Խնայողություն՝ ուրիշի կյանքի հաշվին 3,5 տարի ուշացումով մարզպետարանը պետք է հատուցի մարդու առողջությանը հասցրած վնասը Երեւանի բնակիչ Արտավազդ Սահակյանը հայցադիմում էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, սակայն գործը վարույթ ընդունած դատավոր Ալվարդ Հունանյանն անհասկանալի պատճառներով անվերջ ձգձգում էր դատաքննությունը: Լոռու մարզպետարանի անգործության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին հայցադիմումը Ա.Սահակյանը Արաբկիրի առաջին ատյանի դատարան էր ներկայացրել 2003թ. մարտի 24-ին: Դատավոր Ա. Հունանյանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել նույն թվականի հունիսի 2-ին, այսինքն մոտ երկուսուկես ամիս հետո: Մինչդեռ, նշված ժամկետում դատարանն արդեն պետք է ավարտեր գործի քննությունը: Նշենք, որ ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ կետի, հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Տիկին Հունանյանի ասելով, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը կայացվել է օրենքով նախատեսված ժամկետում եւ որոշման թվագրությունը սոսկ համակարգչային վրիպակի արդյունք է: Հայցադիմումը վերադարձնելու պատճառաբանության մեջ նշվում է, որ Արտավազդ Սահակյանը դատարանին չի ներկայացրել հայցը հիմնավորող որեւէ ապացույց: Դատավորի որոշումը բողոքարկվեց դատարանի նախագահին, վերջինս, Ա. Սահակյանի ասելով, խոստացավ 10 օրվա ընթացքում քննության առնել հայցը: Բողոքարկվելուց հետո հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ոչ միայն վերանայվեց, այլեւ վճիռը կայացվեց հօգուտ հայցվորի: Ընդ որում, նույն դատավորը՝ Ա. Հունանյանը լիովին բավարարեց հայցվորի պահանջը ի սկզբանե ներկայացված կից փաստաթղթերի շրջանակում, որի մասին հայցը մերժելու որոշման մեջ տիկին Հունանյանը նշել էր. «Արտավազդ Սահակյանը դատարանին չի ներկայացրել հայցը հիմնավորող որեւէ ապացույց»: 2000թ. մարտի 25-ին Արտավազդ Սահակյանի դուստրը` 14-ամյա Նատալյա Սահակյանը ծանր մարմնական վնասվածք էր ստացել Արտավազդ Սահակյանի հետ, վերջինիս ընկերոջ` Գագիկ Ասլանյանի մեքենայով Լոռու մարզի Ձաղիձոր-Մարց ճանապարհահատվածով անցնելիս: Ճանապարհի եզրին գտնվող ժայռից ժայռաբեկորն ընկել էր մեքենայի վրա, կոտրել այն եւ վնասել աղջնակին: Կոտրվել էր Ն. Սահակյանի գանգոսկրը եւ նա 5 օր անգիտակից վիճակում է գտնվել: Վիրահատության շնորհիվ աղջկա կյանքը փրկվել էր: Աղջիկը ենթակա է եւս մեկ՝ պլաստիկ վիրահատության: Ինչպես նշեց տուժողի հայրը, պատահարից հետո աղջիկը անգամ տառերն է մոռացել եւ ի վիճակի չի եղել եւ չէ իր տարեկիցների հետ ուսումը շարունակել հանրակրթական դպրոցում: Դատարան ներկայացած մարզպետարանի ներկայացուցիչներն ի վերջո ընդունեցին, որ իրենք պատասխանատու են ճանապարհահատվածի անվտանգ երթեւեկության համար: Դատարանն ամբողջությամբ բավարարեց հայցապահանջը. վճիռը չբողոքարկվելու դեպքում՝ դատարանը պարտավորեցրեց 405 հազար վճարել հայցվորին պատճառված վնասի համար` տրանսպորտի, դեղորայքի, սննդի եւ այլ ծախսերի դիմաց: Հօգուտ մեքենայի տիրոջ` Գագիկ Ասլանյանի, հասցված վնասի դիմաց մարզպետարանից պետք է գանձվի 420 հազար դրամ: ՍՈՆԱ ՄԱՇՈՒՐՅԱՆ www. hetq.am