Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ սպասելիք ունեն դիմորդներն ու ծնողները

Հուլիս 18,2003 00:00

Ինչ սպասելիք ունեն դիմորդներն ու ծնողները Հարցում ԵՊՀ տարածքում Երկու օրից հանրապետության բուհերում կսկսվեն ընդունելության քննությունները։ Դիմորդների բախտից, այս տարվա ամառը ծայրահեղ շոգ է։ Օրերս առարկայական հանձնաժողովներից մեկի նախագահը կատակեց, թե ինքն առաջարկել է քննությունները գիշերային ժամերին անցկացնել։ Հասկանալի է, որ շոգին կգումարվի նաեւ գերլարված մթնոլորտը քննասենյակներում եւ պատկերը կատարյալ կլինի։ Մյուս կողմից, կրթության եւ գիտության նախարարությունից ամեն առիթով հայտարարում են, թե այս տարվա քննությունները անցնելու են օբյեկտիվ, բաց եւ թափանցիկ։ Նորանշանակ նախարարն իր առաջին մամուլի ասուլիսում եւս հայտարարեց այդ մասին։ Գործերը ընդունելու վերջին օրը մենք փորձեցինք զրուցել դիմորդների եւ նրանց ծնողների հետ, պարզելու, թե ինչ սպասելիքներ ունեն, ինչ տրամադրություն եւ որքանով են հավատում, թե քննությունները կանցնեն արդար եւ թափանցիկ։ Կարծիքները խիստ տարբեր ստացվեցին, մենք դրանք կներկայացնենք առանց մեկնաբանությունների։ Օֆելյա Պետրոսյան (Գյումրի, դիմորդի ծնող)- Ես աղջկաս բերել եմ Երեւան, որովհետեւ այն կարծիքին եմ, թե մայրաքաղաքում հնարավոր է քիչ թե շատ օբյեկտիվ արդյունք։ Կարինե Սարիբեկյան (Երեւան, դիմորդ)- Ես մարտական եմ տրամադրված, գիտելիքներիս վստահ եմ եւ եթե հանձնաժողովները ինձ բարձր չգնահատեն, կպայքարեմ հանուն արդարության։ Մերուժան Գրիգորյան (Երեւան, դիմորդի հորեղբայր)- Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանին վաղուց եմ ճանաչում, գիտեմ, որ իր ասածի է եւ եթե խոստացել է, թե քննություններն օբյեկտիվ են անցնելու, այդպես էլ կլինի։ Մյուս կողմից էլ միայն նախարարի վրա թողնելը ճիշտ չէ, հանձնաժողովները եւս պետք է տրամադրված լինեն հօգուտ դիմորդի։ Սասուն Մկրտչյան (Երեւան, ծնող)- Ոչ մի լավ բան չեմ սպասում, ոնց որ եղել է, այդպես էլ շարունակվելու է, ո՞վ կթողնի, որ օբյեկտիվ քննություն լինի։ Սարգիս Նազարյան (Երեւան, դիմորդի ծնող)- Բոլոր նախարարներն էլ խոստանում են, որ քննությունները օբյեկտիվ են անցնելու, բայց իրականությունը վերջում է ջրի երես ելնում։ Ուզում եմ հավատալ, որ Սերգո Երիցյանի խոստումները իրականություն կդառնան եւ սեպտեմբերին դասի կգնան միայն արժանիները։ Աննման Մուրադյան (Հրազդան, դիմորդի ծնող)- Նոր նախարարին մեկ անգամ հանդիպել եմ մեր գյուղում, երբ «Կարծիք» հաղորդաշարն էր վարում։ Ինքը գյուղացու եւ հասարակ մարդու վիճակի մեջ մտնող է, ես իրեն հավատում եմ։ Իմ մի հատիկ տղան շատ է պարապել, արդեն պատրաստի ուսանող է, մնում է իրեն արդար քննեն։ Կառլոս Կարապետյան (Երեւան, դիմորդի պապիկ)- Թոռանս գործերն եմ բերել, էս մեր նոր նախարարն իմ սրտով է, թասիբով մարդ է երեւում։ Վայ թե փող-մող, ծանոթ-մանոթ չանցնի ու երեխեքը իրենց իմացածի համար գնահատական ստանան։ Հենրիկ Սուքիասյան (Լոռի, դիմորդի հայր)- Լոռեցիները ճիշտ մարդիկ են, Թումանյանի օդն ու ջուրը շնչողը չի կարող վատ մարդ լինել։ Նախարար մարդ է, եթե խոստացել է, ուրեմն կանի, ընդունելության քննությունները պետք է լինեն այն օղակներից մեկը, որով կվերականգնվի ժողովրդի հավատը իշխանությունների հանդեպ։ Կարծիքները հավաքեց ՄԱՐԳԱՐԻՏ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել