Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՉԱ, ԲԱՅՑ ԿԱՄԱՑ

Հուլիս 23,2003 00:00

ՃՉԱ, ԲԱՅՑ ԿԱՄԱՑ Ի՞նչ են առաջարկում հայաստանյան կանացի պարբերականները ամոթխած հայ կանանց «Ես սիրահարվել էի մի երիտասարդի, սակայն համարձակություն չունեցա ասել նրան իմ սիրո մասին: Նա ամուսնացավ, իսկ ես մինչեւ հիմա տառապում եմ»։ «Սերը կանցնի, կիրքը կանցնի, երեխաները կմեծանան, բայց մարդու՝ ֆռթացնելով թեյ խմելու սովորույթը կմնա»: «Կուզենայի քո կյանքում լինեի սառնորակ գետակ, որ թարմացնեի ծարավ ափերդ, բայց ոչ թե վարար գետ, որ սրբում, տանում է ամեն ինչ»: «Սերը մի ծաղիկ է, որը կբացվի, հետո կխամրի, հաջորդ գարուն՝ նորեն կծաղկի»: Սրանք հատվածներ են կանանց համար տպվող հայկական պարբերականներից: Դրանք քիչ չեն: Եվ հավակնում են հայ կանանց համար փոխարինել նմանատիպ ռուսալեզու՝ «Լիզա», «Կոսմոպոլիտեն», «Օնա» եւ այլ զվարճալի, հատուկ կանանց համար նախատեսված մամուլին: Հասկանալի պատճառներով իրենց ռուս «գործընկերուհիներին» հայկական պարբերականները եւ տպաքանակով, եւ որակով (ընդ որում՝ ոչ միայն տպագրական), եւ արծարծվող հարցերի բազմազանությամբ բավականին զիջում են: Սակայն պիտի խոստովանել, որ կանանց համար տպագրվող մեր ամսագրերում էլ բավականին ընթերցելու բան կա: Հատկապես բազմազան է «Նե» ամսաթերթը: Թերթի 28 էջերը (չհաշված որպես ներդիր ծառայող «Նե եւ Նա» անունը կրող 8-էջանոց հավելվածը, որում տեղ են գտնում բավականին հաջողված պատմվածքներ) բազմազան լինելու հնարավորություն տալիս են: Գովելի է նաեւ այն փաստը, որ «Նե»-ում գերակշռում են օրիգինալ եւ ոչ թե ռուսական մամուլից թարգմանաբար արտատպված նյութերը: Ամսաթերթի հեղինակների թվում քիչ չեն հայտնի եւ վաստակաշատ լրագրողները: Ամսաթերթի գինը բավականին բարձր է՝ 800 դրամ, իսկ տպաքանակը՝ ընդամենը 2000 օրինակ: Սակայն, ասենք, հայոց թագուհիների կենսագրությանը ծանոթանալու, բազմակնության պատմությանը տեղեկանալու, Պիկասոյի նախընտրած ուտեստների բաղադրատոմսերը յուրացնելու եւ սիրո մասին անթիվ-անհամար մտքեր, հայտնի ու անհայտ պատմություններ կարդալու համար արժե ունենալ այս գունազարդ ամսաթերթը: Իսկ սիրո (նույն ինքը՝ Կնոջ) մասին Ռաֆայել Նահապետյանի պատմվածքը կամ այդ նույն սիրուն ուղղված Վարուժան Նալբանդյանի հայացքներին ծանոթանալը հաստատ ժամանակի անտեղի վատնում չի լինի: Շատ ավելի փոքրամասշտաբ եւ հետաքրքրությունների ավելի նեղ շրջանակ ապահովող պարբերական է «Ճիչը», որի պարբերականությունը եւ տպաքանակը նույնպես նեղ շրջանակների համար է՝ քանի որ թերթի վրա նշված չէ: Այստեղ գերիշխում են սիրողական մոտեցումները՝ հատկապես պատմվածքներում ու ոտանավորներում: Բայց դա էլ իր հմայքն ունի: Կարդալ անկեղծ եւ ապրված զգացողությունների մասին, թեեւ մի փոքր անտաշ գրված՝ մի՞թե հետաքրքիր չէ: Կամ ուրիշ որտե՞ղ դեռահաս աղջիկները կարող են բարձրաձայնել իրենց սիրային տվայտանքների, անլուր տառապանքների մասին, ճչալ՝ «Ես նրան սիրում էի, բայց նա գնաց», եթե ոչ՝ «Ճիչ» թերթում: Եվ ուրիշ որտե՞ղ նրանք կարող են տպագրել իրենց ռետուշ չարված լուսանկարները՝ հեքիաթի արքայազնին հմայելու ցանկությամբ: Այստեղ կան նաեւ ծանոթությունների հայտարարություններ, երջանիկ լինելու բանաձեւեր, խորհուրդներ սիրահարված կամ սիրահարվելու բուռն ցանկություն ունեցող կանանց եւ աղջիկներին: Չմոռանանք նշել, որ այս ամենը, որ տեղավորվում է 15 էջում, ընդամենը 140 դրամ արժե: «Ճիչի» խմբագրակազմը հրատարակում է նաեւ «Երկուսով» կոչվող բրոշյուրը: Ա՜յ սա գործ է: 200 դրամով կարելի է ծանոթանալ սիրո վեց փուլերին, հիմնովին հիասթափվել ընտանիք կազմելու գաղափարից, իմանալ, թե ինչ է պետք անել ամուսնության նախօրեին եւ, ի վերջո, տեղեկանալ կանանց օրգազմի գաղտնիքներին: Ավելին, կարելի է գտնել ձեր ճաշակին համապատասխան ընկեր, որոնց ծանոթության հայտարարություններով ողողված է այս բրոշյուրը, եւ տեղեկանալ ձեր ծաղկային հորոսկոպին: Կանանց վերաբերյալ պարբերականների շարքին կարելի է դասել նաեւ «Բարեկամ» եւ «Տնային առողջարան» թերթերը, որոնք լույս են տեսնում, ամենայն հավանականությամբ, երկշաբաթյա պարբերականությամբ: Սրանք եւս երկվորյակ-պարբերականներ են, տպագրվում են նույն խմբագրակազմի կողմից: Երկուսն էլ արժեն 150 դրամ: «Բարեկամի» տպաքանակը 1070 է, իսկ «Տնային առողջարանը» տպվում է 2400 օրինակով: Այս թերթերը հիմնականում ավանդական բժշկության եւ տնային պայմաններում բազում հիվանդություններ (այդ թվում՝ սեռական) բուժելու կամ կանխարգելելու տարբերակներ են առաջարկում: «Բարեկամում» նաեւ հետաքրքիր ուտեստների եւ կոկտեյլների բաղադրատոմսեր կան, երիտասարդ մնալու տիբեթյան գաղտնիքներ, դիմակների տարբերակներ, թեսթեր, խաչբառեր: Մի խոսքով՝ ամենաիսկական ժամանցաթերթ է: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել