Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքի ձայները» կփրկեն

Հուլիս 18,2003 00:00

«Հայրենիքի ձայները» կփրկեն Երեւանի Կասկադը բազմակողմանի ժամանցի վայր դարձնելու համար Գաֆեսճյանը պատրաստվում է ծախսել մոտ 25-30 միլիոն դոլար: Երեկ Կասկադ համալիրում կայացավ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Ուոթերսի մամլո ասուլիսը, որ նվիրված էր «Ջերալդ Լ.Գաֆեսճյան ժամանակակից արվեստի թանգարանի» ճարտարապետական մրցույթին։ Հիշեցնենք, որ անցյալ տարվանից «մեկնարկած» մրցույթի նպատակը թանգարանի նախագծման ճարտարապետի ընտրությունն էր։ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ քննարկելով միջազգային ճանաչում վայելող 35 ճարտարապետական ընկերությունների ներկայացրած առաջարկությունները, ընտրվել է 3 ընկերություն։ Դրանք են՝ Փարիզից ու Նյու Յորքից Բեռնարդ Շումի ճարտարապետները, Ավստրիայից Քոափ Հիմելբլաու կազմակերպությունը եւ Հոլանդիայից՝ MVRDV-ն։ Հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը երեք ընկերությունների առաջարկ-նախագծերը նախնական տեսքով կցուցադրվեն «Գաֆեսճյան» արվեստի կենտրոն-համալիրի 2-րդ ցուցասրահում։ Մուտքը կլինի ազատ։ Ջ. Ուոթերսը փորձեց հավատացնել, որ իրենք Երեւանում կստեղծեն համաշխարհային մակարդակի միջազգային ժամանակակից արվեստի թանգարան ու արվեստի կենտրոն։ Նաեւ ընդգծեց, որ նման մրցույթ առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլեւ նախկին ԽՍՀՄ տարածքում։ Ջ. Ուոթերսն այն կարծիքին է, որ «իրենց բախտ է վիճակվել եւ հատկացվել է հաջող շինարարական հրապարակ, որի վրա կավելացնեն ճարտարապետական մի նոր գոհար»։ Նա խոստացավ Կասկադի «բարենորոգմամբ» զբոսաշրջիկների հոսք ապահովել մեր երկիր, այդպիսով այն «ի ցույց դնելով աշխարհին»։ Հույս հայտնեց, որ օտարերկրացի ճարտարապետները սքանչելի գործեր կստեղծեն։ Իսկ հայաստանյան ճարտարապետական ընկերությունների մրցույթին չմասնակցելը բացատրեց նրանց միջազգային ճանաչում չունենալով։ Ըստ գործադիր տնօրենի, առաջիկա շաբաթների ընթացքում հաշվի են առնվելու բոլոր առաջարկություններն ու դիտողությունները եւ հայկական ճարտարապետական դպրոցների ավանդույթները։ Այնուհետեւ ինքը՝ պարոն Գաֆեսճյանը անձամբ որոշելու է, թե որ ընկերության նախագիծն է հավանության արժանի։ «Նա հայաստանցի եւ արտասահմանցի խորհրդատուների մի ստվար խումբ ունի։ Վստահ եմ, որ հայրենիքից եկած ձայները նրա ականջներում ավելի բարձր կհնչեն»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց պարոն Ուոթերսը։ Տեղեկացրեց նաեւ, որ «հաղթանակած» ճարտարապետական նախագիծը պետք է «տեղավորվի» հիմնադրամի հատկացրած 25-30 մլն դոլարի սահմաններում. «Ու կստեղծվի ժամանցի, սպորտի, արվեստի մի հոյակապ կենտրոն-համալիր»։ Նա բնական համարեց Կասկադի շինարարության մասին շահարկումները. «Քանի որ նման մեծ գումարներ են շրջանառվում, մարդիկ գայթակղություն են ունենում շահարկություններ անելու»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել