Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռներում՝ բնությանը մոտ

Հուլիս 19,2003 00:00

Լեռներում՝ բնությանը մոտ Մինչ գիտնականներն ու պետական պաշտոնյաները մտածում են ինչպես բարելավել լեռնային գոտիներում ապրողների սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, վերջիններս «իրենց գլխի ճարը տեսնում են»։ Երեւի ճիշտ էլ անում են այդ բնակիչները, քանի որ իրենց հեռավոր սարերում, ինֆորմացիայի պակասի պայմաններում, անգամ նրանց հասնում է, որ պետությունն իրենց վրա ծախսելու փող չունի։ Անցյալ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցած «Կովկասի լեռնային շրջանների կայուն զարգացում» կոնֆերանսում տեղեկացանք, որ Վրաստանն ունի օրենք «Լեռնային բնակավայրերի մասին»։ Սակայն միեւնույն է, Վրաստանը, իր հարեւան երկրների նման, ի վիճակի չէ վերականգնել խորհրդային տարիների բարիքները, որոնցից օգտվում էին «բարձրլեռնային գոտու» բնակիչները։ Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության նախարար Նինո Չխոբաձեն էլ ասաց, որ եթե ֆինանսական միջոցներ լինեին, իրենք վաղուց դրանք տրամադրած կլինեին լեռնային գյուղերում ենթակառուցվածքների, հետեւաբար եւ դրանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Կոնֆերանսի մեր պատվիրակներից ոմանք հենց նույն պատճառով ավելորդ համարեցին անգամ Հայաստանի համար նման օրենքի ստեղծումը։ «Եթե չենք կարողանալու այդ ամենը արտացոլել բյուջեում, ի՞նչ իմաստ կունենա օրենքի ընդունումը։ Դա երեսպաշտություն կլինի»,- ահա եւ փաստարկը։ Ինչպես գրել էինք մեր նախորդ համարներում, կոնֆերանսից առաջ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը լրագրողների համար կազմակերպեց էքսկուրսիա դեպի Կազբեկ լեռ եւ Կազբեկի շրջանի գյուղեր։ Պատմական Խաչի լեռնանցքից (ԽՐպրՑՏՉօռ տպՐպՉՈս) հետո ընկած այս շրջանը ծովի մակերեւույթից 1200-1700մ բարձրության վրա է։ Ինչպես վայել է լեռներին, այստեղ երբեք զով չի լինում՝ արեւ ժամանակ շատ շոգ է, իսկ անձրեւն ու քամին հուլիսի կեսին խոր աշնան ցուրտն են ապահովում։ Դարերի պատմություն ունեցող Սնո գյուղում, օրինակ, դրա ելքը գտել էին՝ ընդամենը օգտվելով բնության տվածից։ Այստեղի լեռները հարուստ են թերթաքարով, որը թեթեւ է եւ հրակայուն։ Բնակիչները նույնիսկ այն արդյունահանելու կարիք չունեն, ուղղակի հավաքում են սարերից առանձնացող քարազանգվածը, որն ավելի շատ փայտ է հիշեցնում։ Նկարում պատկերված տունը հարյուր տարեկան է եւ ինչպես Սնոյի բնակարանների 90%-ը, կառուցված է թերթաքարից, առանց սվաղի։ Թերթաքարը ժամանակի ընթացքում «նստելու» հատկություն ունի եւ շուտով քարակտորները յուրօրինակ կերպով սերտաճում են։ Այնպես որ, իրենցով փոխարինում են սվաղին։ Այսպիսի բնակարանում շոգին զով է եւ հակառակը։ Առաջներում պատուհանները ծածկել են հորթի յուղած կաշվով, այսօր՝ ապակիով։ Սնոյում դեռ կային տներ, որոնց թերթաքարե պատերը դրսից պատված էին աթարով։ Դա ավելի է բարձրացնում քարի թերմոդինամիկությունը։ Տեղացիները վստահեցնում էին, որ այսպիսի բնակարանը ամենահարմարն է երկրաշարժի ժամանակ՝ փլվելու սովորություն չունի։ Ի դեպ, այսպիսի տների ոչ պատուհանները, ոչ էլ դռները փայտի գերաններով չեն ամրացված, այլ՝ դարձյալ թերթաքարով, միայն թե դրա խոշոր՝ գերանաչափ կտորներով։ Ինչպես ասում են՝ «էկոլոգիապես մաքուր» բնակարան է։ Այսպիսի օրինակները լեռնային գյուղերում շատ-շատ են, երբ տեղաբնակները քաղաքակրթության բարիքները փոխարինում են դարերի իմաստնությամբ ու բնության տվածով։ Եվ հարմարվում իրենց ծննդավայրի երբեմն դաժան բնակլիմայական պայմաններին ու անբյուջե պետությանը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել