Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԶԱՆՑԱՌՈՒ ՉԵՄ»

Հուլիս 18,2003 00:00

«ԵՍ ԶԱՆՑԱՌՈՒ ՉԵՄ» Մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել մտադրվելը՝ ընտրությունների ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվածներն իրոք ապարդյուն են դիմել Հայաստանի տարբեր ատյաններ: Ահա նման նամակներից մեկը, որ արդարադատության նախարարին, Վճռաբեկ դատարանի նախագահին եւ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահին ուղարկել էր Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Մ. Գասպարյանը, որն արժանացել էր 10 օրվա վարչական կալանքի. «Ես 55 տարեկան եմ՝ շատ ծանր օրեր տեսած ու ապրած: Բայց այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ ՀՀ նախագահի ընտրության 1-ին փուլից հետո՝ մինչեւ մահ չեմ մոռանա: Ես նույնիսկ ղարաբաղյան շարժման ցույցերին ու երթերին չեմ մասնակցել՝ ինչ մնաց, թե հիմա: Իմ աշխատանքային կենսագրությունն էլ երբեւէ թույլ չէր տա, որ ես զանցառու որակվեմ: Այդ ամենից ու զանցառու բառից այնքան եմ վիրավորված, որ շատ մտածելուց հետո որոշեցի դիմել Ձեզ»: Եվ մանրամասն պատմել է, թե ինչպես են փետրվարի 26-ի առավոտյան ժամը 8-ին իրեն քնից հանել Շենգավիթի ոստիկանները եւ տարել բաժին՝ իբր փետրվարի 23-ի ցույցին մասնակցելու համար, թեեւ Մ. Գասպարյանը դիմումում նշել է, որ այդ օրը նույնիսկ մի րոպեով չի բացակայել տնից՝ հիվանդ է եղել. «Ես էլ իմ բացատրության մեջ նշեցի, որ ցույցի ու երթի չեմ մասնակցել, բայց եղել եմ Դեմիրճյանի վստահված անձ: Մինչեւ բաժին տանելն արդեն ինձ համար պարզ էր, թե ինչի համար են տանում»: Մ. Գասպարյանը կարողացել էր թույլ չտալ, որ իր տեղամասում խախտումներ լինեն: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանն էլ առանց անգամ խոսելու իրավունք տալու՝ նրան 10 օրվա կալանք էր տվել: «Հիմա իմ դարդն ու իմ ցավը այդ մի քանի օր նստելը չէ, այլ այն, որ 9-րդ դասարանում լավ սովորող իմ որդու մեջ օր օրի տպավորություն է ստեղծվում, որ մարդկանց բռնում, դատում են ճիշտ խոսելու կամ ճիշտ աշխատելու համար. չէ՞ որ ես նրա առջեւ փակագծերը չեմ կարող բացել: Երեխան միշտ ասում է՝ «Պապա, դատավորն էլ մարդ է, կարող է՝ ուրիշների պատճառով սխալվել է: Դիմի իրենց ղեկավարներին՝ թող այդ կալանքը հեչ անեն»: Այդ ակնկալիքով էլ դիմում եմ Ձեզ»,- գրել է Մ. Գասպարյանը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել