Պրոմեդիան ավարտեց իր առաքելությունը Թերթերի խնդիրները մնում են Չորս տարի շարունակ Հայաստանում գործում էր Այրեքս/Պրոմեդիա կազմակերպությունը, որի նպատակն էր աջակցել ՀՀ-ում ազատ եւ պրոֆեսիոնալ մամուլի կայացմանը: Այս տարիների ընթացքում հայկական բազմաթիվ տպագիր իրենց վրա առարկայորեն զգացին Պրոմեդիայի օգնությունը՝ տեխնիկական, խորհրդատվական, տարբեր ծրագրերի իրականացման ձեւով: Թեեւ Պրոմեդիայի կարիքը դեռեւս կա, այնուամենայնիվ, ինչպես շատուշատ այլ ծրագրեր, որոնք փակվեցին Ջորջ Բուշ կրտսերի ադմինիստրացիայի օրոք, Պրոմեդիան էլ Հայաստանում վերջակետ է դնում իր գործունեությանը: Հուլիսի 19-20-ը Դիլիջանում, կինեմատոգրաֆիստների հանգստյան տանը, կայացավ հայկական ԶԼՄ-ների հետ «հրաժեշտի ուիքենդը»: Եվ, սակայն, վերջին պահին էլ Պրոմեդիան՝ Պիտեր Այսքատդի եւ տեղական ծրագրերի ղեկավար Նաիրա Մանուչարովայի ղեկավարությամբ, կամեցավ որեւէ օգտակար բան անել ԶԼՄ-ների համար: «Հայկական տպագիր լրատվամիջոցների զարգացման հեռանկարները» խորագրով սեմինարի ընթացքում քաղաքական տարբեր ուղղություններ ներկայացնող թերթերի խմբագիրները փորձում էին ձեւակերպել հայկական մամուլի խնդիրները, եւ գտնել դրանց լուծման ուղիները: Իսկ խնդիրները բազում են: Պիտեր Այսքատդը մեր մամուլի վիճակը նմանեցրեց Կինեմատոգրաֆիստների տան ողբալի վիճակին, ասելով, որ ինչպես հին հիմքերի վրա կանգնած այդ շենքը նորացման, թարմացման կարիք ունի, այնպես էլ՝ հայկական մամուլը: Խմբագիրների համար գլխավոր պրոբլեմներից էր թերթերի տարածման հարցը: «Իրավունքն» ինքն է զբաղվում այդ հարցերով, այդ իսկ պատճառով, մյուս թերթերի համեմատ լավ է սպառվում: «Նովոյե վրեմյան» էլ է պատրաստվում թերթի ներսում ստեղծել տարածող կառույց: Իսկ ահա «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը կարծում էր, որ մամուլին մեծ վնաս են հասցնում կարճաժամկետ, նպատակային թերթերը, որոնք ծնվում են ինչ-որ առաքելության համար, դրա ավարտից հետո՝ փակվում: Թերթի՝ որպես բիզնեսի ճյուղ, կայացման համար, ըստ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի, անհրաժեշտ է, որ թերթերն ունենան իրենց տերը. անձ, որը կգնի տվյալ թերթը, լուրջ ներդրումներ կանի՝ մի քանի տարի հետո դրանից եկամուտներ ստանալու ակնկալիքով: Այդ դեպքում թերթը ստիպված պիտի աշխատի զուտ շուկայական մեխանիզմներով, լինի բազմակողմանի, անաչառ եւ օպերատիվ: Իսկ եթե կոնկրետ խմբագիրը չի կարողանա ապահովել այդ պայմանները, տերը նրան կփոխի: Ովքեր ի վիճակի կլինեն հաջողությամբ վաճառել իրենց ապրանքը (թերթը) սպառողին՝ ընթերցողին եւ գովազդատուին, կշարունակեն տպագրվել, ովքեր չեն կարողանա եւ կշարունակեն ապավինել հովանավորներին՝ վաղ թե ուշ կփակվեն կամ կանցնեն «լուսանցք»: «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի» տնօրեն Վիգեն Չիթերյանը դեմ էր թերթերին՝ որպես մաքուր բիզնեսի աղբյուր նայելուն՝ «թերթերը պիտի ծառայեն հասարակության շահերին եւ ոչ այնքան բիզնեսի»՝ գտնում էր նա: Ի դեպ, ամենայն հավանականությամբ, այսուհետ, հենց Վիգենի հիմնարկը կծառայի նույն շահերին, ինչ-որ Պրոմեդիան՝ աջակցել հայկական մամուլի զարգացմանը: Խմբագիրները ցանկություն հայտնեցին այսուհետ եւս պարբերաբար հանդիպել՝ միասին քննարկելու տպագիր մամուլի խնդիրները: Իսկ տարբեր բանակներում գտնվող խմբագիրների հանդիպումը «առանց փողկապների», ինչ-ինչ, գոնե թերթերի միջեւ պատերազմների քչացմանը հաստատ կարող է նպաստել: Հնարավոր է, նաեւ ավելի կառուցողական ծրագրեր իրականան: Մ. Բ.