Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք մեր հարստությունն են

Հուլիս 18,2003 00:00

Նրանք մեր հարստությունն են Փոքրամասնությունների ազգայինն է լավը «Ճակատագրի բերումով հայերս մեր կաշվի վրա շատ լավ զգացել ենք, թե ինչ է նշանակում ազգային փոքրամասնություն լինելը, եւ լավ գիտենք նույն երկրի բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներ ունենալու անհրաժեշտությունը»,- բացելով ԵԽ «Վստահության կայացման միջոցներ» ծրագրի օժանդակությամբ ՌԱՀՀԿ կազմակերպած սեմինարը՝ նվիրված ազգային փոքրամասնությունների խնդիրներին, երեկ ասաց ՌԱՀՀԿ անդամ Հրաչ Հակոբյանը: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ազգային փոքրամասնությունները: Ի տարբերություն հայերիս, որ վստահ ենք, թե Հայաստանում, բացի հայերից, որեւէ մեկի իրավունքները չեն ոտնահարվում, մեր բարեկամ փոքրամասնությունները հակառակ կարծիքի էին: Նրանց հատկապես հուզում էին կրթության, լեզվի եւ մշակույթի խնդիրները, եւ առավելապես ազգային ավանդույթներն իրականացնելու շնորհիվ ազգի ինքնության պահպանման ճանապարհները: Վրացահայ համայնքի ներկայացուցիչ մի տիկին դժգոհում էր այն փաստից, որ իր ազգակիցներին իրավունք չի տրված ազատորեն իրենց երեխաներին ռուսական կրթություն տալ: Հրեական համայնքին անհանգստացնում էր հատկապես ալտերնատիվ ծառայության հարցը: Մեր եզդի բարեկամներին հուզում էին արոտավայրերի եւ ոչխարների հետ կապված որոշ քաշքշուկներ: Այս առումով սեմինարին մասնակցող իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնիսկ նկատեց, որ ազգային փոքրամասնությունները մեր ազգային հարստությունն են, եւ պետք է նրանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենալ.«Օրենքի առումով բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն, բայց երբեմն նաեւ որոշ առավելություն պետք է տալ նրանց, որ չհեռանան»: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին հուզում էր՝ արդյո՞ք ՀՀ-ում կա ադրբեջանական համայնք: Զեկույցով հանդես եկած ազգագրագետ Հրանուշ Խառատյանի տեղեկություններով, այսօր ՀՀ-ում ապրում է 18 ադրբեջանուհի: Նրանք մինչեւ ղարաբաղյան կոնֆլիկտի սրումը ընտանիք են կազմել հայերի հետ: Սակայն նրանցից շատերն այսօր այրի են, բայց չեն հեռացել Հայաստանից: Երբ փոքրամասնությունները հարց բարձրացրին իրենց ազգային ավանդույթների պահպանմանը նպաստող օրենսդրական դաշտի ստեղծման անհրաժեշտության մասին, ներկաները հակադարձեցին.«Իսկ եթե ձեր ազգային օրենքներով ընդունվում է արյան վրեժի ինստիտո՞ւտը: Մեր պետությունը հո չի՞ կարող դա թույլ տալ: Ընդհանրապես, կա խնդիրների մեծ կծիկ, որոնք գոյություն ունեն համայնքների ներքին կյանքի եւ ողջ հասարակության միջեւ, ու դրանք կարող են հակասության մեջ մտնել»: Ավելի ուշ, երբ զրուցեցի Գերշ Բուրշտեյնի հետ, որը ներկայացավ որպես Հայաստանի գլխավոր Րաբունապետ, մատնանշեց եւս մի քանիսը: Մասնավորապես, հրեաները չեն ցանկանում ծառայել մի բանակում, որտեղ չեն գործում իրենց «ադաթները»: Նա նույնիսկ հիշեց սովետական բանակում իր ծառայած տարիները, երբ ինքը, ազգային սովորույթներից ելնելով, գրեթե ոչինչ չէր ուտում: Անդրադարձավ նաեւ հրեաների համար սուրբ համարվող շաբաթ օրվան, երբ ոչ ոք չի աշխատում: Սակայն հայկական կրթական հաստատությունները, բնականաբար, դա հաշվի չեն առնում, եւ հրեաներին նույնպես շաբաթ օրերը դասի են կանչում: Պրն Բուրշտեյնը, որ ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի անդամ է, այնքան էլ գոհ չէր հանձնաժողովի եռամյա գործունեությունից.«2000 թվականից մինչեւ հիմա չէի ասի, թե այդ հանձնաժողովը մեծ քայլեր է անում: Երբեմն ես մեզ եմ մեղադրում, որ շատ հարցերում կոնսոլիդացվել չստացվեց, բայց որոշ հարցերում էլ հանձնաժողովի նախագահը (Ռազմիկ Դավոյանը) պետք է ավելի նախագահ լիներ: Երբեմն չափից ավելի լիբերալիզմը քաոսի է հանգեցնում»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել