Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ ՄԻ ԴԵՑԻՄԵՏՐ «Ա1+»-ԻՆ

Հուլիս 23,2003 00:00

Ո՛Չ ՄԻ ԴԵՑԻՄԵՏՐ «Ա1+»-ԻՆ Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշման՝ Երեւանի եւ հարակից բնակավայրերի բնակիչները 1991-ից ի վեր ունեցել են տեսողական եւ լսողական հալյուցինացիաներ: Նրանց թվացել է, թե եթերում տեսնում են «Ա1+» հեռուստաընկերությանը՝ ընդ որում՝ 24 ժամ շարունակ: Մինչդեռ ՀՌԱՀ-ը գտնում է, որ «Ա1+»-ը չունի ծրագրեր հեռարձակելու ո՛չ տեխնիկական, ո՛չ ֆինանսական հնարավորություններ: Հանձնաժողովի անդամներն այս էլ որերորդ անգամ հանճարեղ խորաթափանցությամբ կռահում են, թե նման հնարավորություն կարող են ունենալ մի դեպքում՝ դեռ միայն թղթի վրա գործող, մյուս դեպքերում՝ վնասով գործող հեռուստաընկերությունները, բայց երբեք ոչ «Ա1+»-ը: Թեկուզ վերջինս երբեք չի եղել վնասով աշխատող եւ խոստանում է 2,4 մլն դոլար ներդրումներ, իսկ նրա մրցակիցները՝ ավելի քիչ՝ խիստ ազգային հանձնաժողովի ղեկավարները Ստանիսլավսկու հանգույն բացականչում են. «Չե՛մ հավատում»: Դե, չի կարող «Ա1+»-ն այդքան գումար ապահովել, որովհետեւ առանց որեւէ մեկից փող կորզելու՝ չեն կարող գործել հեռուստաընկերությունները: Հանձնաժողովը ստիպված է լինում հընթացս նոր պատրվակներ հորինել «Ա1+»-ի նկատմամբ իր անվստահությունը հիմնավորել փորձելու համար: Սկզբում հայտարարեցին, թե ծրագիրը թույլիկ է: Հեռուստաընկերությունն իրոք ավելորդ ինքնավստահությամբ էր ներկայացել մրցույթին՝ վստահ լինելով, թե իր եթերը ծրագրերի ավելի խոսուն ապացույց է, քան թղթի վրա գրված մեծ-մեծ խոստումները: Խաղի կանոններն ընդունելով՝ հաջորդ մրցույթին «Ա1+»-ն ավելի պատրաստված ներկայացավ (սա ընդունեց ինքը՝ պրն Ամալյանը), եւ սկսեց խոստումներ տալ զգալի ներդրումների մասին, ներկայացրեց ճիշտ նույն գրությունների նման կազմած փաստաթղթեր, որոնք հիմք ընդունելով՝ նախորդ մրցույթում հաղթող էին ճանաչել իր մրցակցին: Բայց հանձնաժողովի ղեկավարներն էլի բացականչեցին. «Չե՛նք հավատում»: Իրենց գործն է՝ «Շարմ»-ին հավատում են, «Ա1+»-ին չեն հավատում՝ ի՞նչ կարող ես ասել: Երրորդ մրցույթում «Ա1+»-ն ավելի զուսպ փաթեթ ներկայացրեց, բայց այժմ էլ ՀՌԱՀ-ը հայտարարեց, թե ներկայացված միջոցները բավարար չեն: Այստեղ վերադառնում ենք այս նյութի սկզբին եւ նորից պնդում՝ տարիներ շարունակ մեր բնակչության աչքին օրվա բոլոր ժամերին միրաժ է երեւացել՝ «Ա1+»-ի տեսքով: Շնորհակալ ենք սաստիկ ազգային մեր հանձնաժողովից՝ այդ զգայախաբություններից մեր ժողովրդին ձերբազատելու համար: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել