Քաղաքական պլագիատի առանձնահատկությունները Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանն առանց ավելորդ աղմուկի, հետեւաբար եւ առավել մեծ արդյունավետությամբ է ինտեգրվում ՆԱՏՕ-ին։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, դիտարկում անելով, որ Հյուսիսատլանտյան բլոկի եւ Ադրբեջանի մերձեցման ընթացքը վաղուց արդեն «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրից դուրս գալու եւ «ինքնուրույն» հունով զարգանալու հետեւողական միտում ունի։ «Ն.Գ.»-ն հավելում է, որ բացի ՆԱՏՕ-ին իր տարածքում ամրագրելու գերխնդրից, Ադրբեջանը նաեւ ընթացիկ եւ զուտ գործնական նպատակներ է հետապնդում։ Այդ թվում՝ ազգային բանակի բարեփոխում ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան, ռազմական արդյունաբերության զարգացում եւ նոր զինատեսակների յուրացում։ Եթե այս ամենին հավելում ենք նաեւ այս հանրապետության տարածքում ալյանսի ռազմաբազաների տեղակայման ծրագրերն ու ամերիկյան զորախմբի վերահաս դիսլոկացիան, ապա առավել քան տպավորիչ արդյունք է ստացվում։ Ամենաուշագրավն այս ողջ գործընթացի մեջ այն է, որ Բաքվին զարմանալիորեն հաջողվում է ՆԱՏՕ-ից ստացվող պատկառելի օժանդակության նպատակային իրացումը կազմակերպել իր համար առավելագույնս անվտանգ կերպով։ Դիտորդները նշում են, որ այն դեպքում, երբ Վրաստանում հանդիսավորապես թմբկահարվում է ալյանսի կողմից այս երկրի նկատմամբ դրսեւորվող ուշադրության ցանկացած նշան՝ սկսած վրացի զինվորներին երկարաճիտ կոշիկներով ապահովելուց, վերջացրած «ԱՎԱԿՍ» տիպի հետախուզական ինքնաթիռների թռիչքներով, Ադրբեջանը վարպետորեն թաքցնում է ՆԱՏՕ-ի հետ իր շփման իրական մակերեսները։ «Աշխարհաքաղաքական շահերի ընդհանրությունների մասին ոչ թե ազդարարում են, այլ աշխատում են այդ շահերի իրացման ուղղությամբ»,- ոչ առանց գոհունակության նկատում են տեղի դիտորդներն ու մատնանշում այդ օգտակար ոճի արդյունքները. այլեւս անդառնալիորեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին կանգնած Ադրբեջանն այսօր գրեթե բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ իր նկատմամբ առնվազն թշնամաբար չի տրամադրել Իրանին։ Վերը շարադրվածի լույսի տակ ցավալիորեն պարզ է դառնում, որ մեր տարածաշրջանում, փաստորեն, տեղի է ունեցել քաղաքական պլագիատի լկտի ակտ։ Ադրբեջանն, ըստ էության, յուրացրել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հեղինակած կոմպլեմենտարիզմի տեսությունը եւ փայլուն կերպով կիրառել է այն։ Մինչդեռ Հայաստանին չի հաջողվել անգամ հոդաբաշխ կերպով հանրությանը բացատրել այդ բառի իմաստը։ Ասենք, պաշտոնական Երեւանը եւս քաղաքական պլագիատի հարցում պակաս լկտին չէ։ Օրինակ, այստեղ, ճարպկորեն ընդօրինակելով Թուրքմենբաշուն, փակում եւ այլեւս չեն բացում վարչախմբի տակ չպառկող լրատվամիջոցներին։ Տարբերությունն այն է միայն, որ առաջին դեպքում պլագիատի անհրաժեշտությունը բխում է պետության ռազմավարական, իսկ երկրորդ դեպքում՝ մի խումբ տկարամիտ ուզուրպատորների նեղ անձնական շահերից։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ