Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿՑԵՑ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 17,8 ՏՈԿՈՍԸ

Հուլիս 22,2003 00:00

ՄԱՍՆԱԿՑԵՑ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 17,8 ՏՈԿՈՍԸ Թիվ 16 ընտրատարածքում «ջախջախիչ հաղթանակ» տարավ Վլադիմիր Բադալյանը (ոչ խնամի) Մայրաքաղաքի Կենտրոն համայնքում կիրակի օրը պատգամավորական տեղի համար մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցան վերընտրություններ։ Համայնքի բնակիչներն այդ գործընթացում հատկապես աչքի ընկան պասիվությամբ։ Այսպես, 43800 ընտրողից իր քաղաքացիական պարտքը բարեխղճորեն կատարեց ընդամենը 7823 մարդ։ Մնացյալը՝ ազգիս անհայտ պատճառներով բաց թողեցին պատմական պահը (ականջը կանչի Պարույր Հայրիկյանի)։ Սույն գործընթացի արդյունքում, նախնական տվյալներով, մայրաքաղաքի Կենտրոն համայնքի «ընտրյալ» վերահաստատվեց Վլադիմիր Բադալյանը (չշփոթել ՀՀ նախագահի արդեն իսկ պատգամավոր խնամու հետ)։ Նորընտիր պատգամավորը «Հրազդան» համալիրի գործադիր տնօրենն է, ու թեեւ անկուսակցական է, բայց վայելում է իշխող Հանրապետական կուսակցության հովանավորությունը։ Պատգամավորի քաղաքական հայացքները, հետեւաբար, մոտ են բուռնաշական եւ նժդեհական գաղափարախոսությանը։ Պրն Բադալյանին իրենց «ձայնը տվեց» 5408 ընտրող։ 1866 ձայն բաժին հասավ նրա հիմնական մրցակից, «Արդարություն» դաշինքը ներկայացնող եւ արդեն իսկ համամասնականով պատգամավոր ընտրված Շավարշ Քոչարյանին։ Ալեքսանդր Գիվոեւին վստահության իրենց քվեն տվեցին 81, Կարտոյան Վլադիմիրին՝ 66, Վանյա Մխիթարյանին՝ 26 մարդ։ Կեղծիքների ձեռագիրը, ինչպես նաեւ, այսպես ասած, հիմնական օջախները անփոփոխ էին։ Ինչպես միշտ, այս ընտրություններին էլ մասնակցեցին տվյալ համայնքում չգրանցված մարդիկ, որոնց անունները ընտրացուցակներում առկա էին։ Թելմանի դպրոցում տեղակայված 0360/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արման Միրզոյանը, իր տարածքում սույն փաստի առկայությունն այսպես բացատրեց՝ «մարդիկ առաջ են էստեղ գրանցված եղել, մեխանիկորեն, ինչ-ինչ պատճառներով հիմա էլ կան ցուցակներում»։ Իսկ թե ինչո՞ւ էր հենց այդ ընտրազանգվածն ակտիվ մեր դիտարկումն անարձագանք մնաց։ Նույն տեղամասում «Արդարությունը» ներկայացնող հանձնաժողովի անդամ Սոնա Մաղաքյանը պատմեց, որ «երկու օր է ահազանգում են, վախեցնում, հայհոյում»։ Իսկ Շավարշ Քոչարյանի վստահված անձ Վ. Գասպարյանի պնդմամբ՝ «մթնոլորտը շիկացած է, հանձնաժողովի բոլոր անդամները դաշինքի ներկայացուցչի նկատմամբ լավ չեն տրամադրված։ Նա բծախնդրորեն պաշտպանում է օրենքի տարրը, նրանք էլ անընդհատ կոպտում ու վիրավորում են»։ Երեկ հայտնի դարձավ, որ արդյունքների ամփոփման ժամանակ, այս տեղամասում ընտրացուցակներում ընտրողների թվի եւ տուփում առկա քվեաթերթիկների տարբերություն է եղել։ Քվեաթերթիկները ավելի են եղել մոտ 100-ով։ Ռուսթավելու դպրոցի 0353/16 տեղամասում օրը ցերեկով (ժամը 15-ի սահմաններում) 34 քվեաթերթիկ անհետացել է։ Ըստ «Արդարությունը» ներկայացնող հանձնաժողովի անդամ Սուսաննա Եփրեմյանի, 100 քվեաթերթիկ ստանալուց հետո՝ «ցուցակում 66 ստորագրություն էր, բայց արդեն քվեաթերթիկ չկար»։ Բոլոր վստահված անձերն ու դիտորդները հաստատեցին ասվածը։ Ահազանգից հետո, մինչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ դաշինքի ներկայացուցիչ անդամի ժամանումը քվեաթերթիկները հայտնվում են իրենց տեղում։ Ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը եւ մյուս յոթ անդամները միահամուռ պնդում էին, որ ընդամենը «սխալ հաշվարկ է» եղել։ Նույն դպրոցի 0354/16 տեղամասում, որտեղ լցոնման դեպք էր եղել, հանձնաժողովի նախագահ Վահրամ Հովսեփյանը պնդեց, որ «արտառոց ոչինչ չկա. ոչ լցոնել են, ոչ էլ փորձ են արել»։ Մինչդեռ ըստ Շ. Քոչարյանի եւ Ալ. Գիվոեւի վստահված անձինք Գոհար Շահբազյանի եւ Եղսիկ Եթարյանի, երեք երիտասարդ եւ մեկ կին՝ «յուրաքանչյուրը 10-ից ավելի քվեաթերթիկ է լցրել»։ Բացի այդ, կնիքը եւս «թաց» էր։ Տեղամասում գտնվող միլիցիոներները նրանց թույլ չեն տվել հեռախոսից օգտվել, որպեսզի «շտաբներին տեղյակ պահեինք այդ մասին»։ Հանձնաժողովի նախագահն էլ իր հերթին փաստերի առիթով արձանագրությունները չէր ընդունել, պատճառաբանելով, որ «ոչինչ էլ չի եղել»։ Երեկ ամբողջ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմում-բողոքներ էր ստանում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել