Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՄՆԱՄ, ՈՐ ՆԱԵՎ ԲԱՑՎԻ «Ա1+»-Ը»

Հուլիս 23,2003 00:00

«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՄՆԱՄ, ՈՐ ՆԱԵՎ ԲԱՑՎԻ «Ա1+»-Ը» Ասում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը: -Ամեն անգամ Ձեր եւ Արա Թադեւոսյանի գնահատականները տարբերվում են Ազգային հանձնաժողովի այլ անդամների քվեարկությունից: Ակնհայտ է, որ այլ են մոտեցումները: Ուստի տարօրինակ է՝ ինչո՞ւ եք մնում ՀՌԱՀ-ում: – Իսկ ինչ է, ավելի լավ կլինի, եթե «Ա1+»-ին միայն «2» դնողնե՞րը մնան այնտեղ: Գոնե այժմ հանձնաժողովում կան 1-2-ը, որ այլ կարծիքի են: Եթե դուրս գամ՝ գուցե դիտվի իբրեւ քաղաքական ինչ-որ ակցիա, իսկ ես քաղաքական գործիչ չեմ, որ ակցիայի կարիք ունենամ: Ես կմնամ հանձնաժողովում, որ նաեւ «Ա1+»-ը վերադառնա եթեր, եւ իսկապես արժեւորվի իմ դրած «4»-ը: – Նաեւ հրապարակումներ եղան, թե ինչո՞ւ այդ երկուսդ հանձնաժողովից դուրս չեք գալիս: – Ամեն մեկն էլ կարծիք ունենալու իրավունք ունի. այլ հարց է, որ նրանց կարծիքն ինձ համար որոշիչ չէ: Իսկ մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են՝ ամենաընդդիմադիրներն անգամ, խորհուրդ չեն տալիս դուրս գալ հանձնաժողովից: – Եթե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով հստակ են սահմանված այն 4 չափորոշիչները, որոնցով պիտի գնահատվի մրցութային առաջարկը՝ ինչո՞ւ են հանձնաժողովի անդամների գնահատականներն այդքան տարբեր: Այսինքն՝ գնահատականները սուբյեկտի՞վ են: – Հիմա ի՞նչ անենք, որ մեզնից ամեն մեկն իրոք ունի սեփական չափորոշիչներ: Հարգում եմ գործընկերներիս կարծիքը, ինչպես եւ իրենք են հարգում իմ դիրքորոշումը: Բայց, իհարկե, սուբյեկտիվ են գնահատականները: Ի վերջո՝ ամեն օրենք ցանկության դեպքում կարելի է մեկնաբանել ցանկացածի պես: Սա կատարվում է ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամենուր: Կարծում եմ՝ եթե հանձնաժողովն այս ամենից դասեր քաղի՝ հետագայում պիտի փորձի մշակել ինչ-որ մեխանիզմ: Ասենք՝ արտոնագրի ժամկետն ավարտվելուց հետո, եթե տվյալ հեռուստաընկերությունը տարիների ընթացքում կատարել է իր ծրագրում ամրագրված բոլոր պարտավորությունները, եթերում իրեն դրսեւորել այնպես, որ հեռուստադիտողը զգում է նրա պահանջը՝ ուղղակի հնարավորություն տան շարունակել աշխատանքը ու եւս 7 տարով երկարաձգեն արտոնագիրը: Գուցե կարողանամ նպաստել, որ լինեն նման փոփոխություններ, որոնք արդեն կայացած հեռուստաընկերությունների գործունեությունը հետագայում կապահովագրեն եւ մրցույթը չեն վերածի աճուրդի: – Ծրագրերի ֆինանսական ապահովվածությունը գերակա դարձնելով օրենքով սահմանված այլ չափորոշիչների համեմատ՝ ՀՌԱՀ-ը կարծես դրդում է, որ հեռուստաընկերությունները կորցնեն իրենց անկախությունը եւ, ինչպես արդեն արվում է՝ փորձեն գումարներ բերել ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: – «ՆՏ»-ին ու SNN-ին՝ երկուսին էլ գնահատեցի «4»: Ինձ համար ընդամենը 1-2 հարց մնաց կասկածելի. չկար 8 ժամ համաժամանակյա թարգմանություն ապահովելը հավաստող որեւէ պայմանագիր: Եթե այդ խնդիրները ճշտվեին՝ «ՆՏ»-ին ավելի բարձր կգնահատեի, թեկուզ միայն այն պատճառով, որ դա մեր հայրենական լրատվական արտադրությունն է, մեր աշխատատեղերը: – Կանխատեսում էին, թե կավարտվեն ընտրությունները եւ «Ա1+»-ին նորից կտան եթեր: ՀՌԱՀ-ն այժմ փորձեց ապացուցել, թե իր որոշումներն իբր քաղաքական իրավիճակո՞վ չեն թելադրված: – Ես որեւէ քաղաքական խաղի առնչվող մեկնաբանություններ չեմ ցանկանում անել, քանի որ ինքս որեւէ քաղաքական խաղի մասնակից չեմ: – Ձեր կարծիքով՝ ընդհանրապես պե՞տք է այս հանձնաժողովը: ՀՌԱՀ-ի պարտականությունն է վերահսկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահպանումը, որ հանձնաժողովը կատարում է նվազագույն չափով: Կամ՝ ՀՌԱՀ-ը պետք է վերահսկեր, որ կատարվեն իր տրամադրած արտոնագրերի պայմանները, սակայն ընդհանրապե՛ս չի հետեւում: – Ի վերջո՝ ՀՌԱՀ-ն ընդամենը 2 տարի է աշխատում, բայց որոշակի կանոնակարգեր են հաստատվել, ճշտվել: Համենայն դեպս՝ ինչ էլ լինի, որեւէ կարգավորող մարմին հարկավոր է ցանկացած բնագավառում: Հանձնաժողովը ստեղծվել էր լավագույն ցանկություններով, եւ երբ ես նշանակվեցի ՀՌԱՀ անդամ՝ բավական ոգեւորված էի սկզբնական շրջանում: Ասպարեզ կա գործունեության համար՝ ինչ-որ բան ուղղելու, ճշտելու: Ցավոք՝ մեր իրականությունն այնպիսին է, որ շատ հաճախ հանգամանքներն են թելադրում իրենց օրենքները եւ ոչ թե օրենքներն են կարգավորում հանգամանքները: Հիմա ինչ անենք՝ լուծարե՞նք հանձնաժողովը, բայց ո՞վ պիտի կարգավորի այս ոլորտը: – Շուկա՛ն, որն առանց ՀՌԱՀ-ի միջամտության էլ՝ լուծում է հեռուստաոլորտում նոր դեմքերի կամ ներդրողների ի հայտ գալը: Ասենք՝ սնանկացա՞ն «Ար»-ը կամ «Կենտրոն»-ը, երբ դրանց բաժնետոմսերը գնեցին այլ անձինք: – Գուցե ժամանակը կամ ժամանակի ետեւում կանգնածները հանկարծ պարզեն, որ հանձնաժողովն իրոք պետք չէ: Բայց դա արդեն այլ թեմա է: – Իսկ մինչ այդ՝ ՀՌԱՀ-ի կարգավորիչ գործունեության շնորհիվ պիտի ակնհայտ լինեին գերակայությունները, թե ի՞նչ ենք ցանկանում տեսնել եթերում: Առանց այն էլ՝ մեր հեռուստաալիքների մեծամասնությունը ռուսական հաղորդումներ է վերահեռարձակում, իսկ իր վերջին որոշմամբ ՀՌԱՀ-ը 3 կապուղի տրամադրեց գրեթե ամբողջովին արտերկրի հեռուստալիքներ վերահեռարձակողներին: – Թեեւ այդ հեռուստաընկերություններից 2-ն իրենց ծրագրերում ներառել էին նաեւ մի քանի սեփական հաղորդումներ՝ հենց Ձեր նշած պատճառով նաեւ ցածր եմ գնահատել նրանց: Իսկ ես եթերում ցանկանում եմ տեսնել այլակարծություն, քանի որ, կարծում եմ՝ նորմալ հասարակությունը պիտի տեղ թողնի ամեն մեկի կարծիքի համար: Չեմ թաքցնում՝ «Ա1+»-ի եթերում էլ կային հաղորդումներ, որոնք չէի ընդունում՝ ուղղակի անջատում էի հեռուստացույցը: Սակայն «Այբ-Ֆե»-ն ու «Հետգրությունը» պիտի նայեի անպայման: – Հանձնաժողովի Ձեր գործընկերները գտնում են, թե այլ հեռուստաընկերություններ լիովին ապահովում են այդ բազմակարծությունը: – «Ար»-ի «Ազդարարը», «Կենտրոն»-ի «Այցեքարտը» եւ առանձին այլ հաղորդումներ իրոք տեղ-տեղ ապահովում են բազմակարծություն: Բայց եթե նույնիսկ ապահովում են՝ թող մեկն էլ ավելանար: Եվ ճիշտ կլիներ, եթե «Ա1+»-ը գրավեր իր նախկին տեղը: Այդ դեպքում, ի դեպ, կշահեր ե՛ւ «Ազդարարը», որը պիտի դառնար ավելի սուր, ե՛ւ Պետրոս Ղազարյանը, որ ավելի հետաքրքրիր հյուրեր պիտի կանչեր եւ աներ սուր հարցադրումներ: Ո՞վ կշահեր այս ամենից՝ միա՛յն հեռուստադիտողը: Զրուցեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել