Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԽՍՏԱՑՎԵԼ ԵՆ

Հուլիս 23,2003 00:00

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԽՍՏԱՑՎԵԼ ԵՆ Սակայն համայնքներն առայժմ ի վիճակի չեն արդյունավետ հավաքել գույքի եւ հողի հարկերը: Հավանաբար, հարկերի ոլորտի նկատմամբ նոր քաղաքապետ Երվանդ Զախարյանի աշխույժ հետաքրքրությունը նրա նախկին պաշտոնից է բխում։ Սակայն երեկ, ողջունելով գույքահարկի եւ հողի հարկման բազան համայնքներին հանձնելու եւ գանձման գործառույթներն սկսելու թեմայով սեմինարը, քաղաքապետն ասաց, որ այդ գործառույթների ժամկետները վերանայվել են եւ հաստատվել են մինչեւ սեպտեմբեր։ Երեւանի 12 համայնքներից հինգն արդեն անցել են այդ գործընթացները, մյուսների համար գրաֆիկ է սահմանվել մինչեւ օգոստոսի 1-ը։ Քաղաքապետն այսօր համայնքների կողմից գույքահարկի եւ հողի հարկի գանձումը «այնքան էլ շլացուցիչ չէ» որակեց եւ «պատասխանատվությամբ» ասաց, որ ըստ իրենց հաշվարկների, դրանց հավաքագրման ծավալները հնարավոր է ավելացնել մինչեւ 50-60%։ Սկզբում բավական անմեղ թվացին նրա հայտնած մի քանի տեղեկությունները, մասնավորապես, որ լուրջ դժվարություններ կան համայնքներում համապատասխան կադրերի պատրաստման հարցում եւ, որ հարկային մարմինների հետ պայմանավորվածություն կա՝ օգոստոսի 1-ից որոշ համայնքներում ունենալ վերջիններիս մեկ-երկու ներկայացուցիչ։ Նման սեմինարն էլ, որտեղ հրավիրված էին հարկային մարմինների, կադաստրի աշխատակիցներ եւ համայնքների ներկայացուցիչներ, շարունակական է լինելու։ Սակայն այնուհետեւ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի պարզաբանումներից պարզ դարձավ, որ ժամկետները խստացնելը՝ խստացնել, բայց «դաշտը» կարծես այնքան էլ պատրաստ չէ այս հարկերի գանձումը համայնքներին հանձնելու համար։ Այս գործընթացի ժամանակ հնարավոր օբյեկտիվ դժվարությունների թվարկումից հետո, պրն Ալավերդյանը կոչ արեց այնքան էլ չվստահել հարկային մարմինների կողմից կատարված հաշվարկներին, որոնցում «ինչ-ինչ պատճառներով կարող են անճշտություններ լինել»։ Պրն Ալավերդյանը «ինչ-ինչ պատճառներով» ենթադրեց, որ «քաղաքացու գույքահարկը հաստատ ավելի քիչ կլինի հաշվարկած», քան իրականն է։ Սա՝ ոչինչ։ Պարզվում է, որ հարկային մարմինների կողմից համայնքներին ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ տրամադրվել են, իսկ իրավաբանական անձանց մասին՝ ոչ։ Օրենքով վերջիններիս հարկային հաշվարկներում գույքահարկն առանձնացված չէ եւ նման ինֆորմացիա կտրվի գանձման հայտ ներկայացնելու դեպքում։ Սրանից հետո էլ խնդիրը չի լուծվելու։ Օրենքով որեւէ կազմակերպության ֆինանսական հաշվարկների մեջ մտնելու իրավունք ունեն հարկային մարմինները։ Այսինքն, վերջիններիս ներկայությունը համայնքներում ոչ միայն եւ ոչ այնքան ուսուցողական բնույթ պետք է ունենա, որքան լինի պարտադիր անհրաժեշտություն։ Համենայնդեպս՝ մինչեւ օրենքի համապատասխան փոփոխություն։ Առաջիկայում հնարավոր կլինի նաեւ հասնել այն իրավիճակին, երբ «համայնքները կլինեն շատ հարուստ»։ Ա. Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրավաբանական անձանցից գույքահարկը հաշվարկվում է դրանց բալանսային մնացորդային արժեքից, որը կարող է շատ ցածր լինել։ Իսկ եկող տարի կադաստրը դրանք կգնահատի ըստ շուկայական արժեքի։ Գույքահարկն ու հողի հարկը գանձելու գործառույթները հանձնվել եւ հանձնվում են համայնքներին, սակայն մինչեւ օրս որոշված եւ հաստատված չէ համակարգչային այն ծրագիրը, որով պետք է աշխատեն համայնքները։ Ըստ Ա. Ալավերդյանի, «պետք է ողջ հանրապետությունում լինի մեկ միասնական ծրագիր եւ ոչ թե ամեն համայնք մի խելոք ծրագրավորող գտնի» ու իր առանձին ծրագիրը մշակի։ Դեռ որոշված չէ նաեւ, թե որտեղ՝ կառավարությունո՞ւմ, թե՞ քաղաքապետարանում պետք է լինի այն կենտրոնը, որը կհամակարգի Երեւանի 12 համայնքներով տարրալուծվող տեղեկությունների 12 բազաները։ Այս «հում» հարցերի ֆոնին՝ արդյո՞ք մի քիչ չեն շտապել գույքահարկը եւ հողի հարկը համայնքներին հանձնելու գործընթացների ժամկետները խստացնելիս։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել