Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆԹԱԼԻՏԵՏ ՉԷ, ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է

Հուլիս 23,2003 00:00

ՄԵՆԹԱԼԻՏԵՏ ՉԷ, ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հիասթափված են, բայց առաջընթաց են նկատում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը երեկ հաղորդագրություն տարածեց, որում ասվում է. «ԵԱՀԿ երկու բարձրաստիճան ներկայացուցիչներն իրենց հիասթափությունն են արտահայտել Հայաստանում վերջերս անցկացված ընտրությունների կապակցությամբ եւ կոչ են արել ՀՀ իշխանություններին ու քաղաքական կուսակցություններին՝ ապագա ընտրությունների բարելավման նպատակով, նախաձեռնել ընտրական բարեփոխումների հուսալի գործընթաց՝ համաձայն ժողովրդավարական ընտրությունների հարցում ԵԱՀԿ պարտավորությունների»։ Հայտարարության հեղինակներն են Ջիովանի Կեսլերը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը եւ ՀՀ խորհրդարանական ընտրությունների համար ԵԱՀԿ գործող նախագահի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Ստրոհալը։ Երեկ այդ գործիչները մամուլի ասուլիս էին հրավիրել։ Ամենավերջին հարցը «Առավոտինն» էր, որով փորձեցինք պարզել չարչրկված խնդիրը՝ պարոնայք արդեն մի քանի օր է Հայաստանում են, շփվել են բազմաթիվ հայաստանցիների հետ ու հնարավոր է պարզել են՝ հայկական մենթալիտետն արդյո՞ք շատ է տարբերվում եվրոպականից։ Հարցը եվրոպացիներին բավականին աշխուժացրեց, եւ նրանք միաձայն հաստատեցին, որ մենք եվրոպացիներից չենք տարբերվում. «Ես իտալացի եմ եւ հարավային օրիենտացիա ունեմ ու չեմ կարծում, որ մենթալիտետն այդքան տարբերվում է, գուցե վերջին տարիների պատմությո՞ւնն է տարբերվում»,- սա Ջ. Կեսլերի կարծիքն էր։ Ք. Ստրոհալը, որը Վիեննայից է, եւս կարծում է, որ մեր հոգեկերտվածքների միջեւ տարբերություն չկա, տարբերությունը պատմության մեջ պետք է փնտրել։ Եվրոպացիները վստահ են, որ ընտրությունների ժամանակ խախտումներ կատարած անձինք պետք է պատժվեն. «որպեսզի վերջ տրվի անպատժելիության մթնոլորտին»։ Ասուլիսի ժամանակ, երբ Ջիովանի Կեսլերն այս միտքն էր ասում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, դեսպան Ռոյ Ռիվը բավականին ուշադիր զննում էր իր առջեւ դրված ջրի շիշը, իսկ երբ պրն Կեսլերը հույս հայտնեց, որ մինչեւ գալիք ընտրությունները հայկական կողմը ժամանակ կունենա շտկել սխալները, պրն Ռիվը բավականին աշխուժացավ եւ՝ շշից անցավ բաժակի զննմանը։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին հետաքրքրում էր, թե ի՞նչ երաշխիքներ ունեն եվրոպացի դիտորդները, երբ հույս են հայտնում, որ Հայաստանի իշխանություններն այս անգամ կփոխվեն եւ հետեւություններ կանեն։ Մինչեւ այժմ Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունների մասին եվրոպական կառույցները քննադատական կարծիք են հայտնել, իսկ հայաստանյան իշխանություններն ամեն անգամ խոստացել են շտկել սխալները։ Փոխարենը առաջ քաշվեց մեր մենթալիտետը չհասկանալու հարցը։ Պատասխանը հետեւյալն էր. «Ես չեմ կարծում, որ հասկանալու խնդիր կա, ավելի ճիշտ է այն հարցը, թե ո՞վ է հասկանում պարտավորությունները։ Հայաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ մասնակից այլ պետությունները, իր վրա վերցրել է պարտավորություններ, եւ մենք համոզված ենք, որ այդ պարտավորություններին լուրջ մոտեցում է ցուցաբերվում։ Եթե ուշադրություն դարձնենք ընտրությունների ընթացքում մեր հաշվետվություններին, դուք, իհարկե, կնկատեք շարունակական մտահոգության նշաններ, սակայն կտեսնեք նաեւ առաջընթացի նշաններ։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հաջողվում մեր եվրոպացի բարեկամներին նկատել այդ պատրաստակամությունն ու առաջընթացը, երբ մեզնից շատերը՝ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, դժվարանում են նկատել։ Եվ այս համատեքստում փորձեցինք ճշտել՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներն ի՞նչ են մտածում այն մասին, որ Հայաստանի միակ անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը հերթական անգամ զրկվեց եթեր դուրս գալու հնարավորությունից, արդյո՞ք պրն Ջիովանի Կեսլերը եւ պրն Քրիստիան Ստրոհալը խոսել են երկրի ղեկավարության հետ այս մասին եւ ի՞նչ են իրենց պատասխանել։ ԵԱՀԿ ներկայացուցիչները նախ ասացին, որ եթե չնկատեին, թե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն բարեփոխվելու, այստեղ չէին գա։ Իսկ «Ա1+»-ի մասով. «Իհարկե, դա մեր այցելության նպատակներից մեկը չէ, սակայն մենք չենք կարող խուսափել այդ հարցից։ Այդ երեւույթը մտահոգության պատճառ է մեզ համար եւ մենք մեր մտահոգությունն արտահայտեցինք մեր հանդիպումների ժամանակ։ Սա մտահոգություն է նաեւ ԵԱՀԿ-ի համար, որն արդեն որոշ պաշտոնական քայլեր է պատրաստվում անել այս առումով։ Մեր մանդատից դուրս է ասել, թե ինչ գործողություններ կձեռնարկվեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել