ԻՆՉՊԵՍ ՉՄՆԱԼ ԹՇՎԱՌ ԵՎ ԱՆՏԵՐ Պարզ է, որ ԱՄՆ-ը հետապնդում է հստակ նպատակ՝ տարածել անվտանգության նոր համակարգը Արեւելյան Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Սկիզբը՝ նախորդ համարում Բնականաբար, այս խնդիրը բխում է ամերիկյան որոշակի շահերից: Դրանցից առաջինը, ինչը չեն թաքցնում ամերիկյան արտաքին եւ ռազմական քաղաքականության ստրատեգները, կապված է Պարսից ծոցի եւ Կասպիական ավազանի վառելիքային պաշարների նկատմամբ ազատ մուտքի եւ արտահանման ապահովման հետ: Սակայն այս նպատակին հասնելու համար Վաշինգթոնում շահագրգռված են նպաստել տարածաշրջանի բոլոր երկրներում քաղաքական կայունության եւ ժողովրդավարական բարեփոխումների հաստատմանը: Դա էլ իր հերթին հնարավոր կլինի, եթե տարածաշրջանում ստեղծվի ուժերի այնպիսի հավասարակշռություն, որը ոչ միայն կբացառի ներքին բախումները այդ շրջանի երկրների միջեւ, այլեւ կզրկի դրսի որեւէ տերությանը (ասել է թե՝ Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին) այդտեղ սեփական գերակայությունը հաստատելու հնարավորությունից: Մինչեւ վերջին ժամանակներս Միացյալ Նահանգները կենտրոնացված էր հիմնականում առաջին նպատակին հասնելու ուղղությամբ, եւ նոր միայն ընկալեց այն ճշմարտությունը, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ամեն ինչ այնքան է փոխկապակցված, որ չի կարելի հանուն ինչ-որ բանի արհամարհել մնացածը, այլապես առաջինին էլ չես հասնի: Տնտեսական բարեկեցությունն անհնար է առանց քաղաքական ժողովրդավարության, մինչդեռ նրանց համար անհրաժեշտ է անվտանգության կայուն եւ զարգացող համակարգ: Այսպիսի համակարգն այսօր ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն են: Մյուս բոլոր դեպքերում դու իսկապես մնում ես «լուսանցքում»: Հասկանալի է, որ շատ դժվար է հաղթահարել տասնամյակների հոգեբանությունն ու նախապաշարումները: Խորհրդային ժամանակաշրջանում ընդհանրապես Հարավային Կովկասի եւ մեր հանրապետության վերնախավը նույնիսկ չէր կարող մտածել ՆԱՏՕ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի հետ հարաբերվելու մասին: Ավելին, Արեւմուտքը, հատկապես՝ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, համարվում էր թշնամի, եւ նրանց դեմ ուղղված էր տարածաշրջանի ամբողջ ռազմական եւ քարոզչական մեքենան: ԽՍՀՄ փլուզմամբ՝ դարպասները բացվեցին, եւ Արեւմուտքը «բարի գալուստ» ասաց Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նորաստեղծ պետություններին: Փոխհարաբերությունների հաստատումն ընթանում էր բոլոր բնագավառներում, որոնցից գլխավորը դարձավ անվտանգությունը: Քանզի կա պարզ ճշմարտություն. բոլոր քաղաքական, տնտեսական կամ մշակութային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է ապահովել դրանց անվտանգությունը: Անվտանգության ոլորտում Հարավային Կովկասի եւ Արեւմուտքի միջեւ համագործակցության ինստիտուցիոնալիզացումը սկզբից կատարվեց «Գործընկերություն հանուն խաղաղության» համաձայնագրի ստորագրմամբ: Որոշ ժամանակ թվում էր, որ այս համաձայնագրի շրջանակները բավարար են տարածաշրջանի երկրների եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության միջավայր ձեւավորելու եւ նրա զարգացումն ապահովելու համար: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, որը գործնական մեծ օգուտներ տվեց մեզ ինչպես զինվորական պատրաստվածության, մարզումների, ռազմական տեխնիկայի ճանաչման, այնպես էլ ռազմական պլանավորման, փոխադարձ շփումների եւ բարի կամքի դրսեւորման առումով, այլեւս կարելի է համարել անցած փուլ: Այսօր արդեն Հայաստանը պետք է սկսի խորհրդային բանակի ստանդարտներից, չափանիշներից եւ տեխնիկայից հրաժարվելու եւ արեւմտյան արդիական չափանիշներին եւ սպառազինությանն անցնելու փուլը: Այսինքն, սկսել Հայաստանի զինված ուժերի արդիականացումը: Իսկ դա մի գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային համարժեք փոփոխություններ, քանզի այս բոլոր ոլորտները անքակտելիորեն փոխկապակցված են: Ընդունելով արեւմտյան ստանդարտները, մենք պետք է նախապատրաստենք եւ փոխենք նաեւ ժողովրդին: Պարզ ասե՛նք, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամությունը կտա մեր երկրի համար լիարժեք անվտանգության, անկախության եւ ժողովրդավարական զարգացման անխախտելի երաշխիքներ: Այստեղ գործում է պարզագույն հաշվարկը. եթե Հայաստանը դառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միեւնույն քաղաքական եւ ռազմական դաշինքի անդամ, ապա նա ապահովում է իրեն թուրքական եւ ադրբեջանական ագրեսիայի որեւէ փորձից (Հունաստանն ու Թուրքիան արդեն 50 տարի ՆԱՏՕ-ի անդամ են, եւ հենց այս հանգամանքն է սանձել նրանց միջեւ պատերազմ սկսելու բազում հնարավորությունները): Բացի այդ, ԱՄՆ-ը Վրաստանին միայն այս տարի ռազմական կարիքների համար 70 մլն դոլարի օգնություն է տրամադրել: Իսկ մենք ստիպված ենք կիսով չափ փոխհատուցել ռուսական զորքի8216 Հայաստանում գտնվելու ծախսերը: Ուստի, զուտ նյութական շահն էլ մեզ մղում է դեպի Արեւմուտք: Ահա սա է նոր քաղաքական շրջանի գլխավոր օրակարգը, որին պետք է հետամուտ լինեն երկրի ներկայիս եւ ապագա բոլոր ղեկավարները, հակառակ դեպքում՝ մեր հայրենիքն այդպես էլ կմնա թշվառ ու անտեր: ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ