ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՐՈ՞ՒՄ ԵՆ Ըստ որոշ լուրերի, Երվանդ Զախարյանին քաղաքապետ նշանակելուն հաջորդած փակ խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հրահանգել է՝ որեւէ հիմնավորմամբ ՀՀՇ-ից, ԱԻՄ-ից եւ «Ժողովրդական հայրենիք» կուսակցություններից վերցնել կուսակցական շենքները: Ենթադրվող վարկածներից մեկը, որի վրա պետք է սեւեռվեն քաղաքապետարանի աշխատակիցները, այն է, որ հիշյալ կուսակցությունները չեն վճարել զբաղեցրած տարածքների վարձակալության գումարը եւ մնացած վարձավճարները: Սակայն այս վարկածն այնքան էլ «իմաստուն» չէ, քանի որ թե ՀՀՇ-ից, թե ԱԻՄ-ից մեզ վստահեցրին, որ իրենք որեւէ պարտք չունեն, վճարված են թե8217 տարածքի, թե8217 ջրի եւ թե8217 սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ տեղեկանալով իր նախկին կուսակցի ենթադրելի այս հանձնարարականի մասին, ասաց. «ՀՀՇ-ի զբաղեցրած տարածքի պայմանագիրը մենք կառավարության հետ կնքել ենք մինչեւ 2017 թվականը: Պայմանագրով բոլոր վճարումները մենք կատարել ենք»: Քաղաքի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող ՀՀՇ-ի զբաղեցրած տարածքի վրա իշխանափոխությունից հետո շատերն են աչք դրել, եւ պարբերաբար խոսակցություններ են պտտվում, որ այս կամ այն կուսակցությունը ցանկանում է որեւէ կերպ ձեռք գցել: Մի՞թե կնքված պայմանագրով մինչեւ 2017թ. ՀՀՇ-ին կթույլատրեն մնալ այդ շենքում: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Ա. Մանուկյանն ասաց. «Իրենց ընդունակությունները թույլ են տալիս պայմանագիրը մերժել, իսկ օրենքը՝ ոչ»: ՀՀՇ-ն առայժմ ձեռնպահ է մնում որեւէ կերպ արձագանքել Ռ. Քոչարյանի այդ հանձնարարականին, եւ, ինչպես Ա. Մանուկյանն ասաց. «Թող իրենք իրենց քայլն անեն, մենք մերը կանենք»: Իսկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար իրենց նկատմամբ նախապատրաստվող այս ակցիան նորություն չէր. «Այդ բանը մեր նկատմամբ նոր չեն սկսել անել: Մենք պարտքեր չունենք, բացի այդ՝ մենք մեր զբաղեցրած տարածքը սեփականաշնորհելու առաջարկություն ենք ներկայացրել կառավարությանը,- ասաց Պ. Հայրիկյանը՝ ավելացնելով,- Բաղրամյան պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանության շենքը մերն էր: 1992թ. պետությունը մեզնից խնդրեց այդ շենքը տալ ամերիկացիներին, ու փոխարենը մեզ սա տվեց: Այնպես որ, մեզ հետ խաղ չկա: Ի՞նչ է, այստեղ հարցերը նախագահի հրամաններո՞վ են լուծվում: Բացի այդ, ես չեմ կարծում, թե նա այդքան անխոհեմ մարդ է, որ նման բան անի»: Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Անահիտ Եսայանը նշեց, որ եթե խորհրդակցությունը փակ է եղել, ապա ինքը ոչինչ չի կարող ասել այնտեղ քննարկված հարցերի մասին: Իսկ կոնկրետ այդ հրահանգի իրականացմանն ուղղված քայլեր, ինչպես վստահեցրեց Ա. եսայանը, ինքը չի «տեսել այս օրերի ընթացքում»: «Եթե նախագահն է անցկացնում փակ խորհրդակցությունը, ապա նախագահական ապարատն է ապահովում այդ խորհրդակցությանը մասնակից լրագրողներին ու լրատվամիջոցներին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վերոհիշյալ խորհրդակցությանը մասնակցել են նաեւ քաղաքապետի տեղակալները: Ա. Եսայանը փոխանցեց մեզ քաղաքապետի տեղակալ Գրիգոր Միրզոյանի պատասխանը, որը նույնպես ներկա է եղել այդ խորհրդակցությանը. «Ես նման բան չեմ լսել»: Իսկ մեր հարցին, թե առհասարակ ո՞ր դեպքերում են կուսակցություններին վտարում իրենց զբաղեցրած տարածքներից, քաղաքապետարանից դժվարացան մեզ պատասխանել: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ