Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգիտիմների տրտունջը

Հուլիս 23,2003 00:00

Լեգիտիմների տրտունջը Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռ. Քոչարյանը հաղթանակեց, հավաքելով քվեների 67 տոկոսը։ Թե ինչպես այդ բանը նրան հաջողվեց, բոլորովին այլ՝ ընդ որում խիստ ծեծված խոսակցություն է։ Հարցն այն է, որ վերահաս հոկտեմբերից հետո Քոչարյանը պետք է դարձյալ ներգրավվի բանակցային գործընթացի մեջ։ Այս անգամ, սակայն, Մինսկի խմբի համանախագահների հետ պաշտոնական կամ անպաշտոն հանդիպումների ժամանակ Քոչարյանը չի կարող տրտնջալ, թե գիտե՞ք, ես կողմ եմ ձեր առաջարկներին, բայց ժողովոուրդը դեմ է։ Քվեների 67 տոկոսը շահած նախագահի հետ, բնականաբար, պետք է որ ժողովրդի առնվազն կեսից ավելին համակարծիք լինի։ Միջնորդ երկրները, համենայն դեպս, այդպիսի հակափաստարկ կհակադրեն Հայաստանի ընդգծված լեգիտիմ նախագահի տրտունջին, եթե, իհարկե, այդպիսինը տեղ գտնի։ Հասկանալի է, որ այս տրամաբանությունը գրեթե նույնությամբ գործելու է նաեւ Ադրբեջանի պարագայում։ Կոռեկտ չէ, թերեւս, կանխատեսումներ անել, հենվելով Հեյդար Ալիեւի առողջական վիճակի վրա, սակայն պարզ է, որ անկախ նրանից, թե Ադրբեջանի իշխանական կլանն, ի վերջո, ո՞ւմ կնախանշի իբրեւ ապագա նախագահ՝ հա՞յր, թե՞ որդի Ալիեւին, այդ նախագահին եւս բավականաչափ ծանր խոսակցություն է սպասվում միջնորդների հետ։ Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական մենթալիտետների նմանությունը, կասկած չկա, որ Ադրբեջանի ապագա նախագահ Ալիեւը (անունն առայժմ նշել չենք կարող) հավաքելու է քվեների նվազագույնը՝ 67 տոկոսը։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանի նոր ղեկավարը եւս չի կարող տրտնջալ իր եւ իր ժողովրդի ցանկությունների անհամապատասխանությունից։ Այս ամենից բխում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային նոր շրջափուլը, որը, փաստորեն, մեկնարկվելու է ուշ աշնանը, հատկանշվելու է մի քանի էական հանգամանքներով։ Նախ՝ էապես նվազելու են հակամարտող կողմերի առաջնորդների բանակցային խուսանավման հնարավորությունները, ինչը բնական է. ընտրություններն այլեւս ետեւում կլինեն, հետեւաբար՝ հնարավոր չի լինի գործընթացներն «օբյեկտիվորեն» պայմանավորել դրանցով։ Երկրորդը. եթե մինչ այժմ (կամ գոնե մինչ առաջիկա հոկտեմբեր) կողմերի միջեւ եղել են ինչ-ինչ պայմանավորվածություններ՝ կապված «ընտրաշրջանային մորատորիումի» հետ, ապա պարզ է, որ դրանք այլեւս չեն գործելու։ Վերջապես, ինչպես արդեն վերը նշեցինք, իշխանությունն ընտրական փաթեթավորմամբ վերանվաճած վարչախմբերն այլեւս հնարավորություն չեն ունենալու միջնորդների, կամ մեծ հաշվով, միջազգային հանրության առջեւ գանգատվել հասարակական անհամաձայնությունից. հնարք, որը ժամանակին ավել կամ պակաս հաջողությամբ կիրառվում էր։ Մնում է ենթադրել, որ իրադարձությունները կզարգանան հետեւյալ երկու սցենարներից որեւէ մեկով։ Առաջինը՝ կողմերն, ի վերջո, որպես բանակցությունների հիմք կընդունեն միջնորդների առաջարկած որեւէ նախագիծ, ու միջազգային հանրության ճնշման պայմաններում կփորձեն համաձայնության գալ։ Սա գրեթե անհավանական տարբերակ է՝ հաշվի առնելով երկուստեք իշխանության եկած ուժերի անցած ճանապարհների տրամաբանությունը։ Հաջորդ սցենարը առճակատման էլ ավելի խորացումն է, ինչը բացի բուն վարչախմբերից, այս մոլորակի վրա ուրիշ ոչ մեկին ձեռնտու չէ։ Այս սցենարը, ցավոք, ավելի արժանահավատ է։ Այստեղ միակ մխիթարական պահն այն է, որ այդպես երկար շարունակվել ուղղակի չի կարող։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել