Լրահոս
Օրվա լրահոսը

Բլեյանը որպես պատասխանող

Հուլիս 22,2003 00:00

Բլեյանը որպես պատասխանող Բարեգործության եւ ընտրակաշառքի սահմանագիծը շատ փխրուն է Մարդու իրավունքների հայտնի պաշտպան ու սպառող Աշոտ Բլեյանին երեկ Կենտրոն Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարան էր հրավիրել «Հայ բարեգործների» /նախկինում «Շիրազ» բարեգործական կազմակերպություն,- Լ. Ս./ միջազգային կենտրոնի նախագահ Վիգեն Ղազարյանը՝ նրան մեղադրելով իր գործարար համբավն արատավորելու մեջ: Սակայն Վ. Ղազարյանը դատարան էր դիմել ոչ թե որպես հասարակական կազմակերպության ղեկավար, որի «գործարար համբավը» Ա. Բլեյանը արատավորել էր, այլ՝ որպես քաղաքացի: Այդ կապակցությամբ Ա. Բլեյանն ասաց. «Ես քաղաքացի Վիգեն Ղազարյանին չեմ ճանաչում, որպեսզի արատավորեմ նրա գործարար համբավը»: Բլեյանի այս հայտարարությունից հետո Վ. Ղազարյանը երկար համոզում էր, թե քանի անգամ է իր կյանքում ինքը բախտ ունեցել հանդիպելու Բլեյանի հետ, թե ինչպես է Բլեյանը գրամեքենա նվիրել իրենց կազմակերպությանը, եւ այլն, ինչին հակադարձելով Բլեյանն ասաց. «Մեկ ա ես Վ. Ղազարյանին չեմ ճանաչում: Կարող է գրամեքենա նվիրել եմ, չեմ հիշում, բայց ես դա ոչ թե Վ. Ղազարյանին եմ տվել, այլ բազմազավակներին»: Իսկ Վ. Ղազարյանին «գործարար համբավը» Ա. Բլեյանը հասցրել էր արատավորել դեռեւս մայիսի 20-ին «Հայկական ժամանակ»-ին հարցազրույց տալով, որտեղ ասել էր, թե «Շիրազ» բարեգործական միությունը «նույնպես ներգրավված է Հակոբ Հակոբյանի /թիվ 11 ընտրատարածք,- Լ. Ս./ ընտրաթիմում, վերջինիս կողմից ընտրակաշառք է բաժանում»: Դատարանում Վ. Ղազարյանը չհերքեց Հ. Հակոբյանի «Անուշ» միավորման կողմից ստացված «բարեգործական» տրիկոտաժների ստացման ու բաժանման փաստը՝ պատճառաբանելով, թե ինքը մեղավոր չէ, որ այդ բարեգործությունը համընկել է մայիսի 25-ի ԱԺ ընտրությունների հետ: Վ. Ղազարյանը նաեւ նշեց, թե ինքը միայն երեկ դատարանում տեղեկացավ, որ «Անուշ» տրիկոտաժների միավորման սեփականատերը Հ. Հակոբյանն է: «Ես չգիտեի, ես գիտեի, որ տնօրենը մինչեւ հիմա էլ խորհրդային ժամանակներից մնացած Շմավոնյան ազգանունով մի անձնավորություն է»,- արդարանում էր Վ. Ղազարյանը: Պրն Ղազարյանը դատարանում նաեւ խոստովանեց, որ ինքն ընտրությունների ժամանակ ԱԺՄ կողմից թիվ 11 ՏԸՀ անդամ է նշանակված եղել, ինչի առնչությամբ Ա. Բլեյանը հայտարարեց, թե ինքը քրեական գործ է հարուցելու այս բարեգործական միության նկատմամբ, քանի որ Ընտրական օրենսգրքով բարեգործական միություններին արգելված է մասնակցել նախընտրական քարոզարշավներին ու ընտրական գործընթացներին: Բացի դա, Ա. Բլեյանը հայտարարեց, որ Վ. Ղազարյանը ոչ միայն ՏԸՀ անդամ է եղել, այլեւ մասնակցել է բնակիչների հետ Հ. Հակոբյան թեկնածու հանդիպումներին ու հանրահավաքներին՝ նրանց կոչ անելով իրենց ձայնը տալ Հ. Հակոբյանին: «Ես իմ սեփական բարձրախոսն ունեմ, դիմել են ինձ, որ ես հայտարարեմ իրենց հանդիպումների մասին՝ հայտարարել եմ: Ով դիմել է՝ արել եմ: Դուք էլ դիմեիք Ձեր համար էլ կհայտարարեի»,- Բլեյանին խորհուրդ տվեց Վ. Ղազարյանը: Այս առաջարկը զարմացրեց անգամ դատավոր Գայանե Կարախանյանին. «Ի՞նչ է, Դուք «Գինդ» թերթ ե՞ք, ի՞նչ եք, որ Ձեզ դիմեն, Դուք հայտարարեք: Ի՞նչ է, ով դիմում է Ձեզ Դուք հայտարարո՞ւմ եք իր մասին»: Ա. Բլեյանին զայրացրեց Վ. Ղազարյանի արդարացումները. «Էս ցինիզմին պետք է վերջ տալ: Դուք /Վ. Ղազարյանը- Լ. Ս./ Ձեր այս հայտարարություններով, մեղմ ասած, հիմար վիճակի մեջ եք դնում նաեւ ՀՀ դատախազությանը, քանի որ մենք ՍԴ դիմելիս նրանց տվել ենք այս փաստերը ու նրանք գործի քննությունը կարճել են՝ պատճառաբանությամբ, թե ապացուցողական հիմքեր չկան»: Ա. Բլեյանը դատարանում ընթերցեց նաեւ Հ. Հակոբյանի «Առավոտին» տված այն մեկնաբանությունը, թե ինքը 1990-ից բարեգործությամբ չի զբաղվում, ինչը, սակայն, իր այս հայցով հերքում է Վ. Ղազարյանը: Այս հանգամանքները հաշվի առնելով, Ա. Բլեյանը դատարանին միջնորդեց Վ. Ղազարյանից պահանջել բոլոր փաստաթղթերը, որով բարեգործական պայմանագրեր են կնքվել «Անուշ» միավորման հետ, քանի որ թիվ 11 ընտրատարածքում պատգամավոր ընտրված Հ. Հակոբյանի դեմ ՍԴ ներկայացրած իր դիմումը, ըստ Ա. Բլեյանի, մերժվեց նաեւ այն պատճառով, թե Հ. Հակոբյանին պատկանող «Անուշ» միավորումը բարեգործությամբ չի զբաղվել: Բլեյանի միջնորդությունը բավարարվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել