Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-Ն ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հուլիս 19,2003 00:00

ԵԽ-Ն ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Պնդում է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Որքանո՞վ է իրական ԵԽ-ում Հայաստանի պատգամավորական խմբին մանդատներից զրկելու վտանգը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի պնդմամբ եվրոպական պատժամիջոցների արդյունքում մենք շատ ծանր փաստի առջեւ կկանգնենք. «Մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ այսօր լուծում ենք հենց այդ ատյաններում եւ միանգամից այդ ատյաններին արհամարհել, նրանց սկզբունքները չընդունել, չի կարելի»։ Պրն Ռուստամյանը կրկնեց, որ մահապատժի վերացման հետ կապված ԵԽ-ն որեւէ բացատրություն չի ընդունում, եւ, որ. բոլոր ժամկետները մենք սպառել ենք։ Նրա կարծիքով, որեւէ կերպ այլեւս հնարավոր չէ բացատրել ԵԽ-ին, թե ինչո՞ւ է Հայաստանը դեմ մահապատժի վերացմանը։ Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ ոչ ժողովրդավարական ընտրությունները կարող ենք մեր ազգային մենթալիտետով բացատրել, իսկ մահապատժի պահպանումը չենք կարող նույն մենթալիտետով բացատրել, ի պատասխան, Արմեն Ռուստամյանը խիստ ոչ կոալիցիոն բացատրություն տվեց. «ընտրությունների բացատրություններն էլ իրենք չեն ընդունում, ո՞վ ասաց, թե ընդունում են։ Իրենք իրենց հաստատումներն ընտրությունների հետ կապված բազմիցս են ներկայացրել։ Իսկ մահապատժի հետ կապված՝ որեւէ կերպ չենք կարող բացատրել, թե ինչու չենք վերացնում։ Եվ այս վիճակը, ԵԽ քաղաքական ղեկավարությունը կարող է գնահատել ոչ թե որպես պատճառաբանված ձգձգում, այլ՝ խուսափողական»։ «Թյուր պատկերացում կար, թե ԵԽ-ն մահապատժի հարցում կարող էր բացառություն անել, հաշվի առնելով «Հոկտեմբերի 27»-ը եւ հիմա պարզ դարձավ, որ այդպես չի եւ սա այն հարցն է, որտեղ ԵԽ-ն որեւէ բացառություն անել չի պատրաստվում։ Շատ քաղաքական ուժեր այդ թյուրիմացության մեջ էին, որ դեռ կարելի է ԵԽ-ին համոզել»,- մահապատժի վերացման մասին մեր հարցին պատասխանելով ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւ մեր խնդրանքով մանրամասնեց, թե որ քաղաքական ուժերին նկատի ունի. «պարզ չէ՞ որ, բոլոր քաղաքական ուժերը, բացի Դաշնակցությունից, որը մահապատժի վերացման գիծը տարել է մինչեւ հիմա։ Եվ ոչ այն պատճառով, որ ԵԽ-ի հետ կապեր ունենք, պարզապես մեր սկզբունքների պատճառով, մենք սոցինտեռնի անդամ ենք եւ վաղուց այդ պարտավորությունը որպես կուսակցություն ստանձնել ենք»։ Արմեն Ռուստամյանը գտնում է, որ ԵԽ-ն չի կարող իր արժեքային համակարգին դավաճանել. «սրա հետ է կապված նաեւ երկրում նորմալ ընտրություններ անցկացնելու պահանջը, որովհետեւ շատ պարզ սկզբունքային հարց է՝ չի կարող երկրում ժողովրդավարությունը հաղթանակել, եթե չի ձեւավորվել նորմալ ընտրություններ անցկացնելու համակարգ»։ Պրն Ռուստամյանի այս դիտարկմանը մեզ մնում էր միայն երկու ձեռքով կողմ քվեարկել, բայց ցավալի է, որ իշխանության մաս կազմող կուսակցության ներկայացուցիչն այս բանն ասում է ընտրություններից հետո։ Արմեն Ռուստամյանն իր մտահոգությունը շարունակելով, ասաց. «Այսինքն, եթե մենք էլի ձգձգենք, ընտրական համակարգը չբարեփոխենք այնպես, որ երկրում նորմալ ընտրություններ կայանան, մենք էլի նույն խնդրի առաջ ենք կանգնելու՝ ԵԽ-ում լինել թե չլինելու»։ Արմեն Ռուստամյանի ասելով, ԵԽ-ն իր պարտավորությունները ներկայացնում է իր արժեքային համակարգից ելնելով, եւ խնդիրը սրվում է, երբ այս կամ այն երկիրը դեմ է դուրս գալիս եվրոպական արժեքներին։ Իսկ եթե Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերին չվավերացնի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների 6-րդ արձանագրությունը, այսինքն՝ չվերացնի մահապատիժը, ըստ Արմեն Ռուստամյանի, ԵԽ-ն կդիմի խիստ միջոցների։ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի աշխատանքային փորձը հուշում է, որ հայաստանյան պատվիրակությունը մինչեւ սեպտեմբեր իրավունք չունի ձեռքերը ծալած նստել, այլ պարտավոր է ամենօրյա աշխատանք տանել՝ ԵԽ ԽՎ սեպտեմբերյան նիստին (որտեղ հնարավոր է քննարկվի մեր պատվիրակությանը մանդատներից զրկելու հարցը, մոնիտորինգի խմբի զեկույցը) ներկայանալու հավուր պատշաճի։ Սակայն մեր պատվիրակության կազմն առայժմ ո՛չ հաստատված է, ո՛չ էլ ներկայացված է ԵԽ ԽՎ-ին։ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ մեր պատվիրակության ցուցակը ԵԽ ԽՎ-ին կարելի է ներկայացնել մինչեւ սեպտեմբերի առաջին օրերը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել