Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇԱՐԺ Է ՆԿԱՏՎՈՒՄ

Հուլիս 19,2003 00:00

ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇԱՐԺ Է ՆԿԱՏՎՈՒՄ Բենզինի համաշխարհային շուկան փակ է, իսկ գների մասին տվյալները, պարզվում է, բոլորին չէ, որ հասանելի են:Դրանք վճարովի են, ընդ որում՝ թանկ արժեն: Օրինակ, ընթացիկ (օրվա) գների մասին տեղեկություններն «արժեն» 6000 դոլար: Այդ պատճառով է, որ, ասենք, Հայաստանում սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում այդ տեղեկություններին, բնականաբար` այդ բիզնեսով զբաղվողները: Հետեւաբար, հենց վերջիններն էլ Հայաստանում թելադրում են գները՝ առանձնապես փաստարկված դիմադրության չարժանանալով: Որովհետեւ, ասենք, պետական պաշտոնյան չի կարող թույլ տալ իրեն անընդհատ նման տվյալներ «գնել», ստուգելու համար, թե արդյոք հանրապետությունում բենզինի գների հերթական թանկացումների վերաբերյալ ներկրողների կամ վաճառողների հիմնավորումները ճի՞շտ են: «Առավոտի» համար էլ է, ճիշտն ասած, դա թանկ հաճույք, ուստի սպասվող թանկացումը բենզինի միջազգային շուկայում գների բարձրացման հետ կապելու վերաբերյալ հիմնավորումներն «առաջին ձեռքից» ճշտելու փոխարեն որոշակի տեղեկություններ ստացանք լավատեղյակներից: Նրանց տեղեկացմամբ, բենզինի համաշխարհային շուկան բաժանված է վեց տարածաշրջանի: Հայաստանը մտնում է MEDITAL (Միջերկրական-Իտալիա) տարածաշրջանի մեջ եւ շարժվում է այստեղ ձեւավորված գներով, որոնց մասին, ինչպես ասացինք, տվյալները սուղ են: Այս մասին ամենաթարմ տեղեկությունն այն է, որ շրջանառության մեջ են դրել բենզինի բիզնեսով զբաղվողները. միջազգային շուկայում գների բարձրացում է սպասվում: Սրանով էլ պայմանավորում են արդեն մի քանի բենզալցակայաններում փոքր-ինչ թանկացումը: Այս մասին այլ աղբյուրից տեղեկատվություն չկա: Բայց քաջատեղյակ մասնագետների հաշվարկով, եթե նույնիսկ այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա դա սպասվող թանկացման միակ պատճառը չէ: Նրանց կարծիքով, գների հերթական աճի համար էական նշանակություն է ունեցել նաեւ վերջին տարում բենզինի Հայաստանյան շուկայում նկատվող աշխուժությունը: Ներկրման եւ իրացման ծավալների փոփոխություն է տեղի ունենում, նոր տնտեսվարողներ են ի հայտ եկել (որոնց անունները չենք նշում կոմերցիոն նկատառումներով): Բոլոր տնտեսվարողները միասին վերցրած, ըստ մեր աղբյուրների, առայժմ չստուգված տեղեկություններով, բաժանվում են երկու խմբավորումների՝ «Միկա» եւ «Մաքս գրուպ»: Չի բացառվում, որ վերջին տարիներին արձանագրված բենզինի ներկրման ծավալների անկումը մասամբ պայմանավորված լինի նաեւ սրանով: 1999-2000թթ. ներկրման ծավալը նվազել է ավելի քան 70 հազար տոննայով: Շուկայում այս ծավալի «տեղը» պատկերացնելու համար նշենք, որ, օրինակ, 2001թ. Հայաստան է ներկրվել ընդամենը 174,5 հազար տոննա բենզին: Այսինքն~ ծավալը կրճատվել է շուրջ 40 տոկոսով: Այս փաստը, մեր տեղեկություններով, տարակուսանքի տեղիք է տվել նաեւ հանրապետության նախագահին, որի պատճառով էլ հանրապետության լավագույն մասնագետներին շուկան ուսումնասիրելու հանձնարարական էր տվել: Ենթադրվում է, որ իրացման ծավալները չեն փոխվել (չնայած ստույգ հաշվարկ անելն էլ գրեթե անհնար է)~ նախ եւ առաջ տնտեսության աճի պատճառով: Գների բարձրացումը մասնագետների կարծիքով պայմանավորված է նաեւ որակի համապատասխանության ինտենսիվ ստուգումներով: Բենզին վաճառողներն արդեն ստիպված են լինելու «մաքուր» վիճակում վաճառել, ինչն էլ կհանգեցնի իրականին մոտ ծավալների հայտնաբերմանը: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել