Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԿԱՆՑՆԵՆՔ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ»

Հուլիս 18,2003 00:00

«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԿԱՆՑՆԵՆՔ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» Չեմպիոնների լիգայի «Փյունիկ»-«Ռեյկյավիկ» հանդիպումից հետո թիմերի գլխավոր մարզիչները մամուլի ասուլիս անցկացրին։ Քանի որ հյուրերը նույն գիշեր վերադառնալու էին Իսլանդիա, առաջինը եկավ «Ռեյկյավիկի» գլխավոր մարզիչ Վիլյամ Թորսոնը։ Նա նշեց, որ «Փյունիկը» շատ լավ խաղաց եւ իրենք մրցակցի գրոհներին դիմակայելիս շատ խնդիրներ էին ունենում։ Դաշտի տերերը արագաշարժ են, ունեն բարձր տեխնիկա։ «Մեր գլխավոր նպատակը մրցակցի խաղացողներին տուգանային հրապարակին մոտենալ չթողնելն էր։ «Փյունիկը» շատ վտանգավոր էր հատկապես եզրերում։ Սակայն մեր տղաները հիմնականում կատարեցին առաջադրանքը։ Եվ եթե մեր դարպասապահն էլ իր լավագույն խաղը ցույց չտար, հաշիվը կարող էր նաեւ խոշոր լինել։ Ընդհանուր առմամբ գոհ ենք արդյունքից։ Պատասխան խաղում նախընտրելու ենք հարձակողական ոճը, եթե ցանկանում ենք հաջորդ փուլ անցնել։ Նվազագույն հաշիվը հաջողության հասնելու հույսեր է ներշնչում»,- ասաց Թորսոնը։ Նա նաեւ գոհունակություն հայտնեց այստեղ իրենց ցույց տված ջերմ ու ընկերական ընդունելությունից ու խոստացավ, որ պարտքի տակ չեն մնա Իսլանդիայում։ Որոշ ժամանակ անց Թորսոնին միացավ նաեւ Միհայ Ստոյկիցան։ «Մեզ համար շատ լավ խաղ էր, հատկապես երկրորդ կեսը,- ասաց «Փյուիկի» գլխավոր մարզիչը։- Կարծում եմ, մենք ավելի լավ խաղացինք, չնայած մի քանի լավ հնարավորություն կորցրինք։ Բայց մրցակիցն էլ շատ վտանգավոր էր դարպասի առջեւ։ Մեր երկու եզրայինները ամբողջ խաղի ընթացքում հավասարապես լավ չխաղացին։ Նրանք ավելի արդյունավետ էին երկրորդ կեսում։ Ֆուտբոլիստներից ոմանք այն մակարդակին չեն, ինչ կուզենայի տեսնել։ Չհարցնեք, թե ում մասին է խոսքը, միեւնույն է, չեմ ասի։ Հանդիպումն ավելի մանրամասն վերլուծելու եմ վաղը»։ Հարց հնչեց, թե ինչո՞ւ 11 մետրանոցը վստահվեց Ռաֆայել Նազարյանին։ «Դա իմ որոշումն էր,- հետեւեց պատասխանը։- Այդ հարվածները մենք շատ ենք կատարել, եւ Ռաֆայելը դրանք շատ լավ էր իրականացնում։ Այսօր չկարողացավ։ Ասեմ նաեւ, որ այդ դրվագում գերազանց խաղաց դարպասապահը»։ Լրագրողներին հետաքրքիր էր, թե Ստոյկիցան ինչպե՞ս է գնահատում առանձին ֆուտբոլիստների, մասնավորապես, Պերալտայի, Աղվան Մկրտչյանի ու նաեւ Զեչուի խաղը։ Արգենտինացու մասին մարզիչն ասաց, որ նա ակտիվ էր, շատ փոխանցումներ էր կատարում՝ ակտիվացնելով նաեւ խաղընկերներին։ Մեկ անգամ էլ ինքը գոլ խփելու հնարավորություն ունեցավ, բայց պահը չօգտագործեց։ Ընդհանուր առմամբ ինքը գոհ է կենտրոնական հարձակվողից։ Մյուսներին գնահատել մարզիչը չցանկացավ։ Բայց, այնուամենայնիվ, որոշ չափով տեղի տվեց. «Աղվանը կարող էր ավելի լավ խաղալ։ Զեչուի մասին ինձ հարցեր մի տվեք։ Ձեր եզրակացություններն ինքներդ արեք։ Ես կարծում եմ, որ նա կարող է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Նա այսօր հանդես եկավ առանց նախապատրաստվելու։ Ընդամենը մեկ շաբաթ է մարզվել։ Հիմա Ռումինիայում ֆուտբոլին երեք-չորս շաբաթ ընդմիջում է տրվել։ Իսկ ընդհանրապես ես չեմ խոսում իմ առանձին խաղացողների մասին։ Ես խոսում եմ թիմի մասին։ Դա իմ ոճն է։ Կարող եք հարցեր տալ ակումբի, բայց ոչ խաղացողի մասին։ Ֆուտբոլիստներին ինքներդ կարող եք գնահատել։ Ես իմ ֆուտբոլիստներին պետք է պաշտպանեմ»։ Լրագրողներից մեկը ցանկացավ իմանալ, թե արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի, եթե «Փյունիկը» ավելի շատ խաղար «ներքեւից», մանավանդ, որ գոլն էլ ծնվեց հենց «ներքեւից» կատարված փոխանցումից հետո։ Հարցը, հավանաբար, ճիշտ չընկալվեց ու թյուրիմացության պատճառով մի փոքր լարվածություն առաջացավ։ Եվ երբ իսլանդացիները գնացին, զրույցն ավելի գործնական դարձավ։ «Հիմա միայն հայերով ենք, ես էլ արդեն հայ եմ,- շարունակեց Ստոյկիցան։- Եթե հնչած հարցը չընկալեցի ու չոր պատասխանեցի, ներող եղեք։ Մենք թշնամի չենք։ Ես կարծում եմ, որ դուք ֆուտբոլին եք ընկեր, այլ ոչ թե ինձ։ Ձեզ հետ կռիվ չունեմ, վիճելու ցանկություն չունեմ։ Եթե դուք ինձ հետ վեճ ունեք, ես ձեր դուրը չեմ գալիս, խնդիր չկա։ Դուք ինձ դուր եք գալիս։ Միայն աշխատեք օգնել ֆուտբոլին, այլ ոչ թե քանդել։ Հիմա կարող եք հարցնել, ինչ ուզում եք»։ Անմիջապես հնչեց. «Ձեր առաջադրանքներից ի՞նչը չկատարվեց եւ ինչի՞ց եք դժգոհ»։ – Առաջին խաղակեսում դեռ երբեք այդքան զգացմունքայնություն չէի տեսել։ Որոշ խաղացողներ շատ մեծ վախ ունեին։ Ընդմիջմանը միջամտեցի, որպեսզի նրանց արթնացնեմ, ու շատերը խաղալ սկսեցին երկրորդ խաղակեսում։ Խփեցինք մեկ գոլ, բաց թողեցինք 5-6 հնարավորություն, 11 մետրանոցն էլ չիրացրինք։ Էլ ի՞նչ եք ուզում։ Խաղում էինք չեմպիոնի, այլ ոչ թե անհայտ թիմի հետ։ Ես այս հաղթանակը շատ կարեւոր եմ համարում «Փյունիկի» համար։ Դաշտում 16-17 տարեկան խաղացողներ կային։ Այստեղ է ֆուտբոլի ապագան։ Ինձ համար սա է կարեւորը։ – Գո՞հ եք արդյունքից։ – Այո։ Բայց կարող էր ավելի լավ լինել։ Այնտեղ պիտի ուշադիր լինենք։ Հույս ունեմ, որ հաջորդ փուլ կանցնենք։ – Եթե փոփոխություններն ավելի շուտ անեիք, հաշիվն ավելի գոհացնող չէ՞ր լինի։ – Փոփոխություններից հետո մեր հնարավորությունները չավելացան։ Վտանգավոր պահերը դրանցից առաջ էին։ Բայց, կարծում եմ, Էդգար Մանուչարյանը խաղից դուրս վիճակում չէր։ Գնդակը նրա մոտ հայտնվեց դարպասապահից։ Նա կարող էր գոլ խփել, բայց մրցավարն ընդհատեց խաղը։ Ստոյկիցան առանձնակի շնորհակալություն հայտնեց ֆուտբոլասերներին։ Եթե այդպես լինի նաեւ Հայաստանի մյուս թիմերի խաղերի ժամանակ, դա հայկական ֆուտբոլի մեծ հաղթանակը կլինի։ Ու նաեւ խոստացավ ԶԼՄ-ներին հանդիպել նաեւ պատասխան խաղից հետո։ «Ինչ արդյունք էլ լինի, կհանդիպեմ ձեզ։ Ես բաց եմ լրագրողների առջեւ։ Դա նորմալ է։ Չեմ ծիծաղում, երբ հաղթում եմ, պարտվելիս էլ ինքնասպան չեմ լինում։ Եթե տղամարդ ես, ուրեմն պետք է կարողանաս խոսել մարդկանց առջեւ ցանկացած իրադրությունում»,- եզրափակեց Միխայ Ստոյկիցան։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել