Լրահոս
Օրվա լրահոսը

«Լակոտները» որոշեցին

Հուլիս 19,2003 00:00

«Լակոտները» որոշեցին Քաղաքական գործիչները՝ «Ա1+»-ի եթերազրկման մասին Մինչ Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ կհայտարարեր, որ «Ա1+» հեռուստաընկերությանը դարձյալ կապուղի չի տրվում, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահեցնում էր, որ այս անգամ «Ա1+»-ի ճակատագիրը ոչ թե «այս լակոտների /իշխանությունների- Լ. Ս./ որոշելիք հարցն է», այլ՝ ԵԽ-ի: Իսկ սա, կարծես, «Ա1+»-ի վերջին հնարավորությունն էր: «Վաղ, թե ուշ՝ կտան»,- ասաց Հայրիկյանը՝ ավելացնելով, թե դա կախված է նրանից, թե «որքան շուտ հասարակությունն իրեն թափ կտա ու կընդվզի այս իշխանությունների դեմ»: «Ա1+»-ի վերահեռարձակումը կարեւորում էր նաեւ ԵԽ-ն՝ հավաստելով, թե Հայաստանում պետք է լինի անկախ հեռուստաալիք, որը եթերում կապահովի բազմակարծությունը: Սա շրջանցվեց, իսկ մահապատժի վերացման հարցը իշխանությունները պայմանավորում են հենց ԵԽ172ի հետ ու պնդում, թե այն չկատարելու դեպքում Հայաստանը դուրս կմնա ԵԽ-ից: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, եթե ԵԽ-ը կարեւորում էր «Ա1+»-ի վերաբացումը, ապա ամենեւին էլ պարտադիր չէ, որ «Ա1+»-ին կապուղի տրվեր: Իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովի երեկվա որոշմանը, ապա Տ. Թորոսյանն ասաց. «Կարծում եմ, հաղթած հեռուստաընկերությունների գոնե մի մասն իր փորձով, կարողություններով ու հասարակությանն իր օգտակարության առումով զիջում էր «Ա1+»-ին»: Տ. Թորոսյանը դժվարացավ մատնանշել որեւէ պատճառ, որը կարող էր հիմք ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը՝ մերժելու «փորձառու» «Ա1+»-ի ծրագիրը: Արդյոք պատճառը քաղաքական չէ՞: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես չեմ ուզում նման բան տեսնել դրանում, քանի որ այդ հարցն ու հարցի քաղաքական գինը շատ մեծ նշանակություն ունի: Չեմ կարծում, թե նման մարդ լինի Հայաստանում՝ նման թանկ գին վճարելու համար»: ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը, որը բավական մեծ հույսեր ուներ, թե այս անգամ կվերաբացվի «Ա1+»-ը, հայտարարեց. «Տխրում ու զարմանում եմ. ես վստահ էի, որ պիտի շահի այս անգամ: Հավատում էի, որ օդը պիտի թափանցիկ դառնա եւ «Ա1+»-ն իր տեղը պիտի վերադառնար: Ես շատ էի ուզում, որ նրանք եթեր ունենային, քանի որ այս երկիրը պետք է տարակարծություն ունենա: Ես դրա կարիքը միշտ ունեցել եմ: Եթե մի քիչ հեռատեսություն ունենային, ապա նման բան չպիտի անեին: Այսպիսի բաներ չէ, որ ձեռքի հետ դասավորել են, սա էլ կարող էին անել»: Իսկ «Արդարություն» դաշինքը, որի ներկայացուցիչները հարկ եղած դեպքում հայտարարում էին, թե իրենք պայքարում են «Ա1+»-ի համար ու նրանց կողքին են, երեկ մրցույթի արդյունքների հրապարակման ժամանակ ներկայացել էր միայն ԱԺԴ փոխնախագահով: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց հայտարարությունները սոսկ խոսքեր չէի՞ն. «Եթե Ձեզ հարմար է այդպես մեկնաբանել, դա Ձեր գործն է: Ես հայտնում եմ մեր աջակցությունն «Ա1+»-ին, եւ կարծում եմ՝ մենք ապացուցել ենք, որ «Ա1+»-ի եւ ազատ մամուլի համար մենք միշտ անկեղծ պայքարել ենք: Այս որոշումը մեզ համար անսպասելի չէր: Պարզ է, որ սա հերթական պատվերն էր, ինչն ապացուցում է, որ նրանք վախենում են «Ա1+»-ից»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն էլ ասաց. «Այնքան, որքան ես եմ պայքարել այս իշխանությունների դեմ, ոչ ոք չի պայքարել: Անգամ եվրոպական կառույցների առջեւ եմ «Ա1+»-ի հարցը բարձրացրել: Բայց քանի իշխանությունը ոչ լեգիտիմ Քոչարյանի ձեռքում է, որեւէ բան չի փոխվի»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել