Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» հրապարակո՞ւմ է անձնական հեռախոսազանգերը

Հուլիս 23,2003 00:00

«ԱրմենՏելը» հրապարակո՞ւմ է անձնական հեռախոսազանգերը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց լրագրող Ռուզան Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «ԱրմենՏել» եւ «Թելեպլաս» ընկերությունների։ «ԱրմենՏելի» ներկայացուցիչ Նվեր Սերոբյանը հայտարարեց. «ընկերությունը գտնում է, որ գործել է պահպանելով ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կանոններով»։ Հարցերի պատասխաններից տպավորություն ստեղծվեց, թե ծառայություններ մատուցողը «Թելեպլասն» է եղել (ինչը նախորդ գործով արմենտելցիները համառորեն հերքում էին)։ 15 րոպեանոց ընդմիջման ընթացքում «Թելեպլասի» ներկայացուցչի հետ ճշտելով, «ԱրմենՏելի» ներկայացուցիչը մի կերպ հստակեցրեց, որ «ԱրմենՏելը» ծառայություններ մատուցողն է, «Թելեպլասը»՝ դրանք պատրաստողը»։ Ի դեպ, «ԱրմենՏելի» ներկայացուցիչը հրաժարվեց դատարանին երկու ընկերությունների միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել, դա գաղտնիք որակելով։ Մինչդեռ նմանատիպ նախորդ գործով պայմանագիրը ներկայացվել է դատարան։ Հարց ու պատասխանից մի կերպ ճշտվեց, որ «ԱրմենՏելը» նախապես չի ծանոթացել նույնիսկ գովազդային հոլովակներին, անգամ անտեղյակ է մատուցվող ծառայությունների բնույթին, քանզի, ըստ վերոնշված «գաղտնի» պայմանագրի՝ «դա «Թելեպլասի» գործն է»։ «ԱրմենՏելի» գործը փող հավաքելն է՝ սպառողի հետ պայմնագրում չնշված ծառայության համար: Այսպես, հայցվոր Ռուզան Խաչատրյանի հետ «ԱրմենՏելը» պայմանագիր է կնքել, որում հստակ նշված է՝ «հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար»։ Պայմանագրում որեւէ ակնարկ չկա հավելավճարով կամ որեւէ այլ ծառայությունների մասին։ Իսկ «ԱրմենՏելի» ներկայացուցիչ Նվեր Սերոբյանը դատարանում պնդում էր, որ դրանք եւս հեռահաղորդակցության ծառայություններ են։ Նկատենք, որ «Թելեպլասի» եւ «ԱրմենՏելի» միջեւ պայմանագիրը կնքվել է 2003թ. մարտի 3-ին։ Ստացվում է, որ Ռ. Խաչատրյանի հետ կնքված պայմանագրով նա պարտավորություն է ունեցել նաեւ դեռեւս գոյություն չունեցող ծառայությունների համար։ Ավելին, հայցվորի պաշտպան Զառա Դանիելյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստի ժամանակ «ԱրմենՏելի» ներկայացուցչի ձեռքին են եղել հայցվորի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնք նաեւ հրապարակվել են։ Թե ինչ իրավունքով է դա ձեռք բերվել եւ հրապարակվել՝ Նվեր Սերոբյանը տեղյակ չէր, բայց խոստացավ մինչեւ մյուս դատական նիստը ճշտել։ «Հայաստանյան PR ասոցիացիայի» փոխնախագահ Արման Սաղաթելյանի մեկնաբանությամբ, «ե՛ւ «ԱրմենՏելը», ե՛ւ «Թելեպլասը» չդիմանալով ճնշմանը եւ ամեն գնով փորձելով փրկել իրավիճակը, դիմում են ծայրահեղ անթույլատրելի միջոցների, ընդհուպ անօրինականորեն միջամտում են բաժանորդի անձնական-ընտանեկան կյանքին։ Փաստորեն, ինչ-որ իրավաբան կարող է իրեն թույլ տալ՝ առանց իրավական պատշաճ հիմքերի, վերծանել մեզանից յուրաքանչյուրի հեռախոսազանգերի ցանկը եւ օգտագործել նեղ անձնական կամ ծառայողական նպատակների համար։ Հավելավճարով ծառայությունների գումարը չվճարելու պատճառով հայցվորի հեռախոսն անջատվել էր։ Անջատումից հետո հայցվորը կատարել է բոլոր վճարումները, բացի հավելավճարի գումարից։ Մինչդեռ հեռախոսը շարունակել է լռել՝ մինչեւ հայցադիմումը դատարան ներկայացնելը։ Հաջորդ օրը հեռախոսը վերսկսել է աշխատանքը։ Հայցվորի պաշտպանի սույն դիտարկումը Ն. Սերոբյանը ընկերության տնօրենի «բարի կամքի» արտահայտություն որակեց։ Ելնելով սրանից, հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց, որ ընկերության ներկայացուցիչը տնօրինության հետ ճշտի՝ «հնարավո՞ր է արդյոք բարի կամքի մեկ դրսեւորման արդյունքում էլ հայցվորին ազատել հավելավճարի գումարը վճարելուց»։ Միջնորդությունն ընդունվեց, նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 25-ը։ Երեկ նույն դատարանում շարունակվել է նաեւ Քրիստինա Տերյանի հայցի լսումը, որի ընթացքում մանկավարժի մասնակցությամբ հարցաքննվել է նրա 13-ամյա որդին։ Անչափահասի հարցաքննությունը կշարունակվի հուլիսի 25-ին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել