ԻՆՉՊԵՍ ՉՄՆԱԼ ԹՇՎԱՌ ԵՎ ԱՆՏԵՐ Այսօր աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ եւ՛ աշխարհը, եւ՛ տարածաշրջանն իսկապես գտնվում են լուրջ եւ որակական փոփոխությունների փուլում, իսկ բոլոր նախկին պատկերացումներն ու մտապատճենները այլեւս չեն գործում: Մենք արդեն խոսել ենք «նոր աշխարհակարգի» եւ Ամերիկյան (կամ Նոր Հռոմեական) կայսրության հաստատման երեւույթների մասին: Վերջերս՝ նաեւ, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ կատարեց՝ կապված Հայաստանի քաղաքական ապագայի եւ կողմնորոշման հետ՝ նշելով, որ Հայաստանը պետք է մինչեւ 2013թ. դառնա կամ ձգտի դառնալ Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի անդամ, եւ մինչեւ 2008թ. Հայաստանից պետք է դուրս բերվեն ռուսական զորքերը: Մի բան, որ Հայաստանում հրապարակայնորեն դեռեւս ոչ ոք, անգամ ամենա«արեւմտամետ» քաղաքական ուժ, գործիչ, քաղաքագետ կամ հրապարակախոս բացահայտ չի ասել: Որքան հիշում ենք, Հայաստանի թե՛ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության բոլոր նախարարները միշտ հայտարարել են, որ Հայաստանի քաղաքական օրակարգում ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու հարցը դրված չէ, իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը մեր քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է, այն կնքվել է մեր ցանկությամբ, բխում է մեր շահերից եւ ունի հնարավորինս տեւական հիմք: Նախորդ եւ ներկայիս քաղաքական ընդդիմությունից որեւէ մեկը եւս երբեք չի խոսել վերոհիշյալ քայլերի մասին, հակառակը՝ բոլորը ձգտում էին շեշտել Մոսկվայի հետ իրենց կապերը, որոնք ո՛չ նրանց, ո՛չ էլ մեր երկրին որեւէ գործնական օգուտ չտվեցին: Մինչդեռ Հայաստանի քաղաքական օրակարգում այս հարցերը այսօր պետք է լինեն առաջնահերթ: Ինչո՞ւ: Այստեղ նախ եւ առաջ գործում է պարզ մի ճշմարտություն. եթե որեւէ պետություն ցանկանում է շարունակել գոյատեւել, զարգանալ եւ չմնալ համաշխարհային զարգացման «լուսանցքում», ապա նա պետք է դառնա այս աշխարհում առաջատար քաղաքական, տնտեսական եւ անվտանգության համակարգերի անդամ: Այսօր Հայաստանի համար առաջացել է մի կարեւոր հնարավորություն օգտվելու ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից հռչակված դոկտրինից (այն աշխարհին հայտնի է «Բուշի դոկտրին» անվան տակ), ըստ որի Միացյալ Նահանգները, ելնելով իրենց անվտանգության շահերից եւ կանխարգելիչ հարվածների իրավունքից, պահպանելով հիմնականում դաշնակցային հարաբերությունները իրենց ավանդական գործընկերների հետ, սկսում են ստեղծել իրենց համար նոր աշխարհաքաղաքական հենարան՝ համախմբելով իրենց շուրջ Խորհրդային կայսրության փլուզման հետեւանքով առաջացած նոր պետություններին՝ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքներում: Այսպես, արդեն այս պետություններ են տեղափոխվում մինչ այժմ Արեւմտյան Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորքերը: Սեփական տարածքում ամերիկյան ռազմակայանները ընդունելու պատրաստակամություն են հայտնել կամ արդեն ընդունում են, ինչպես նաեւ ԱՄՆ-ի բանակին օժանադակ օգնություն են ցուցաբերում Լեհաստանը, Հունգարիան, Լիտվան, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուզբեկիստանը, Կըրղըզստանը, Թաջիկստանը: Այս ծրագրի իրականացումն է, որ համաշխարհային եւ տարածաշրջանային իրադրության մեջ մտցնում է էական փոփոխություններ՝ նվազեցնելով ԱՄՆ-ի համար հին դաշնակիցների եւ՝ բարձրացնելով նորերի դերը: Եվ Ամերիկյան կայսրության ծավալմանը այսօր օբյեկտիվորեն ի վիճակի չեն հակազդել ո՛չ «հին» Եվրոպան (այն, ճիշտն ասած, նման ցանկություն էլ չունի), ո՛չ Ռուսաստանը, որը փորձեց ստեղծել «Հավաքական անվտանգության պայմանագիր» համակարգը՝ որպես հնարավոր հակակշիռ Արեւմուտքին եւ հատկապես Հյուսիս-Ատլանտյան դաշինքին, սակայն ինքը ստիպված եղավ, ելնելով հենց իր ռազմավարական պահանջներից, գալ համաձայնության ՆԱՏՕ-ի հետ՝ 19+1 ֆորմատով: Ավելին, Մոսկվան, չնայած իր խիստ նախազգուշացումներին, կուլ տվեց նախկին արեւելաեվրոպական եւ բալթյան երկրների մուտքը ՆԱՏՕ, եւ, կարծես թե, որեւէ կերպ չի կարողանալու խանգարել Ուկրաինայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միացմանը դաշինքին: Ուստի, նրանք կնախընտրեն կոորդինացնել իրենց գործողությունները Վաշինգտոնի հետ: Շարունակելի ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ