Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ԴԱՏԱՐԱՆ ՉԻ ԴԻՄԻ

Հուլիս 19,2003 00:00

«Ա1+»-Ը ԴԱՏԱՐԱՆ ՉԻ ԴԻՄԻ «Ոչի՛նչ չի նշանակում այն, որ «Ա1+»-ը եթեր չունի: «Ա1+»-ը եղել է, կա եւ շարունակում է մնալ պրոֆեսիոնալ: Եվ շարունակելու է աշխատել՝ թերթում կամ «Համասփյուռի» եթերում՝ երկրորդական է,- Ազգային հանձնաժողովի երեկվա որոշումից հետո ասաց հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:- «Ա1+»-ը գոնե ունի իր երկիրը սիրող թիմ: Իսկ ի՞նչ ունի Ռոբերտ Քոչարյանը, կամ Գրիգոր Ամալյանն ու Շամիրամ Աղաբեկյանը, որ համատեղում են անգրագիտությունն ու ցինիզմը՝ ինձ համար պարզ չէ»: Կապուղի չտրամադրելու ՀՌԱՀ-ի փաստարկների առնչությամբ ասաց. «Նրանց համար պրոֆեսիոնալը նա է, ով շատ փող ունի եւ իրենց ավելի շատ է ժպտում»: Մեսրոպ Մովսեսյանը խոստացավ, թե արտերկրից փորձագետներ է հրավիրելու՝ «Ա1+»-ի եւ մյուս հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները քննելու եւ գնահատելու համար: Իսկ մտադի՞ր է այս անգամ եւս Ազգային հանձնաժողովի որոշումները վիճարկել դատական ատյաններում: «Դատարան դիմելն անիմաստ է,- պատասխանեց պրն Մովսեսյանը:- Դատավորները «լակեյի» կարգավիճակում են, եւ համարում եմ, թե Հայաստանում ընդհանրապե՛ս գոյություն չունի երրորդ իշխանություն: Եթե այդ ատյաններին դիմեմ էլ, ապա միայն դատախազություն՝ պաշտոնի չարաշահման հայցով եւ կփորձեմ պարզել՝ այս ամենն Ազգային հանձնաժողովի ղեկավարների ոչ լիարժեք առողջական վիճակի՞ հետեւանքն է, թե՞ նրա, որ իրենք էլ են «լակեյական» վիճակում գտնվող չինովնիկներ: Բայց դեռ դատախազություն դիմելուս հարցը պիտի քննարկեմ փաստաբաններիս հետ»: Ի դեպ՝ Մեսրոպ Մովսեսյանը կարծիք հայտնեց, թե կատարվածը ոչ միայն քաղաքական պատվերի, այլ նաեւ «անձնական հաշվեհարդարի» հետեւանք է: Ըստ այդմ, քանի դեռ երկրում այս ղեկավարն է եւ Ազգային հանձնաժողովի տվյալ կազմը՝ «Ա1+»-ը չի ստանա կապուղի: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել