Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԶԲԻՑ ԿԵՂԾՈՒՄ են

Հուլիս 22,2003 00:00

ՍԿԶԲԻՑ ԿԵՂԾՈՒՄ են Հետո խոստանում են «սխալներն ուղղել» ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալն ու ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ջիովանի Կեսլերի գլխավորած պատվիրակության անդամները երեկ ԱԺ-ում հանդիպեցին խումբ-խմբակցությունների ղեկավարներին։ Պրն Կեսլերը հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ԵԱՀԿ պատժամիջոցների կողմնակից չէ, այլ՝ համագործակցության եւ իրական օգնություն ցուցաբերելու ջատագով է։ ԵԱՀԿ ներկայացուցիչները փաստեցին, որ իրենք պատրաստ են օգնել, որ հետագայում Հայաստանում միայն ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն։ Պրն Կեսլերը որպես դիտորդական խմբի ղեկավար հետեւել է խորհրդարանական ընտրություններին եւ մոտ օրերս կհրապարակվի համատեղ մի փաստաթուղթ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը եւ ԵԱՀԿ, ԵԽ ԽՎ-ի համատեղ փաստաթուղթը)՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին. «հաջորդ քայլն ամփոփիչ զեկույցի հպագրությունը կլինի, իսկ դրան կհետեւի անցյալի թերություններն ու սխալներն ուղղելու, դասեր առնելու փուլը, որպեսզի հետագայում ավելի լավ ընտրություններ անցկացվեն, ասաց պրն Կեսլերը։ Հանդիպումից հետո մի քանի հարցով փորձեցինք պարզել՝ արդյո՞ք, ԵԱՀԿ ներկայացուցիչները խորհրդարանական ընտրություններում տեղ գտած բազմաթիվ խախտումները եւս դիտարկում էին մեր ազգային մենթալիտետի շրջանակներում, ինչպես այդ բանը նախագահական ընտրությունների ժամանակ արեց Սերժ Սարգսյանը։ Պարզվեց, ԵԱՀԿ-ն ներկայացուցիչների համար մեր ազգային մենթալիտետն այնքան էլ հետաքրքրություն չի ներկայացնում եւ իրենց համար կարեւոր է՝ ժողովրդավարակա՞ն էին ընտրությունները, թե՞ ոչ։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպումից հետո ասաց. «Եվ ընդդիմության ներկայացուցիչը (Ալեքսան Կարապետյան- Մ. Ե.) եւ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները, ըստ էության, միակարծիք էին, որ՝ այո, ընտրություններում արձանագրվել են թերություններ, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ հաջորդ ընտրությունները նման գնահատականի՝ միջազգային չափանիշներին չհամապատասխանող, չարժանանան։ Ներկայացվեց, որ որոշակի քայլեր արդեն արվում են, նախատեսվում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատելու ծրագիր, սեպտեմբերին այդ ծրագիրը պետք է մանրամասն քննարկվի եւ հաստատվի։ Մենք պատրաստ ենք համագործակցել նաեւ ԵԱՀԿ-ի եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի հետ»։ Հանդիպման ժամանակ «Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը մոտավորապես հետեւյալ միտքն էր ներկայացրել. շատ լավ է, որ մտադրություն կա «Ընտրական օրենսգրքի» բարեփոխմամբ զբաղվել, բայց, բուժվելու համար նախ հարբեցողը պետք է ընդունի, որ ինքը հարբեցող է։ Ըստ Ալեքսան Կարապետյանի՝ իշխանությունը բոլորովին հակված չէ քաղաքական կամք դրսեւորել՝ նորմալ եւ ժողովրդավար ընտրություններ անցկացնելու համար։ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ. «մինչ պրն Կարապետյանը, ես ինքս նաեւ ընդգծեցի, որ եթե օրենքներում բարելավումներ են անհրաժեշտ լինելու, ուրեմն անպայման կանենք, բայց, առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամքի դրսեւորում, անհրաժեշտ է համագործակցություն ընդդիմության եւ իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի միջեւ։ Այնպես որ, կարծում եմ, իմ եւ պրն Կարապետյանի տեսակետները ոչնչով չէին տարբերվում, առավել եւս չէին տարբերվում այն առումով, որ խախտոմւներ թույլ տվողները պետք է պատժվեն»։ Իհարկե, մոտ ապագան ցույց կտա, թե որքանով պետք է պատժվեին այդ մարդիկ։ Ընդ որում, խոսքը միայն խորհրդարանական ընտրությունների ընթացքում կեղծիքներ թույլ տվածների մասին է։ Ըստ դատախազության տվյալների՝ «26 գործ է հարուցվել, 26-ից 13-ի քննությունն ավարտվել են, իսկ նրանցից 6-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարաններ»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին հանդիպումից հետո հարցրինք՝ արդյո՞ք չորս տարի հետո մեր ազգային մենթալիտետն այնքան կփոխվի, որ մենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնենք։ Ըստ պրն Մկրտչյանի. «բնական է, որ յուրաքանչյուր երկիր պետք է փորձի հաղթահարել իր զարգացման ճանապարհին ունեցած խոչընդոտները։ Ընտրությունների վերաբերյալ ընդհանուր գնահատականը հայտնի է, եւ այս իմաստով պետք է քայլեր կատարեն հատկապես օրենսդիր եւ գործադիր մարմինները ներկայացնող քաղաքական ուժերը, բացառելու համար այն բացասական երեւույթները, որոնք տեղ գտան այս ընտրությունների ժամանակ։ Սա ենթադրում է երկու ծավալի աշխատանք, առաջինը՝ քաղաքական դաշտի, երկրի հասարակական կարծիքի, ժողովրդի դաստիարակության գործընթաց, նաեւ՝ քաղաքական ուժերի պատասխանատվության մեծացում։ Երկրորդը՝ օրենսդրական դաշտում մեծ աշխատանք, որը կբացառի կամայականությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել