Անձրեւ, անձրեւ, ե՛կ, ե՛կ «Վալենսիա» ընկերությունն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիան համատեղ անցկացնում են «Արեւային անձրեւ» խորագրով երգի-պարի հանրապետական մրցույթ-ստուգատես։ Մրցույթը մեկնարկել է հունիսի 14-ից եւ կփակվի սեպտեմբերի 6-ին։ Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանը պնդում է, որ «մեր քյարը մրցույթից Երեւանում նստած՝ հանրապետության ողջ տարածքում շնորհքով երգիչ-երգչուհիներին, պարող- պարուհիներին հայտնաբերելն է»։ Եվ սա այն դեպքում, երբ, ըստ պրն Մովսիսյանի, «Ջրաշխարհը դրա վրա լուրջ փող ա աշխատում»։ Լ. Մովսիսյանը նաեւ խոստովանում է, որ 4 ամիսների տքնաջան աշխատանքի դիմաց Հայպետֆիլհարմոնիային վճարվելու է ընդամենը 380 դոլար, որից իրենց յուրաքանչյուր աշխատողի բաժին կհասնի ընդամենը 3-4 հազար դրամ։ Փոխարենը, կողմերի միջեւ կնքված պայմանագրով Հայպետֆիլհարմոնիայի համար 1000 դոլարանոց տույժ է նախատեսված, եթե վերջինս չկարողանա «տեղավորվել» ժամկետների մեջ եւ կազմել այնպիսի ծրագիր, որը «Վալենսիայի» սրտով կլինի։ «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր կատարող պետք է նախօրոք վճարեր 20 դոլարին համարժեք դրամ, բայց, ինչպես մյուս գումարների, այնպես էլ սրա հետ, «Հայպետֆիլհարմոնիան գործ չունի։ Մենք մեր գրոշների տերն ենք։ Հավաքված գումարը Ջրաշխարհինն է, որովհետեւ իրենք են բեմահարթակ տրամադրում, գովազդ ապահովում»,- պատմում է Լ. Մովսիսյանը: Նրա կարծիքով, «Արեւային անձրեւը» «խիստ դեմոկրատական կոնկուրս է», դրանով պայմանավորված՝ նախ մրցույթի հայտատուների քանակն է անսահմանափակ եղել, եւ հետո տարբեր ժանրերի կատարողներ մրցել են միմյանց հետ (՞)։ Ի դեպ, արդեն տեղի է ունեցել «Արեւա յին անձրեւի» 5 համերգ եւ ավարտվել է առաջին փուլը։ 18-25 միավոր հավաքած բոլոր մասնակիցներն էլ ճանաչվել են առաջին փուլի հաղթողներ ու հնարավորություն ստացել իրենց «պայքարը» շարունակել երկրորդ փուլում։ Ինչպես բոլոր մրցույթներում, այստեղ եւս բողոքարկողներ կան։ Լ. Մովսիսյանից տեղեկացանք, որ նման երեք դիմում է ստացվել։ Օրինակ, Սոնա Հակոբյանն ու Սամսոն Պալյանը դժգոհ են իրենց միավորներից, ուստի պահանջել են կրկնակի լսում նշանակել (Ս. Պալյանն, ի դեպ, «Դո-Ռե-Մի» մրցույթի հաղթող է): Բոլոր դիմում-բողոքները, բնականաբար, գրվել են ժյուրիի նախագահի՝ Նունե Եսայանի անունով։ «Առավոտի» այն հարցին, թե ինչու է ժյուրիի նախագահ ընտրվել Նունե Եսայանը եւ ոչ, օրինակ, Ջազային-էստրադային քոլեջի տնօրեն Ակսել Բակունցը կամ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը, Լ. Մովսիսյանը պատասխանեց. «Դե, Նունեն ինչ-որ մի տեղ սիրված անուն ա։ Համ էլ, որ Խանամիրյանը տարիքով մեծ էր, մտածեցինք՝ իր փոխարեն ջահել մեկը լինի»։ Այժմ ժյուրիի երիտասարդ նախագահին մնում է ամփոփել եւս մի քանի համերգ ու հաղթողները կպարգեւատրվեն 1000, 500, 300 եւ 200 դոլարանոց մրցանակներով։ Մեր մտահոգությանը, թե որքանո՞վ օբյեկտիվ կլինեն ժյուրիի անդամները իրենց գնահատականներում, Լ. Մովսիսյանը պատասխանեց. «Ժյուրիի անդամներին մոտենալը դժվար է, բայց չի բացառվում, օրինակ, Խանամիրյանին ճանաչողները զանգեն ու խնդրեն, որ մի հատ 4 դնի»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ