Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ը՝ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ

Հուլիս 19,2003 00:00

ՀՌԱՀ-Ը՝ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ Գնահատման նույն մոտեցումները կիրառելով՝ հաջորդ մրցույթում ՀՌԱՀ-ը կապուղի չտրամադրելու իր որոշումը կարող է պատճառաբանել այն հանգամանքով, որ «Ա1+»-ի նախագահը գլխարկ չի դնում: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքները կարելի էր հրապարակել առանց անգամ նրանց երեկվա նիստին ներկա լինելու: Դարձյալ հանձնաժողովի ղեկավարները «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» «2» գնահատեցին, իսկ նրանց մրցակիցներին՝ բարձր: Դարձյալ հանձնաժողովի անդամներ Կարինե Խոդիկյանն ու Արա Թադեւոսյանը «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին 4 գնահատեցին, իսկ նրանց մրցակիցներին՝ ցածր: Իսկ հանձնաժողովի մնացած անդամները նշանակում էին «2» կամ «3»: Այս ամենի հետեւանքով «Ա1+» եւ «ՆՏ»-ն հավաքեցին 21-ական միավոր, «TV-5»-ը՝ 25, «Երեւանը»՝ 27, «ԷՎ»-ը՝ 29, իսկ «ԱրմենԱկոբը»՝ 31: Եվ որեւէ պատճառաբանություն չներկայացվեց, թե ինչով էին պատճառաբանված այս գնահատականները: Իշխանամետ թերթերից մեկի միջոցով նախօրոք էին փորձել հասարակական կարծիքը նախապատրաստել, եւ բացահայտել էին, թե «Երեւանն» ու «TV-5»-ը բավարար շենքային պայմաններ ունեն, իսկ «Ա1+»-ը փաթեթում չի նշել, թե ինչ շենքում է պատրաստվում աշխատել: Շենքի մասին հարցը միակն էր, որ մրցութային առաջարկների քննարկման ժամանակ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ուղղել էր «Ա1+»-ի ներկայացուցիչներին: Կարծես թե՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում որեւէ տող չկա, թե կապուղի տրամադրվում է ավելի մեծ շենք զբաղեցնողին: Մրցույթի ամփոփումից հետո «Առավոտի» հարցին, թե օրենքով սահմանված ո՞ր չափանիշներով գտան, թե «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի փաթեթներն ավելի վատն էին, քան իրենց մրցակիցներինը՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ծրագրերը պետք է ապահովված լինեն նաեւ տեխնիկապես եւ ֆինանսապես: «Ա1+»-ի առաջարկում մանրամասնած էր, թե ինչ պիտի լինի եթերում, բայց դրա համար անբավարար էին տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները: Այսինքն՝ այն առաջարկը, որով նրանք հանդես էին գալիս որպես զարգացման ներդրումային ծրագիր՝ տեխնիկական եւ ֆինանսական մասով կապված էր միայն ակնկալվող եկամուտների հետ»: Այսքանով սահմանափակվեց. առավել հանգամանալից այս ամենի մասին մատնանշված էր վերոհիշյալ հրապարակման մեջ, որի տեղեկատու աղբյուրն, ըստ ամենայնի՝ դարձյալ ՀՌԱՀ-ից է: Ըստ այդմ՝ «Ա1+»-ը չի մատնանշում իր տեխնիկական կամ ֆինանսական միջոցների համալրման որեւէ աղբյուր՝ բացի գովազդային գործունեությունից. ի տարբերություն, ասենք, «Երեւանի», որի ներդրումների աղբյուրները հստակ են: Հիշեցնենք, որ այդ հեռուստաընկերությունը վնասով աշխատողների ցանկում է, եւ «Երեւանի» հույսը գերազանցապես հովանավորչական գումարներն են: Այսինքն՝ հանձնաժողովը չի հանդուրժում «տեր» չունեցող եւ հույսը միայն իր ուժերի վրա դնող հեռուստաընկերություններին, եւ դրդում է նրանց հայտնվել կախվածության մեջ: Ըստ էության՝ հենց դա էլ բաց տեքստով երեկ ակնարկում էր Ազգային հանձնաժողովի նախագահը, երբ ի պատասխան այն հարցի, թե իրեն չե՞ն անհանգստացնում միջազգային կազմակերպությունների հնարավոր արձագանքները՝ ասաց. «Գտնում եմ, որ այդ նույն միջազգային կազմակերպությունները կարող են ուղղակիորեն ավելի գործնական օժանդակություն ցույց տալ «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին: Ուղղակի օգնեն, որ մարդիկ մրցույթին ներկայանան պատշաճ տեխնիկական, ֆինանսական մակարդակով, եթե այդքան մտահոգված են»: «Հայլուրի» թղթակիցը հետաքրքրվեց. «Արդյոք Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ քվեարկությամբ որոշակի իմաստով խաթարեցիք խոսքի ազատությունը, որի առկայությունը միջազգային կազմակերպությունները պայմանավորում էին «Ա1+»-ի վերաբացմամբ»: Ամալյանը բորբոքվեց. «Խոսքի ազատությունը Հայաստանում հատկապես պայմանավորված էր «Ա1+»-ո՞վ եւ «ՆՏ»-ո՞վ, եւ մնացած բոլոր հեռուստաընկերությունները չե՞ն կարող եւ չե՞ն ապահովել խոսքի ազատությունը: Վիրավորակա՛ն է ուղղակի այդ շեշտադրումը, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, քանի որ չկա «Ա1+»-ը՝ 40-ից ավելի հեռուստառադիոընկերությունների պայմաններում: Եվ ինձ համար հաճախ տարօրինակ է, որ նրանք շատ հանդուրժողական են վերաբերվում ձեր այդ հայտարարություններին»: Հայաստանն «Ա1+»-ի փակման պատճառով հայտնվել է «ոչ ազատ մամուլ» ունեցող երկրների «սեւ» ցուցակում, իսկ փակման գործիք դարձած ՀՌԱՀ-ը դեռ փորձում է «թասիբի գցել» այլ լրատվամիջոցներին: «Հայլուրի» թղթակցի մյուս հարցն էր. «Երեւանի» «բրենդային» ծրագիրն ավտոշուկան է, «TV-5»-ինը՝ «Ալֆրեդի սենյակը, «Ա1+»-ինը՝ «Այբ-ֆե»-ն: Ձեր չափանիշների մեջ հաշվի առե՞լ եք նախապատվությունը, թե հեռուստաէկրանին ի՞նչ եք ուզում տեսնել»: «ՀԺ»-ի թղթակիցը փորձեց Ամալյանից պարզել՝ «Պատրաստվո՞ւմ եք մասնակցել «Ալֆրեդի սենյակը» հեռուստախաղին»: Իսկ «Առավոտը» հետաքրքրվեց՝ գուցե այդ ծրագիրն իր համար իրո՞ք կրթական նշանակություն (այդպես էին այն մատուցում «TV-5»-ի ներկայացուցիչները) է ունեցել, եւ այդ պատճառով «TV-5»-ին «4» գնահատեց, իսկ «Ա1+»-ին՝ «2»: Այս հարցերից առավել բորբոքված Ամալյանը հայտարարեց. «Ա1+»-ի եթերային ցանցում էլ ընդգրկված է «Բարի ավետիս» հաղորդումը: Եթե դրա մասին խոսենք՝ շատ ավելի վատ, խայտառակ եւ վնասարար հաղորդում է, քան «Ալֆրեդի սենյակը»: Խոսքը 3 տարի առաջ «Ա1+»-ի հաղորդացանցում ընդգրկված կրոնական մի ծրագրի մասին էր, որն այժմ ցուցադրվում է «ԱրմենԱկոբ»-ով: Գուցե Ամալյանը չի՞ դիտում դրանք, կամ «Ավետիս»-ի կրոնական հաղորդումները: Իսկ երեկ էլ խոստովանեց, թե «ընդհանրապես հաճույքով չի դիտում որեւէ հեռուստաընկերություն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Միայն «ԱրմենԱկոբը» մրցույթին ներկայացել էր 5 միկրոավտոբուսներով: Այլ հեռուստաընկերությունների աշխատակիցները դահլիճում ծափ էին տալիս, երբ պարզվում էր, որ նրանք ստացել են արտոնագիր: Եվ երբ ԱԺԴ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը ամոթանք տվեց հանձնաժողովին, որ հաշվի չառան ժողովրդի կարծիքը՝ Ամալյանը ձեռքը մեկնեց դահլիճի կողմը եւ հայտարարեց. «Ժողովրդի կարծիքն այստեղ հնչել է»: Անցած տարվա ապրիլի 2-ին, երբ եթերազրկվեց «Ա1+»-ը՝ այդ դահլիճում ուղղակի անեծքներ ու լուտանքներ էին հնչում հանձնաժողովի եւ նրան պատվեր տվածների հասցեին: Իրոք որ՝ ժողովրդի կարծիքն արդեն հնչել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել