«ՈՂՆՈՒԾՈՒԾՈՎ՝ ՌՈՒՍԱՍԵՐ» Իշխանությանը եւ ընդդիմության մեծ մասին միավորող հատկանիշը լիակատար ռուսամետությունն է: Մեր ընդդիմադիրների քննադատության ուժգնությունը պակասում է, երբ խնդիրն առնչվում է Ռուսաստանին: Այս պնդման ապացույցն է, ասենք, բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման պատմությունը. ընդդիմադիրները բողոքի հուժկու ալիք էին բարձրացրել, երբ դրանց սեփականաշնորհմանը մասնակցում էին եվրոպական մի շարք ընկերություններ: Բայց գրեթե ծպտուն չհանեցին, երբ ոչ միայն ԲԷՑ-երը, այլ նաեւ Հայաստանի էներգետիկ հզորությունների շուրջ 80%-ն անցավ Ռուսաստանի տնօրինման ներքո: Կամ՝ որքա՜ն աղմուկ հետեւեց հույներին «ԱրմենՏելի» սեփականաշնորհմանը: Բայց լուր տարածվեց, թե OTE-ն բանակցություններ է վարում այն վերավաճառելու ռուսական մի ընկերության, եւ բողոքողները սպասողաբար լռեցին: Ընդդիմության այս գործելակերպը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք առանձնակի ակտիվությամբ էին հանդես գալիս վերոհիշյալ գործարքների դեմ: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան. «ՀԴԿ-ն իրոք ժամանակին նախաձեռնեց լուրջ շարժում ընդդեմ ԲԷՑ-երի սեփականաշնորհման: Մեզ բացարձա՛կ չէր հետաքրքրում, թե ով է լինելու սեփականատերը: Հիմա էլ ենք նույն կարծիքին, որ հատկապես էներգահամակարգը պետք է տնօրինի միայն պետությունը: Սակայն ԲԷՑ-երը տրվեցին ոչ թե Ռուսաստանին, այլ սեփականաշնորհվեցին մեզ անհայտ ինչ-որ կազմակերպության: Սա այս իշխանության ընդհանուր քաղաքական ուղղությունն է՝ ամեն ինչ վաճառել: Եվ մենք որքան էլ դիմագրավեցինք՝ իրոք չկարողացանք փոխել որեւէ բան: Այդ պատճառով էլ՝ մեզ համար այժմ մի խնդիր է մնացել, իրավիճակից դուրս գալու միայն մեկ ելք ենք տեսնում՝ ազատվել այս իշխանություններից: Այսինքն՝ հիմա նորից «հողմաղացների» դեմ պայքարն անիմաստ է: Միայն իշխանություններից ազատվելու պարագայում կարող ենք իրականացնել մեր ռազմավարական քաղաքականությունը»: Հայկոմկուսի կենտկոմի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյան. «Ժամանակին, երբ կապի ոլորտը սեփականաշնորհվում էր՝ բարձրացրել ենք մեր բողոքի ձայնը: Այդ ժամանակ անգամ չէր նշվում, թե ում պետք է վաճառվի: Հիմա, բնական է, կարող է նույն հաջողությամբ վերավաճառվել ոչ միայն ռուսներին, այլ նույնիսկ թուրքերին: Եվ ժամանակին հենց ազգային անվտանգության խնդիրն էինք արծարծում, որ կարող է լինել նաեւ նման վտանգ: Այս պահին այլեւս անիմաստ է պայքարելը, քանի որ արդեն կայացել են այդ գործարքները: Չարիքը, դժբախտությունը կատարվել էր վաղուց. մենք ընդհանրապե՛ս ենք դեմ սեփականաշնորհմանը: Եվ այսօր էլ ասում ենք՝ անկախ նրանից, թե դրանք որ երկրին կվաճառվեն՝ գտնում ենք, որ ռազմավարական նշանակության ձեռնարկությունները պետք է գտնվեն պետական հովանավորության ներքո»: Ազգային ժողովրդավարների դաշինքի ղեկավար Արշակ Սադոյան. «Ցավոք, շատ քաղաքական գործիչներ հստակ չեն էլ պատկերացնում, թե ինչ է իրական անկախությունը: Ցավոք, մեր վայ-իշխանավորները սկզբում Հայաստանի նյարդային համակարգն ու արյունատար անոթները սեփականաշնորհեցին ուրիշներին, իսկ վերջին շրջանում նպաստում են, որ երկրի ուղեղն էլ վաճառվի՝ հանձին ԱԺ ընտրությունների ընթացքում դրսեւորված ֆինանսական կախվածության: Կորսվում են երկրի՝ որոշումներ կայացնելու իրավունքը եւ իրական անկախությունը: Ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններում ինքնուրույն կառավարելու հնարավորության խնդիրն ամենասուր ձեւով է դրված եւ, այս տեսակետից, մեր ոչ լեգիտիմ իշխանությունները տանում են, ցավոք. ամենավնասակար քաղաքականությունը: Իհարկե, ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք ողնուծուծով ռուսասեր են եւ ունեն ռուսական կողմնորոշում: Բնական է՝ նրանց արձագանքներն այս գործարքներին համապատասխան կլինեն: Բայց ինչ վերաբերում է անկախության կարեւորությունն ու արժեքն իրոք հասկացող ուժերին՝ նրանք երբե՛ք չեն կարող տարբերակված մոտեցում ցուցաբերել ռուսների եւ այլ ազգերի միջեւ: Որեւէ նշանակություն դա չունի. առավել եւս, որ խոսքը հաճախ ոչ թե Ռուսաստանի, այլ այդ երկրում տնտեսվարող սուբյեկտների մասին է: Կուզենայի հատուկ շեշտել՝ անձամբ ես եւ մեր կուսակցությունը դատապարտում ենք բոլո՛ր այն գործարքները, որոնք կայացվեցին ի վնաս եւ ի կործանումն Հայաստանի Հանրապետության: Նկատի ունեմ՝ տխրահռչակ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, նաեւ Ատոմակայանը ֆինանսական կառավարման հանձնելու խայտառա՛կ որոշումը, որը ոչ այլ ինչ է, քան ուղղակի ամբողջ Հայաստանը կախվածության մեջ դնել ռուսական տնտեսվարող սուբյեկտի «բարյացակամությունից»: Եվ դեռ սկսել են խոսել «Սեւան-Հրազդան» կասկադը ռուսներին հանձնելու մասին: Նման հարցերի լուծումն իրեն հարգող ժողովուրդն ու պետությունը չէր կարող զիջել օտարին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ