Կասկադն աղավաղված է Հայաստանում է մոսկվաբնակ գիտնական, գրող, թարգմանիչ Աշոտ Սահրադյանը՝ «Սարոյան եղբայրներ» հայտնի ֆիլմում պանդոկապետ Սեւաչերյանի դերակատարը։ Նա տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանում խոստացել են Մաշտոցի պողոտայի թիվ 4 շենքին փակցնել հուշատախտակ այն մասին, որ այդտեղ ապրել է իր հայրը՝ Հայաստանի վաստակավոր շինարար, Կասկադի նախագծի հեղինակ Արիստակես Սահրադյանը։ Շինարարի որդին պնդում է, որ այսօր ոչ միայն յուրացրել են հոր նախագիծը, այլեւ աղավաղել են այն։ Որպես ապացույց, նա ներկայացնում է 1968թ. հունիսի 27-ի «Շինարար» թերթում տպագրված հոդվածը՝ կառուցվելիք Կասկադի մասին։ Ըստ Աշոտ Սահրադյանի, այսօրվա Կասկադը չի համապատասխանում նախագծին, քանի որ խախտվել են բոլոր ճարտարապետական չափանիշները։ Թամանյանի ստեղծած Երեւանի առաջին նախագիծը բազմիցս փոփոխվել է՝ պայմանավորված Երեւանի բնակչության թվի կտրուկ մեծացմամբ։ Թամանյանից հետո լայնացվել է Երեւանի հատակագիծը, նրա մեջ են ընդգրկվել նաեւ մայրաքաղաքի շրջակա գյուղերը։ 1960-ականների ՀՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության օրգան «Շինարարը» գրում է, որ Հյուսիսային կասկադի հեղինակները՝ հայր եւ որդի Արիստակես եւ Մաքս Սահրադյանները, հաշվի առնելով Երեւանի բնակչության աճի աննախադեպ տեմպերը, եկել են այն եզրակացության, որ «հազարավոր մարդկանց երթեւեկությունը դեպի Քանաքեռի սարահարթ եւ հակառակ ուղղությամբ՝ 40-45 աստիճան թեքությամբ, հոգնեցուցիչ է»։ Դրա համար նրանք մտածում էին, որ Կասկադի վերին մասում անպայման պետք է կառուցվի կայարան-տաղավար, որի շնորհիվ «կբեռնաթափվեր» «Երեւան» կայարանը։ Կասկադը, ըստ Սահրադյանների նախագծի, պետք է կառուցվեր սարալանջին, որը ձգվելու էր Հյուսիսային կայարանից մինչեւ Թամանյան փողոց եւ ունենալու էր 444 մետր երկարություն։ Կենտրոնից ստորերկրյա խողովակներով հոսելու էր ջրվեժը, որը ջուր էր ստանալու Հաղթանակի զբոսայգում կառուցված ջրամբարից։ Իսկ Հյուսիսային կայարանի հրապարակում գործող երկու շատրվանների ջուրը, 1500 աստիճաններով հոսելով, ընդունելու էր թաղանթի ձեւ եւ արեւի ճառագայթների տակ ծիածանի պատրանք էր ստեղծելու։ Այսինքն, ամբողջ Կասկադը վերածվելու էր մի յուրահատուկ ծիածանի եւ թվալու էր, որ սարալանջին միշտ ծիածան է կապած։ Սահրադյանները երազում էին Կասկադի երկու կողմում տեսնել վերերկրյա շարժասանդուղք՝ ապակեծածկ տանիքով, իսկ սահող աստիճանների աջ ու ձախ կողմերում՝ ճանապարհ հետիոտնի համար։ Ոլորապտույտ ճանապարհին պետք է տեղադրվեին հայոց էպոսի, հեքիաթների հերոսների ու հայոց մեծերի արձանները։ Շնորհիվ շարժասանդուղքի, երթեւեկության տեւողությունը Թամանյան փողոցից մինչեւ Հյուսիսային կայարան կամ Հաղթանակի այգի, ըստ նախագծի հեղինակների, պիտի տեւեր 2-3 րոպե։ Այդպիսով քաղաքը նաեւ կբեռնաթափվեր ավելորդ տրանսպորտային միջոցներից։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ