհանրապես այս ամենի մեջ չկա, նա դեռ երկրում էլ չի։ – Իսկ եթե պարզվի, որ կա՞։ – Մենք կխնդրենք նրան, որպեսզի վերանայի իր մոտեցումը։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ (Շարունակությունը՝ վաղվա համարում)