Լրահոս
Օրվա լրահոսը

Շառից, փորձանքից, լրագրողից հեռու

Հուլիս 22,2003 00:00

Շառից, փորձանքից, լրագրողից հեռու Երեկ Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, հանդիպելով լրագրողների հետ եւ հանդիսավոր կերպով նրանց հանձնելով ընդունելության քննություններին մասնակցելու հավատարմագրերը, հայտարարեց, որ քննությունները լուսաբանելու համար լրագրողները ոչ մի արգելքի չեն հանդիպի: Սակայն միաժամանակ փոխանցեց առարկայական ընդունող հանձնաժողովների նախագահների խնդրանքը լրագրողներին, որպեսզի վերջիններս քննությունների ընթացքում չընդհատեն հանձնաժողովի աշխատանքը եւ իրենց «երկար-բարակ հարցերով» չանհանգստացնեն հանձնաժողովականներին: Լրագրողների տարակուսանքից ու ընդդիմանալուց հետո միայն նախարարը մեծահոգաբար որոշեց այդ հարցը փակել եւ թույլ տալ լրագրողներին իրենց հարցերով դիմել հանձնաժողովականներին՝ պայմանով, որ դրանք, այնուամենայնիվ, երկար-բարակ չեն լինելու: Ասենք, որ ընդամենը 2 տարի առաջ էլ ինքը՝ նախարարն էլ էր իբրեւ լրագրող հավատարմագրված՝ լուսաբանելու ընդունելության քննությունները: Առարկայական հանձնաժողովների նախագահների մտահոգությունը այդպես էլ մնաց անհասկանալի: Ներկաներից ոմանք դա բացատրեցին նրանով, որ հանձնաժողովի նախագահները գուցե փորձ չունեն ու չեն պատկերացնում, թե լրագրողը որ չափով կարող է անհանգստացնել իրենց: Հանձնաժողովի նախագահների՝ այդ պաշտոնում փորձ չունենալու մասին թյուր կարծիքն էլ գալիս էր նախարարի՝ օրեր առաջ արված այն հայտարարությունից, թե նախագահներին ընտրելու հարցում հաշվի է առնվել 3 սկզբունք. ա/ որ նրանք լինեն պրոֆեսիոնալ, բ/ երբեւէ վարկաբեկված չլինեն, գ/ վերջին 3 տարիներին առնչված չլինեն ընդունելության քննություններին, ասել է թե՝ գոնե հանձնաժողովի կազմում հաստատ պետք է եղած չլինեին: Սակայն պետք է նշել, որ այդ նախագահների 1/3-ը անցյալ եւ նախանցյալ տարիներին եղել են կամ նախագահներ կամ տեղակալներ: Նախարարի նշած երրորդ կետի խախտումը օրինաչափ է: Ինչն էլ Ս. Երիցյանը մեզ բացատրեց նրանով, որ «կան մասնագետներ, որոնց չես կարող փոխարինել»: Խոսքն, օրինակ, օտար լեզուների մասնագետների մասին է: Դառնալով քննություններին լրագրողների մասնակցությանը, նշենք, որ նախարարը հիշեցրեց լրագրողներին, որ նրանք ընթացքին կարող են հետեւել միայն վերեւի օթյակներից, չեն կարող անցնել շարքերի արանքով, որովհետեւ «լրագրողը կարող է ինչ-որ բան պայմանավորվել ինչ-որ մեկի հետ»: Մի խոսքով, տպավորություն ստեղծվեց, որ հանրապետական ընդունող հանձնաժողովն իր ողջ կազմով դեռ օրեր առաջ լրագրողներից պաշպանվելու մեխանիզմներ է մշակել: Թեպետ նախարարը ժամանակ առ ժամանակ վստահեցնում էր, թե արգելքներ չեն լինի, որ լրագրողները կարող են մասնակցել անգամ ստուգման գործընթացներին, բայց միայն իր ուղեկցությամբ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել