Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Միրզախանյանը՝ «ՄԱԿ-ի եւ Մուկի» դեմ

Հուլիս 23,2003 00:00

Ռ. Միրզախանյանը՝ «ՄԱԿ-ի եւ Մուկի» դեմ ՀՌԱԿ արդեն նախկին ատենապետ, այժմ՝ Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր։ Պարոն Միրզախանյանը վարպետորեն շրջանցեց իր հրաժարականի շարժառիթների վերաբերյալ բոլոր հարցերը։ Փոխարենը նրա ընդհանուր գնահատականներում կար զուսպ քննադատություն։ Ըստ Ռուբեն Միրզախանյանի, «մենք ապրում ենք ՄԱԿ-երի եւ Մուկ-երի ժամանակաշրջանում, այս մակա-մուկական վիճակը եւ իդեալական ընտրությունները մի քիչ, կարծեք թե, տարբեր աշխարհընկալման եւ պատկերացումների մեջ են»։ Ասելով «ՄԱԿ», պրն Միրզախանյանը, վստահաբար կարելի է ասել, ակնարկում էր ոչ թե Քոֆֆի Անանի, այլ Գուրգեն Արսենյանի՝ ԱԺ անցած կազմակերպությունը։ Իսկ թե ում նկատի ուներ «մուկ» ասելով, թողնում ենք ընթերցողի քաղաքական վառ երեւակայությանը։ Այստեղ տարբերություններ կան։ Արդյո՞ք Ռ. Միրզախանյանի հրաժարականը պայմանավորված չէր նրանով, որ ՀՌԱԿ-ը խորհրդարան բերելու բանակցությունները իշխանության հետ վարում էր բացառապես Ռ. Միրզախանյանը, եւ կուսակցությունը բանակցությունները տապալված համարելով, պարտադրեց, որ Ռ. Միրզախանյանը հեռանա։ «Առավոտի» դիտարկմանն ի պատասխան, պրն Միրզախանյանը հետեւյալն ասաց. «Դուք զբաղված եք արդեն ոչ թե լրագրողական ստեղծագործությամբ, այլ՝ գրական։ Եկեք վերջացնենք այս գեղեցիկ եւ ջերմ նովելը հետեւյալ բառերով՝ «Կեցցե Ռուբեն Միրզախանյանը»։ Բոլորն են հիշում, թե նախընտրական շրջանում ինչքան համակարգիչներ բաժանեց ՀՌԱԿ-ը «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանի հաշվին։ Ռուբեն Միրզախանյանը կարծում է, որ իրենց բաժանածը մնայուն արժեք է, իսկ, օրինակ, ուրիշների բաժանած 4000 դրամը անմիջապես զրոյի հավասարվեց, երբ ընտրություններից հետո թանկացան հացն ու գազը։ Պրն Միրզախանյանը չէր ուզում պատասխանել Արա Աբրահամյանին վերաբերող հարցերին եւ առաջարկում էր հարցերի այդ մասը ուղղել հենց «Ռուսաստանի հայերի միության» նախագահին։ Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք Միրզախանյանը չդարձավ «քավության նոխազ», ՀՌԱԿ նախկին ատենապետը պատասխանեց. «Ճիշտն ասած, եթե դուք ուշադիր լսում եք, նայում եք եւ դիտում եք ինձ, ես նոխազի տպավորություն չեմ թողնում, այնպես որ, մի համեմատեք։ Եվ առավել եւս, որեւէ մարդ, պարզ քաղաքացի, եթե ունի կրթության աստիճան, կարծում եմ, մի քիչ դժվար է պատկերացնել, որ դատողություններ անի ընտրությունների արդյունքների շուրջ՝ ձեզ հայտնի պատճառներով»։ Այդ պատճառները պրն Միրզախանյանը հակված չէր մանրամասն ներկայացնել, սակայն ասաց. «Բոլորիս էլ պարզ է՝ մենք պետություն չենք եւ ամեն ինչ, ինչ որ մեզանում կատարվում է՝ անկապ չի, կապակցված է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել